ժամանակահատվածում հաճախ հանգեցնում են քրոնիկ. Հ-յան կամ գերհոգնածության: Տարբերում են մտավոր և հոգեկան գերհոգնածություն: Երիտասարդ մարդկանց և որոշակի խառնվածքի նյարդային համակարգ ունեցող անձանց համար լարված մտավոր աշխատանքը կարող է հանգեցնել նևրոզների, որոնք ավելի հաճախ առաջանում են մտավոր գերհոգնածության և մշտ. հոգեկան լարվածության, պատասխանատվության մեծ զգացումի, ֆիզ. հյուծման զուգակցմամբ: Հոգեկան գերհոգնածություն դիտվում է «հոգեկան» ապրումներով և տարբեր կարգի պարտականություններով ծանրաբեռնված անձանց մոտ:
Հանգստից հետո աշխատունակությունը բարձրանում է՝ հասնելով ավելի բարձր մակարդակի, քան աշխատանքին նախորդող շրջանում էր: Ակտիվ հանգիստն ավելի արագ է վերականգնում աշխատունակությունը:
Հ. ավելի արագ առաջանում է ծանր հիվանդությունից հետո: Համեմատաբար փոքր և ոչ տևական ծանրաբեռնվածությունից առաջանում են գլխացավ, հևոց, սրտխփոց, քրտնոտություն, թուլություն, աշխատունակության արագ անկում, որը վերականգնվում է շատ դանդաղ: Նման դեպքերում անհրաժեշտ է աշխատանքի խնայող. ռեժիմ և ավելի տևական հանգիստ:
Երեխաների օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունների հետ կապված՝ Հ. առաջանում է ավելի արագ, հաճախ նույնիսկ առանց առանձնապես ակտիվ գործունեության: Օրվա ոչ ճիշտ ռեժիմը, միօրինակ պարապմունքները, ավելորդ զվարճությունները նույնպես արագ հանգեցնում են Հ-յան: Մեծ ծանրաբեռնվածության դեպքում (2 դպրոցի, մի քանի խմբակների պարապմունքները ևն) Հ. շատ արագ վերածվում է գերհոգնածության:
Երեխաների Հ-յան նշանները հաճախ դրսևորվում են վարքագծի խանգարումներով. նրանք դառնում են անհանգիստ, անուշադիր, անկարգապահ, դասի ժամանակ զրուցում են: Իրավիճակի ճիշտ գնահատումը դժվարանում է գանգատների բացակայության դեպքում: Երբեմն (հատկապես հիվանդությունից հետո) երեխաները դառնում են թույլ, անտարբեր, դանդաղկոտ, մտավոր լարվածության դեպքում առաջանում են գլխացավեր: Հաճախ Հ. ոչ միայն կրած հիվանդությունների հետևանք է, այլ կարող է նախորդել դրանց: Արագ Հ-յան բոլոր դեպքերում, որոնք կապված չեն հիվանդությունների կամ լարված մտավոր ու ֆիզ. ծանրաբեռնվածության հետ, անհրաժեշտ է դիմել մանկաբույժի:
Աշխատանքային օրվա ընթացքում աշխատունակության պահպանման գործուն միջոց է աշխատանքի հստակ ռիթմը: Ռիթմիկորեն կատարվող աշխատանքը 20 %-ով ավելի պակաս հոգնեցնող է, քան նույն ծանրության ոչ ռիթմիկ աշխատանքը: Գերհոգնածության դեմ պայքարի կարևոր պայման են աշխատանքի և հանգստի խելամիտ հաջորդափոխումը կամ աշխատանքային օրվա խիստ որոշակի ժամերին կարճատև ընդմիջումները, որոնք կազմակերպվում են՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը: Օրինակ՝ ծանր աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում 10-15 ր տևողությամբ ընդմիջումներ աշխատանքային հերթափոխի 1-ին կեսի յուրաքանչյուր 1,5 ժ մեկ և 10-15 ր տևողությամբ 2 ընդմիջում՝ աշխատանքային հերթափոխի 2-րդ կեսին՝ 1 ժ աշխատելուց հետո: Աշխատանքի ընթացքում կազմակերպված ընդմիջումներն առանձնապես արդյունավետ են արտադրական մարմնամարզության զուգակցմամբ, այսպես կոչված, ակտիվ հանգստի պայմաններում՝ հատկապես նստած աշխատանք կատարելիս:
Հ-յան կանխմանը նպաստում են ավելորդ շարժումների վերացումը, աշխատատեղի խելամիտ կազմակերպումը, ճիշտ աշխատանքային դիրքը, մարզումը: Նպատակահարմար կազմակերպված աշխատատեղը աշխատողին հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել շարժումները, այլև աշխատել կանոնավոր դիրքով, որը բացառում է մկանների ստատիկ լարվածությունը:
Երեխաների գերհոգնածությունը կանխելու համար անհրաժեշտ է կարգավորել նրանց օրվա ռեժիմը, բացառել քնատությունը, փոքրացնել բեռնվածությունը, ճիշտ կազմակերպել պարապմունքների և հանգստի հերթագայումը: Տես Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն:
ՀՈԴԱԲՈՐԲ, արթրիտ, հոդի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների (տուբերկուլոզ, գոնոռեա, բրուցելոզ, դիզենտերիա, անգինա ևն), ինչպես նաև վնասվածքների հետևանքով: Հ-ի շատ տարածված ձևերի (օրինակ՝ ռևմատիզմի ժամանակ) առաջացմանը նպաստում են ալերգիան, իմունիտետի խանգարումները: Հ-ի առաջացման նախապայմաններ են օրգանիզմի ժառանգ. նախատրամադրվածությունը, քրոնիկ. օջախային վարակը՝ նշագեղձերի բորբոքումը, քթի հավելյալ ծոցերի բորբոքումը (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) և օրգանիզմի պաշտպան. ֆունկցիաները թուլացնող այլ գործոններ: Այսպես, օրինակ՝ ռևմատոիդ Հ. բնորոշվում է երկարատև ընթացքով և հաճախ հանգեցնում է հոդի խիստ ձևախախտման:
Հ. դրսևորվում է հոդացավերով, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ, գամվածության զգացումով, նկատվում է ուռածություն, հոդի ձևի և ուրվագծերի փոփոխություն, որը պայմանավորված է հոդային հյուսվածքների բորբոքմամբ, հոդի ոսկրաաճառային մակերևույթների խախտումներով, դրա խոռոչում բորբոքային հեղուկի (էքսուդատ) կուտակմամբ: Հոդին հարող մաշկը շոշափելիս տաք է, երբեմն՝ կարմրած: Հիվանդությունն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, երբեմն՝ ջերմաստիճանի բարձրացմամբ: Հոդերի հիվանդություններն ընթացքով արտաքուստ իրար նման են, ուստի դրանց բազմազանությունն ախտորոշել կարող է միայն բժիշկը:
Ժամանակին և ճիշտ բուժումը (միայն բժշկի նշանակմամբ), դեղանյութերը և ֆիզ. մեթոդները (տես Բուժական ֆիզկուլտուրա, Մերսում) սովորաբար առողջացնում են: Երբեմն, հատկապես անուշադրության մատնված, ինչպես նաև քրոնիկ. ձևերի կանոնավոր բուժման բացակայության դեպքերում կարող են առաջանալ հոդերի ձևախախտումներ՝ շարժումների սահմանափակմամբ: Բուժ. ֆիզկուլտուրան և մերսումը սկսում են անմիջապես՝ սուր երևույթներն անհետանալուց հետո: Սկզբում կատարում են պարզ վարժություններ՝ մկանների լարումներն ու թուլացումները դանդաղորեն իրար հաջորդելով, աստիճանաբար դրանք բարդացնում են: Այդ նպատակով մշակվել է վարժությունների հատուկ համալիր: Հիվանդության քրոնիկ. ձևերի և հոդերի ֆունկցիայի արտահայտված խանգարումների դեպքերում անհրաժեշտ է կանոնավոր մարզում, այլապես ծանրաշարժությունը կարող է խորանալ: Բավականին դժվար է գեր հիվանդների ողնաշարի, ոտքերի, կոնքի ախտահարված հոդերի բուժումը: Հեղուկները և քսուքներն օգտագործում են որպես ցավը հանգստացնող միջոց՝ բժշկի նշանակմամբ: Տնային միջոցները, որոնք հաճախ պարունակում են քիմ. ուժեղ գրգռիչներ, կարող են ակտիվացնել բորբոքային գործնթացը և առաջացնել մաշկի այրվածք: Առողջարանային բուժումը խորհուրդ է տրվում բորբոքային գործընթացի մեղմանալու