Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնելու համար նրա մոտ խիստ անհրաժեշտ դրական Հ. առաջացնելը:

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Չկա ամեն ինչով իրար նման նույնիսկ 2 մարդ: Եվ գլխավորը, ինչով նրանք տարբերվում են իրարից, և ինչը ներհատուկ է հուզ. հակազդեցությունների անկրկնելի տիպին, բնավորությունն է: Կան մարդիկ, որոնք ամեն տեսածին ու հանդիպածին վերաբերում են բարեկամաբար, համբերատար, բարեսրտորեն, մյուսները նույնին պատասխանում են անբարյացակամությամբ: 1-ինների մասին ասում են՝ «ոսկի» բնավորություն ունեն, նրանց հետ հեշտ ու հանգիստ կարելի է աշխատել ու ապրել: 2-րդների մասին գերադասում են ոչինչ չասել, նրանց հետ ծանր է թե՛ տանը, թե՛ աշխատանքում:

Հ. միաժամանակ մեզ նախազգուշացնում և պաշտպանում են վտանգից: Այդպիսիք են տագնապը և վախը: Դրանք առաջանում են խիստ արտակարգ իրավիճակներում, վտանգի, ինչպես նաև անհայտության, անհասկանալի երևույթների հետ բախման սպասելիս և հաճախ հանգեցնում են խուճապային փախուստի: Մանկությունից սկսած՝ դաստիարակության ընթացքում մարդը սովորում է տիրապետել իրեն և վտանգավոր իրադրությունն անցկացնում է ակտիվացած պատրաստության վիճակում՝ երբեմն դրսևորելով ապշեցուցիչ համբերություն և հնարամտություն:

Հույզը մարդու գործունեության արտահայտչական, այսինքն՝ հոգեկան կողմն է: Հետևաբար, այն կապված է գլխուղեղի բարձրագույն բաժնի՝ կեղևի, բավականաչափ նաև՝ ենթակեղևային գոյացությունների հետ, որոնք ղեկավարում են սրտի, շնչառության, նյութափոխանակության, քնի և արթնության կարգավորումը: Այնպիսի ուժեղ Հ-ի ժամանակ, ինչպիսիք են վախն ու զայրույթը, արյան մեջ շաքարի քանակությունն ավելանում է, անոթազարկը՝ հաճախանում, արյան ճնշումը՝ բարձրանում: Փոխվում է նաև մարդու արտաքին տեսքը, զայրույթի ժամանակ դաժան է, իսկ վախի ժամանակ՝ խղճալի:

Կենդանիների Հ. հիմնականում կապված են ֆիզիոլոգ. պահանջների (քաղց, ծարավ, պայքար հակառակորդի դեմ) բավարարման հետ: Մարդու հասունացման ընթացքում և, իհարկե, դաստիարակության ազդեցությամբ ձևավորվում են բարձրագույն Հ.: Դրանք բարոյական (հայրենասիրություն, բարեկամություն, ընտանիքին, աշխատավոր. կոլեկտիվին նվիրվածություն), բանական (իմացության հաճույքը, անգիտության դառնությունը, հանձնարարությունը կատարելիս անհաջողությունը) և գեղագիտ. (ծնվում են արվեստի ստեղծագործությունների, գեղեցիկի ու հիասքանչի հետ շփվելիս, բնությունը դիտելիս) զգացմունքներն են: Դրա հետ մեկտեղ կան զգացմունքներ (խիղճ, ամոթ, մեղքի և զղջման զգացում), որոնք վերաբերում են մեր սեփական ինքնագնահատականին:

Ահա թե ինչու է կարևոր, որպեսզի ընտանիքում, դպրոցում, փողոցում երեխան կարողանա ընդօրինակել լավը, արժանավորը: Բոլոր տեսակի անճաշակությունները, միօրինակությունը, թափթփվածությունը ծնում են ձանձրույթ, պահանջմունքային Հ-ի իշխողություն, որոնցից, որպես կանոն, հեռու չեն ալկոհոլամոլությունը, սանձարձակությունը և անբարոյականության մյուս ձևերը: Գեղագիտ. և բարոյական դաստիարակությունը վարքի մի շարք անցանկալի ձևերի հիմն. կանխարգելման միջոց է:

Առողջ Հ. իրական դրությանը համապատասխան զգացմունքներն են, ինչպես ըստ արտահայտվածության, այնպես էլ ըստ բովանդակության: Սակայն նյարդային և հոգեկան առանձին հիվանդությունների ժամանակ Հ. դառնում են անհամապատասխան: Այդպիսի ախտաբան հուզ. հակազդեցությունների տարածված տեսակ է աննշան առիթից (երբեմն էլ անառիթ) «կրքոտ բռնկումը»: Բավականին հաճախ հանդիպում են նաև անառիթ ընկճվածության վիճակները, մռայլ տրամադրությունը, թախիծն ու տագնապը: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և երբեք չդիմել բուժման տնային եղանակներին:

Ձ

ՁԱԽԼԻԿՈՒԹՅՈՒՆ: Մարդու գլխուղեղի զարգացման ընթացքում տեղի է ունենում աջ և ձախ կիսագնդերի ֆունկցիաների բաժանում: Ձախ կիսագնդին բաժին են ընկնում այնպիսի կարևոր ֆունկցիաներ, ինչպիսիք են խոսքը, ընթերցումը, գրելը, հաշվելը, վերլուծական (տրամաբան., մաթ.) գործունեության բարդ ձևերը, աջ կիսագնդին՝ կոնկրետ-պատկերային գործունեությունը (տեսող. պատկերների, հնչյունների, բարդ երկրաչափ. ձևերի և գունային բնութագրի շնորհիվ արտաքին աշխարհի առարկաների ճանաչողությունը): Ձախ կիսագունդն անվանում են գերակշռող (դոմինանտ):

Վերջույթների շարժումների իրականացմանը մասնակցում են 2 կիսագնդերը. ձախ կիսագնդի «տնօրինության» տակ գտնվում են աջ ձեռքն ու ոտքը, իսկ աջ կիսագնդի «տնօրինության» տակ՝ ձախ ձեռքն ու ոտքը: Մարդկանց մեծամասնության ձախ կիսագնդի դոմինանտության պատճառով գերակշռող ձեռքը աջն է: Դրա համար աջ ձեռքով աշխատելը և ուտելը սովորաբար համարվում են բնականոն: Սակայն առանձին մարդկանց գլխուղեղի զարգացման ընթացքում տրամաբանավերլուծական ֆունկցիաները կենտրոնանում են աջ կիսագնդում, իսկ կոնկրետ պատկերայինը՝ ձախում: Այդպիսի դեպքերում դոմինանտը դառնում է աջ կիսագունդը և, հետևաբար, գերակշռողը՝ ձախ ձեռքը: Զարգացման 2 տարբերակն էլ բնականոն է: Սակայն քանի որ կենցաղում և արտադրությունում բոլոր սարքերն ու գործիքների մեծ մասը հաշվարկված են աջ ձեռքի համար, ուստի ձախլիկ երեխաների վերասովորեցումը մի շարք դեպքերում կարող է նպատակահարմար լինել, սակայն դա պետք է կատարել առանց կշտամբանքի ու կոպտության, որպեսզի երեխան չնյարդայնանա, և հոգեկանը չվնասվի: Ձախլիկների մեծ մասը վերասովորեցնելու ընթացքում օգտվում են աջ ձեռքի գործունեությունից: Միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է բավականին ուժ գործադրել, նրանք օգտվում են ձախ ձեռքից (գաղտնի Ձ.): Օրինակ՝ ձեռքի երկարատև լարում պահանջող աշխատանք կատարելիս ձախլիկ վիրաբույժը, ժամագործը, նկարիչը և այլք օգտվում են հիմնականում ձախ ձեռքից՝ չնայած գրում և ուտում են աջ ձեռքով:

Ձ. կարող է լինել նաև հարկադրական, օրինակ՝ աջ ձեռքի հոդերի, մկանների, նյարդերի հիվանդությունների պատճառով: Այդպիսի դեպքերում նույնպես կատարվում է վերասովորեցում, բայց հակառակ ուղղությամբ, մեծերի մոտ այն դյուրին չէ, ինչպես երեխաներինը, և, որպես կանոն, նրանք կատարելության չեն հասնում ձախ ձեռքին տիրապետելու հարցում:

ՁԱՅՆ, ձայնային ապարատի միջոցով արտաբերվող տարբեր բարձրության, ուժգնության ու ձայներանգի (տեմբրի) հնչյունների