Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտությունների, երկրորդային հիվանդությունների և սահմանային շրջանների:

ՄԻԱՎ վարակի կլինիկ. պատկերը չափազանց բազմազան է: 1-ին կլինիկ. ախտանշանները կարող են առաջանալ վարակվելուց կարճ ժամանակ անց: Ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն, տենդ, մարմնի քաշի անկում, հոդացավեր և մկանացավեր, ըմպանաբորբ, մաշկային ցան, ավշահանգույցների ժամանակավոր մեծացում, երբեմն՝ ուղեղապատյանաբորբի կամ գլխուղեղի բորբոքման ախտանշաններ, որոնք պահպանվում են 2-4 շաբաթ, ապա ինքնուրույն անցնում են և, որպես կանոն, ախտորոշվում հետադարձ կերպով: Այնուհետև, վարակված անձը կարող է 8-12 տարի մնալ արտաքուստ առողջ և ոչ մի գանգատ չունենալ, սակայն նրա արյան մեջ հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի դեմ ուղղված հակամարմիններ, և նա ընդունակ է տարածել վարակը: Անախտանշան շրջանին հաջորդում է ավշահանգույցների կայուն տարածուն մեծացումը (տարածուն լիմֆադենոպաթիայի համախտանիշ): Շոշափելիս ավշահանգույցները չափավոր պինդ են, անցավ, ձուլված չեն շրջակա հյուսվածքների հետ: Վարակված անձանց աշխատունակությունը և լավ ինքնազգացումը լիովին պահպանվում են: Ավելի ուշ ի հայտ են գալիս վարակ. և ուռուցքային բարդությունների ախտանշաններ, որոնք և ազդարարում են ՁԻԱՀ-ի խորացումը: Նախ առաջանում են մաշկի թարախակույտային, այնուհետև՝ մաշկի, լորձաթաղանթների և ներքին օրգանների վիրուսային, սնկիկային, բակտերիային և այլ բնույթի ախտահարումներ, ապա Կապոշիի սարկոմա կոչված ուռուցքային հիվանդություն, ավշային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ: Վարակ. և ուռուցքային բարդությունները հարաճուն բնույթ ունեն և 1-2 տարվա ընթացքում հանգեցնում են մահվան: ՁԻԱՀ-ով հիվանդների որոշ տոկոսի մոտ գերազանցում են կենտր. նյարդային համակարգի ախտահարումները, թուլամտության առաջացումը, երկարատև տենդը, լուծը, մարմնի քաշի անկումը և այլ համախտանիշներ:

ՄԻԱՎ վարակն ախտորոշվում է վարակված օրգանիզմում վիրուսի առկայության ախտանշանների, ինչպես նաև տարբեր լաբորատոր մեթոդներով՝ արյան մեջ, այլ կենսական հեղուկներում ու օրգաններում վիրուսի, վիրուսային հակածինների, վիրուսային նուկլեինաթթուների կամ հակավիրուսային (ավելի հաճախ՝ շիճուկային) հակամարմինների հայտնաբերմամբ:

Բուժումը. օգտագործվում են 2 խմբի հակառետրովիրուսային (վիրուսային ֆերմենտներն ընկճող և վիրուսի վերարտադրությունն արգելակող) դեղանյութեր, ինչպես նաև նորագոյացությունների բուժման բազմազան եղանակներ:

Արդյունավետ հակա-ՄԻԱՎ պատվաստման միջոցներն առայժմ բացակայում են:

Կանխարգելումն իրագործվում է առողջապահության համակարգի մակարդակով (փոխներարկման ենթակա արյան, սերմնահեղուկի և փոխպատվաստման ենթակա օրգանների պարտադիր ստուգում, բժշկ. գործիքների պատշաճ մանրէազերծում և ախտահանում, զանգվածային տեղեկատվական-ուսուցող. աշխատանքի անցկացում) և անհատ. միջոցառումներով (պատահական սեռ. կապերի բացառում, սեռ. հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործում, անձն. հիգիենայի կանոնների պահպանում):

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքները համակարգում է առողջապ. նախ-յան ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման հանրապետ. կենտրոնը (հիմն. 1989-ի նոյեմբ.): ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կենտրոնն իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակաբան. հսկողությունը, կանխարգելիչ միջոցառումների պլանավորումն ու իրագործումը, ինչպես նաև նշված բնագավառի կադրերի պատրաստումը, ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու բուժումը:

1997-ի փետր. 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը:

1998-ից ՁԻԱՀ-ի դեմ պայքարում փորձն. կարգով կիրառվում է «Արմենիկում» հակավիրուսային և հակաբակտերիային դեղանյութը, որն աննախադեպ արդյունքներ է տվել ավելի քան 2 տարվա կլինիկ. փորձարկումների ընթացքում:

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ, ակտիվ հանգստի և ֆիզ. կոփման ձև, որը զուգակցվում է բնական պայմաններում մարզ. նպատակով ձուկ որսալու հետ: Ձ. մ. պետք է տարբերել արդյունագործ. ձկնորսությունից, որի դեպքում ձկան որսը մարդու արտադր. գործունեություն է և նպատակ ունի բնակչությանն ապահովել այդ արժեքավոր սննդամթերքով: Արդյունագործ. ձկնորսությունը լինում է ծովային և լճա-գետային:

Ձկնորսությունը մարզիկ-ձկնորսների համար ինքնանպատակ չէ, այն նրանց հնարավորություն է տալիս շփվել բնության հետ, կոփել օրգանիզմը և հանգիստն ակտիվ անցկացնել: Ձ.մ. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բոլոր տեսակի կարթերը, սպինինգները ևն, իսկ ցանցերի, տարբեր տեսակի ուռկանների ևնի օգտագործումը սիրողական նպատակով խիստ սահմանափակվում է կամ արգելվում:

Ձկնորսությունը շատ օգտակար մարզաձև է: Այն ուղեկցվում է առավելապես դրական հույզերով, հնարավորություն է տալիս լիովին անջատվել տնային և աշխատանքային առօրյա գործերից: Մաքուր օդում գտնվելը, չափավոր ֆիզ. բեռնվածությունը, հոգեկան հանգստությունը նպաստում են նյարդային, սիրտանոթային և շնչառ. համակարգերի ֆունկցիաների կանոնավորմանը: Բայց կան նաև վտանգավոր պահեր: Ձմռանը պետք է զգույշ լինել ջրամբարների սառցածածկի վրա ձուկ որսալիս: Նույնիսկ խիստ ցուրտ ձմռան ամիսներին սառցի վրա կարող են առաջանալ հալված և ձնածածկ վտանգավոր հատվածներ:

Ձմռանը, եթե ձկնորսի հագուստը շատ տաք չի, և նա ժամերով գտնվում է անշարժ վիճակում, ապա կարող է ցրտահարվել, որի հետևանքով առաջանում են քրոնիկ. հիվանդությունների (1-ին հերթին շնչառության օրգանների), նյարդարմատաբորրի սրացում, երբեմն՝ ցրտահարություն:

Ձկնորսը պետք է ունենա դիտողականություն, դիմացկունություն, կարողանա լավ լողալ, թիավարել ևն: Ամռանը նրա հագուստը պետք է լինի թեթև, օդանցիկ, պաշտպանի արևից և անձրևից, չխոչընդոտի շնչառությանը: Գլուխը և դեմքը գլխարկը պետք է պաշտպանի արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից և չդժվարացնի ջերմատվությունը: Ձկնորսության գնալուց առաջ օգտակար է ուտել տաք կերակուր և թեյ խմել: Ձկնորսը պետք է իմանա ջրահեղձության, ցրտահարության դեպքերում օգնություն ցույց տալու ձևերը:

ՁՄՌՈՒԿ, մաշկի ոչ մանրէային բորբոքում, որն առաջանում է տևական սառեցումից: Հիմնականում առաջանում է մշտ., թեպետ ոչ ուժեղ սառեցումից՝ ցուրտ եղանակին դրսում կամ խոնավ շինություններում աշխատելիս, նեղ և ոչ տաք կոշիկ հագնելիս ևն: Ձեռքերի, ոտքերի, ականջախեցիների, հազվադեպ՝ քթի և այտերի մաշկի վրա գոյանում են կարմրակապտավուն կամ