Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուգ կարմիր բծեր, մաշկը ուռչում է, լարվում, շոշափելիս՝ սառն է: Անհանգստացնում են քորը, այրոցը՝ հատկապես արագ տաքանալիս: Հիվանդությունը պայմանավորված է մաշկի մանր արյունատար անոթների ֆունկցիոնալ անբավարարությամբ, ցրտի նկատմամբ բարձր զգայնությամբ: Առավել հաճախ Ձ-ի առաջացմանը նպաստում են ոչ լիարժեք սնվելը, նյարդային և ներզատիչ խանգարումները, վիտամինային անբավարարությունը:

Բուժում է բժիշկը: Կանխարգելման համար անհրաժեշտ է խոնավ և ցուրտ եղանակին տաք հագնվել: Գերսառեցում առաջացնող պայմաններում աշխատող անձանց մաշկի անոթների լարվածությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում հակադր. ջերմաստիճանի տեղային լոգանքներ՝ սառեցմանը ենթակա մարմնամասն ընկղմել (5-7 ր) սառը, ապա տաք կալիումի գերմանգանատի թույլ վարդագույն լուծույթի մեջ, որից հետո օգտակար է թեթևակի մերսումը՝ քափուրի յուղով կամ օղիով: Ամռանը խորհուրդ է տրվում օրգանիզմի կոփում, լողանալ, օդային և արևային լոգանքներ: Օգտակար են ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները, սննդում բանջարեղեն, միրգ, լյարդ, C և A վիտամիններ պարունակող սննդամթերք ընդգրկելը:

ՁՎԱԶԱՏՈՒՄ, տես Դաշտանային ցիկլ հոդվածում:

ՁՎԱՐԱՆՆԵՐ, իգական սեռ. զույգ գեղձեր: Տափակ, նշաձև գոյացություններ են. գտնվում են փոքր կոնքում՝ արգանդի 2 կողքերին: Ձվարանն ունի վերին և ստորին բևեռներ, միջային ու դրսային երեսներ և առաջային ու հետին եզրեր: Վերին բևեռը կոչվում է նաև փողային ծայր, որին կպչում է արգանդային փողի ձվարանային ծոպը, իսկ ստորին բևեռը՝ արգանդային ծայր, որին կպչում է ձվարանի սեփական կապանը: Ձվարանի դրսային երեսը հպվում է կոնքի հետին կողմնային պատի ձվարանային փոսին: Եզրերից հետինն ազատ է, իսկ առաջային եզրը, որը կոչվում է նաև միջընդերային եզր, կպչում է արգանդի լայն կապանի հետին թերթիկին: Հպման եզրը կոչվում է ձվարանի դրունք, որի միջով Ձ. են մտնում անոթներ ու նյարդեր: Ձվարանը ծածկված չէ որովայնամզով: Ձվարանի մակերևույթը ծածկված է սաղմնային ծլական էպիթելով, որի տակ գտնվում է սպիտակավուն պատյանը:

Ձ. կազմված են կեղևային և միջուկային նյութերից: Միջուկային շարակցահյուսվածքային նյութն իր մեջ պարունակում է արյան անոթներ և նյարդեր: Կեղևային նյութը կազմում է ձվարանի հիմն. գեղձային մասը, որտեղ կան մեծ քանակությամբ նախն. (պրիմորդիալ) ձվարանային բշտեր կամ պատճուկներ (կոչվում են նաև գրաֆյան բշտեր) և պարունակում են իգական սեռ. բջիջներ (ձվաբջիջներ): Դրանցից կյանքի ընթացքում հասունանում և ձևավորվում են մոտ 300—400-ը, մնացածները (որոնց թիվը հասնում է մի քանի հազարի) ապաճում են:

Հասունացած ձվաբջիջը կենդ. օրգանիզմի ամենամեծ բջիջն է (տրամագիծը կարող է հասնել մինչև 6 մմ, և երևում է անզեն աչքով): Սեռ. հասունացման շրջանից սկսվում է նախն. ֆոլիկուլների հասունացումը: Յուրաքանչյուր գրաֆյան բուշտ բաղկացած է արտաքին շարակցական պատյանից, ներսից նրան հատող հատիկավոր շերտից, ձվիկակիր թմբիկից (որը ձվաբջիջը շրջապատող հատիկավոր բջիջների կույտ է) և բշտիկի մեջ լցված հեղուկից: Հասունացած բուշտը պատռվելու և ձվաբջջի դուրս գալու գործընթացը կոչվում է ձվազատում, որը սեռահասուն կնոջ մոտ պարբերաբար տեղի է ունենում 28-30 օրը մեկ: Ձվազատված բջիջն արգանդափողերի ծոպերի օժանդակությամբ ընկնում է փողի մեջ և 7-10 օրվա ընթացքում հասնում արգանդ: Ձվաբջջի հասունացման ընթացքում արտադրվում են իգածին (էստրոգեն՝ էստրոլ, էստրադիոլ, էստրիոն, պրոգեստերոն) և քիչ քանակությամբ այրածին (անդրոգեն) հորմոններ, որոնք ապահովում են սեռ. օրգանների բնական ֆունկցիան և 2-րդային սեռ. հատկանիշները (ձայնը, կաթնագեղձերի զարգացումը, կանացի տիպի մազակալումը ևն):

Իգածին հորմոնների ազդեցությամբ արգանդի լորձաթաղանթը հարստանում է արյան անոթներով և պատրաստվում ձվաբջջի ընդունմանը: Գրաֆյան բուշտը պատռվելուց հետո նրա պատերը թուլանում են, և խոռոչը լցվում է արյունով, այնուհետև այստեղ գոյանում է դեղին մարմին: Վերջինս գործում է որպես ժամանակավոր ներզատիչ գեղձ: Եթե ձվաբջիջը ճանապարհին բեղմնավորվում է և ամրանում արգանդի պատին՝ սկսվում է հղիություն, ապա դեղին մարմինը պահպանվում է մինչև հղիության 2-րդ կեսը և կոչվում հղիության կամ իսկական դեղին մարմին: Հղիության դեղին մարմինը կանխում է գրաֆյան բշտերի հետագա հասունացումը և ձվազատումը: Դրա շնորհիվ հղիության ժամանակ դաշտան (տես Դաշտանային ցիկլ) չի լինում: Այն դեպքերում, երբ ձվաբջիջը չի բեղմնավորվում և չի ամրանում արգանդի պատին, դեղին մարմինը շուտով հետաճում է, որի հետ կապված՝ արգանդի լորձաթաղանթն արյունահոսում է (դաշտան), և արյան հետ հեռանում են չբեղմնավորված ձվաբջիջները: Այդպիսի դեղին մարմինը կոչվում է կեղծ կամ դաշտանային դեղին մարմին, որը շուտով սպիանում և անհետանում է: Բշտիկները պարբերաբար պատռվելիս ձվարանի մակերևույթը կնճռոտվում է: Պատռված բշտիկների դեպքում ձվարանի մակերևույթի վերականգնմանը նպաստում է ծլական էպիթելը: Ձ-ի գործունեությունը պայմանավորված է կնոջ տարիքով և օրգանիզմի ամբողջ. ֆունկցիոնալ վիճակով:

ՁՈՒ թռչնի, արժեքավոր և դյուրամարս սննդամթերք: Պարունակում է շատ սննդանյութեր՝ յուրացման համար առավել բարենպաստ հարաբերակցությամբ. 100 գ-ում կա 12,7 գ սպիտակուց, 11,5 գ ճարպ: Բացի այդ, Ձ-ի բաղադրության մեջ կան տարբեր վիտամիններ, ֆոսֆորի, կալցիումի, յոդի, պղնձի, կոբալտի բավարար քանակ ևն: Ձ., հատկապես թերխաշ, գրեթե ամբողջովին (97 %-ով) յուրացվում է: Ձ-ի քիմ. կազմը պայմանավորված է թռչնի տեսակով և ցեղով, կերի բնույթով, տարվա եղանակով: Օրինակ՝ A վիտամինի պարունակությունն ամռանը Ձ-ի դեղնուցում ավելի բարձր է, քան ձմռանը: Սպիտակուցի և դեղնուցի քիմ. կազմը բավականին տարբեր է. դեղնուցն ավելի հարուստ է սննդանյութերով, այդ թվում՝ վիտամիններով և հանքային աղերով, պարունակում է ավելի շատ սպիտակուց և ճարպի հիմն. քանակը: Համային լավ հատկանիշներ և սննդային արժեք ունեն դիետիկ Ձ-երը (պահվում են 5 օրից ոչ ավելի):

Ձ. զգալիորեն բարձրացնում է տարբեր կերակրատեսակների (հատկապես ձավարեղենով և բանջարեղենով) կենսբ. արժեքը: Այն լայնորեն կիրառվում է բուժ. և բուժկանխարգելիչ սննդի մեջ: Ձ-ում պարունակվող հակակարծրախտային ակտիվ նյութերը, մասնավորապես լեցիտինը, խոչընդոտում են խոլեստերինի ավելցուկային քանակի կուտակմանը, նպաստում վերջինիս ճեղքմանն ու օրգանիզմից հեռացմանը: Միջին տարիքի, տարեց և ծեր մարդկանց սննդի օրաբաժնում խորհուրդ է տրվում ընդգրկել 1 Ձ-ից ոչ ավելի:

Ջրլող թռչունների (բադ, սագ ևն) Ձ. թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո, քանի որ հաճախ այն վարակված է լինում պարատիֆային բակտերիաներով և առանց ջերմային մշակման օգտագործելիս կարող է առաջացնել