Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սննդային թունավորումներ (տես Սննդային թունավարակում):

ՁՈՒԿ, ՁԿՆԱՄԹԵՐՔ, սննդային արժեքով չեն զիջում մսեղենին և առավել դյուրամարս են: Թարմ ձկան ուտելի մասը պարունակում է 15-22 % սպիտակուց, 0,2-30,8 % ճարպ, աննշան քանակությամբ ածխաջրեր: Ձկների սպիտակուցները լիարժեք են և պարունակում են մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները՝ օպտիմալ հարաբերակցությամբ: Ձկան ճարպը հեշտ է հալվում, և տարբեր տեսակների հալման ջերմաստիճանը տարբեր է: Սննդում օգտագործվող ձկների 80 %-ը ծովաձկներ են, 20 %-ը՝ քաղցրահամ ջրերի ձկներ: Ոչ յուղոտ (մինչև 2 % ճարպ) ձկներից են՝ ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը ևն: Միջին (2-5 % ճարպ) յուղայնություն ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն ևն: Յուղոտ (5-20 % ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան ևն, շատ յուղոտ (20 %-ից ավելի ճարպ)՝ խոշոր սայրան, օձաձուկը, խամսան, քարալեզը ևն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ):

Ձուկը շուտ փչացող է, երկար պահելու համար ոչ պիտանի: Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով՝ ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում:

Համային հատկանիշների տարբերության և երկարատև պահպանման համար ձուկն օգտագործում են մշակված՝ աղ դրած, ապխտած, ծխահարած ևն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը:

Աղ դրած և մարինացված, ինչպես նաև տաք ու սառը ծխահարած ձկների օգտագործումը սննդում սահմանափակվում է մի շարք հիվանդությունների դեպքում: Հում սառեցրած, անբավարար աղ դրած և ջերմային մշակման ենթարկված ձկների օգտագործումից կարող են հիվանդանալ ճիճվային հիվանդություններով (դիֆիլոբոթրիոզներ, օպիսթորխոզ): Տաք ծխահարած ձկներից կարող է առաջանալ ծանր սննդային թունավորոսք բոտուլիզմ:

Թարմ և սառեցրած ձուկը սառնարանում կարելի է պահել 2 օր, սառցախցիկում՝ մինչև 15 օր, սովոր. պայմաններում՝ 1 օրից ոչ ավելի: Տաք ծխահարած ձուկը տնային սառնարանում պահվում է 3 օրից ոչ ավելի, իսկ տաք եղանակին այն պետք է օգտագործել հենց գնելու օրը: Ձկան փչանալու նշաններն են՝ մարմինը պատող լորձի պղտորվելը, խռիկների տհաճ հոտը և աչքերը փոս ընկնելը:

Ճ

ՃԱԿԱՏԱՏԻՆ ԾՈՑԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր հոդվածում:

ՃԱՂԱՏՈՒԹՅՈՒՆ, հերատություն, գլխի, նրա որոշ մասերի մազերի խիստ նոսրացումը կամ թափվելը: Տարեց և ծեր մարդկանց մազերի նոսրացումը կապված է մաշկի տարիքային փոփոխությունների հետ ու նույնքան բնական է, ինչպես և մազերի սպիտակումը, օրգանիզմի ընդհանուր ծերացումը:

Վաղաժամ Ճ. նկատվում է ցանկացած տարիքում և հաճախ կապված է առողջության խանգարումների հետ: Կարող են թափվել հոնքերի, թարթիչների, մորուքի, անութների (թևատակերի) և այլ մասերի մազերը: Առավել հաճախ Ճ. զուգակցվում է ճարպահոսության հետ, որի դեպքում նույնպես խանգարվում են մաշկի փոխանակային գործընթացները և մազարմատների կոճղեզների սնուցումը: Հաճախ մազաթափությունը (հատկապես երեխաների գլխի) դիտվում է ծանր ընթացող վարակիչ հիվանդություններից (գրիպ, դիզենտերիա ևն) հետո, օրգանիզմում վիտամինների (A, C, B,, B6) անբավարարության, ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, վահանագեղձի, սեռ. գեղձերի, նյարդային համակարգի քրոնիկ. հիվանդությունների դեպքերում: Ճ. կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ սիֆիլիսի բնորոշ ախտանշան լինել (ախտանշանային Ճ.), որի դեպքում մազերը ոչ միայն ընդհանուր նոսրանում են, այլև տեղ-տեղ թափվում: Առողջանալուց հետո, որպես կանոն, մազերի խտությունը վերականգնվում է: Հաճախ ուժեղ մազաթափություն է նկատվում գերհոգնածության, անքնության ժամանակ, ուսանողների մոտ՝ քննական շրջանում, իսկ կանանց մոտ՝ որոշ սանրվածքների դեպքում՝ մազերի ուժեղ ձգման տեղերում:

Տղամարդկանց մազերը հաճախ վաղաժամ են նոսրանում, Ճ. առաջանում է ճակատի, քունքերի վրա, իսկ մի քանի տարի հետո մազերը լրիվ թափվում են կամ մնում են միայն գլխի մազածածկ մասի եզրերին: Ճ-յան նշված ձևը սերտորեն կապված է մաշկի կազմության ժառանգ. առանձնահատկությունների (հաստություն, արյունամատակարարում) հետ: Տարբերում են կլորավուն (բնային մազաթափություն) Ճ., որը կապված է նյարդաներզատիչ խանգարումների, օրգանիզմի թունավորման (տես Ատամների ոսկրափուտ, Նշագեղձերի բորբոքում, Քիթ, քթի հավելյալ ծոցեր) և քրոնիկ. վարակի այլ օջախների, ինչպես նաև մաշկի վնասման հետ: Ճ-յան 1-ին նշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, փոքր մասով, որը կարող է մեծանալ, ապա առաջանում են նոր կլորավուն հատվածներ, որոնք կարծես միաձուլվում են մինչև մազերի լրիվ թափվելը: Այդպիսի Ճ. ունի քրոնիկ. ընթացք, դժվար է բուժվում, իսկ բուժվելուց հետո մազաթափությունը կարող է կրկնվել: Հազվադեպ լինում են նաև բնածին Ճ.՝ կապված մազարմատների կոճղեզների թերզարգացման հետ, դեղորայքային Ճ., որը որոշ դեղանյութերի երկարատև ընդունման հետևանքով առաջացած բարդություն է, և մազերի ոչ ճիշտ խնամքի հետ կապված Ճ.: Յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է՝ առաջացման պատճառից կախված: Ուժեղ մազաթափության 1-ին նշանների դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե պատճառը վերացվում է (բուժվում է հիմն. հիվանդությունը), ապա մազերը (և նախկին խտությունը) վերականգնվում են: Մազերի բնականոն աճին նպաստում է բարձրկալորիական, վիտամիններով (A, C, B խմբի) հարուստ սնունդը, որին նպատակահարմար է ավելացնել ժելատին (ժելեներ, դոնդողածածկ կերակրատեսակներ): Անհրաժեշտ է հետևել առողջությանը, կանոնավոր զբոսնել մաքուր օդում, մարզվել:

ՃԱՆՃԵՐ, երկթևանիների կարգի միջատներ: Լայնորեն տարածված են բնության մեջ: Շատ տեսակներ ապրում են բնակարաններում: Որոշ Ճ. սնվում են բուս. սննդով, մի մասը՝ քայքայվող օրգ. նյութերով (սննդի մնացորդներ, լեշեր մարդու և կենդանիների արտաթորանք ևն), արյունածուծ Ճ.՝ մարդու և կենդանիների