պրոտոնային, էլեկտրոնային, նեյտրոնային Ճ., ինչպես նաև ապլիկացիոն բուժումը: Բետա- կամ գամմա-ճառագայթող ռադիոակտիվ պատրաստուկներ պարունակող ապլիկատորները տեղադրվում են մարմնի ճառագայթահարվող հատվածի արտաքին մակերևույթի վրա: Ապլիկացիոն Ճ. հիմնականում օգտագործվում է մաշկի և լորձաթաղանթների հիվանդությունների բուժման համար:
Ներքին Ճ-ման դեպքում ճառագայթման աղբյուրը մտցվում է հիվանդի օրգանիզմի մեջ: Օրինակ՝ ռադիոակտիվ դեղանյութերի ներմուծումը (վիրահատ. եղանակով կամ ներքին ընդունման ուղիով) ուռուցքի մեջ: Ռադիոակտիվ իզոտոպն ընտրողաբար կուտակվում է ախտահարված օրգանում: Այդպես է կատարվում վահանագեղձի ուռուցքների Ճ-յան ժամանակ: Այս խմբին են պատկանում Ճ-յան բոլոր ներխոռոչային մեթոդները, որոնց դեպքում իոնացնող ճառագայթման աղբյուրը տեղադրվում է որևէ խոռոչային օրգանում (արգանդ, միզապարկ, ուղիղ աղիք ևն):
Ճ-յան արդի մեթոդների բազմազանությունը, ինչպես նաև համապատասխան տեխ. սարքերի առկայությունը հնարավորություն են տալիս ապահովել անհատ. մոտեցում յուրաքանչյուր հիվանդի բուժման ժամանակ՝ հաշվի առնելով ուռուցքի կենսբ. առանձնահատկությունները և օրգանիզմի ռեակտիվությունը (հակազդելու ունակություն): Սակայն ուռուցքի լրիվ քայքայման համար երբեմն օգտագործում են ճառագայթահարման մեծ չափաքանակներ, որի հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի տեղային և ընդհանուր հակազդեցություններ: Տեղային հակազդեցությունն արտահայտվում է ճառագայթահարված հատվածի մաշկի վրա կարմրության (ճառագայթային էրիթեմա), այտուցի, քորի առաջացմամբ: Մի քանի օր անց այդ երևույթներն անհետանում են: Ընդհանուր ճառագայթային հակազդեցությունն արտահայտվում է թուլությամբ, գլխապտույտով, գլխացավով, քնկոտությամբ, սրտխառնոցով, փսխումով: Կանոնավոր ռեժիմի դեպքում նշված երևույթներն աստիճանաբար վերանում են: Հայտնի է, որ ճառագայթահարված բնականոն հյուսվածքների կենսունակության վերականգնման և օրգանիզմի ընդհանուր ճառագայթային փոխազդեցության ախտանշանների նվազման համար կարևոր նշանակություն ունի թթվածինը: Ուստի Ճ-յան ընթացքում հիվանդները պետք է առնվազն 2-3 ժ գտնվեն մաքուր օդում, իսկ հիվանդասենյակները՝ պարտադիր օդափոխվեն: Անկողնային հիվանդներին տրվում է թթվածին: Սնունդը պետք է լինի լիարժեք, վիտամիններով հարուստ: Բերանի խոռոչի և ստամոքսաղիքային համակարգի ուռուցքների Ճ-յան դեպքում բացառվում են համեմունքները, կծու կերակրատեսակները, ալկոհոլը: Օգտակար է հեղուկների առատ ընդունումը (ուռուցքային բջիջների քայքայման նյութերի հեռացման համար):
Ճ. կիրառվում է նաև ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունների բուժման համար, երբ բուժման մյուս եղանակներն անարդյունավետ են: Այդ դեպքում օգտագործվում են իոնացնող ճառագայթների 10-20 անգամ փոքր չափաքանակներ:
ՃԱՌԱԳԱՅԹԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՌՒՆ, տես Ռադիոկենսաբանություն:
ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ բժշկության մեջ, կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով ճառագայթային էներգիայի ազդեցությունը օրգանիզմի վրա: Ճ. հաճախ կիրառվում է ֆիզիոթերապիայում, օրինակ՝ արևային Ճ.՝ օրգանիզմի կոփման, անդրամանուշակագույն ճառագայթներով Ճ.՝ ռախիտի կանխարգելման և բուժման, ենթակարմիր ճառագայթներով Ճ.՝ ջերմային ազդեցության համար ևն: Ճ. առանձնահատուկ նշանակություն ունի ճառագայթաբուժության և ռենտգենաբանական հետազոտությունների ժամանակ:
Յուրաքանչյուր Ճ. անհետևանք չէ օրգանիզմի համար և բուժիչ նպատակով պետք է կիրառվի միայն բուժաշխատողների հսկողությամբ: Ֆիզիոթերապևտիկ. բուժարարողությունների ժամանակ Ճ. կիրառելիս խստորեն չափավորվում է՝ ըստ հիվանդի զգացողության կամ չափիչ սարքերի ցուցմունքների: Ռենտգենաբան. հետազոտությունների հետ կապված Ճ. աննշան է և անվտանգության տեխնիկայի կանոնները պահպանելիս չի կարող առաջացնել անցանկալի հետևանքներ: Ճառագայթաբուժության մեջ Ճ. իրականացվում է՝ խստորեն որոշելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար անհրաժեշտ չափաքանակը:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանց հսկողության կատարվող Ճ-մանը, օրինակ՝ արևի լոգանքների դեպքում (տես Օդային և արևային լոգանքներ, Արևայրուկ): Դրանք պետք է ընդունել մեծ զգուշությամբ՝ անպայման հետևելով մասնագետների խորհուրդներին, այլապես կարող են առաջանալ ծանր այրվածքներ և արևահարություն (տես Ջերմահարություն):
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման (թույլատրելի չափաքանակը գերազանցող) ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն: Կարող է առաջանալ ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի արտաքին ընդհանուր ճառագայթահարման, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (շնչուղիներով կամ ախտահարված ջրի ու սննդի միջոցով) ռադիոակտիվ նյութերի ազդեցության հետևանքով: Վերջիններս, ընկնելով օրգանիզմ, կարող են կուտակվել հյուսվածքներում ու օրգաններում և ստեղծել մշտ. ճառագայթահարման օջախներ:
Սուր Ճ.հ. առաջանում է իոնացնող ճառագայթների մեծ չափաքանակների միանվագ կամ մի շարք հաջորդական ազդեցությունների, իսկ քրոնիկը՝ փոքր չափաքանակների տևական (ամիսներ և տարիներ) ազդեցության հետևանքով: Հիվանդության սուր ձևը կարող է նկատվել ռազմ. իրավիճակներում՝ հակառակորդի կողմից ատոմային (միջուկային) զենք կիրառելիս, իսկ խաղաղ պայմաններում՝ իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող ձեռնարկություններում կամ ԳՀ հիմնարկներում տեղի ունեցող վթարների ժամանակ: Քրոնիկ. Ճ.հ. կարող է առաջանալ ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս՝ աշխատանքի պահպանության ու տեխնիկայի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով:
Ճ.հ-յան ձևերը և կլինիկ. դրսևորումները պայմանավորված են ճառագայթահարման բնույթով (ընդհանուր, տեղային, արտաքին և ներքին) և չափաքանակներով: Բոլոր ձևերի համար ընդհանուր են օրգանիզմի օրգանների ու համակարգերի ֆունկցիաների խանգարումները: Ախտահարվում են կենտր. նյարդային, արյունաստեղծման ու արյան շրջանառության, ստամոքսաղիքային համակարգերը, նկատվում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, որը դրսևորվում է թուլությամբ, գլխացավերով, քնի խանգարումով, սրտխառնոցով ևն:
Սուր Ճ.ի. ընթանում է 4 փուլով՝ առաջնային հակազդեցության, գաղտնի, բուռն և վերականգնման: Ճառագայթահարումից անմիջապես հետո առաջնային հակազդեցության փուլում նկատվում են գրգռված կամ անտարբեր վիճակ, թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, ծանր դեպքերում՝ փսխում, լուծ, ախորժակի կորուստ, քնի խանգարում: Ավելի ծանր դեպքերում հնարավոր է գիտակցության ժամանակավոր կորուստ: Անոթազարկը և զարկերակային ճնշումը դառնում են անկայուն: Արյան մեջ ի հայտ են գալիս արյան սպիտակ մարմնիկների փոփոխված