Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժգնության վրա ևն: Օրգանիզմում սինթեզվելու անհրաժեշտ պայման են լիարժեք սնունդը և սպիտակուցի բավարար ընդունումը (սննդի հետ): Ֆոսֆատիդներով հարուստ են ձվի դեղնուցը, լյարդը, ուղեղը և չզտված ձեթերը:

Ստերինները նույնպես օժտված են մեծ կենսբ. ակտիվությամբ և մասնակցում են Ճ-ի ու խոլեստերինի փոխանակության կանոնավորման գործընթացներին: Պարունակվում են խոզի և տավարի լյարդում, ձվում ևն:

Սննդի մեջ Ճ. հիմն. սննդանյութերից են, որոնք էներգիայով ապահովում են օրգանիզմի կենսագործունեության գործընթացները և կարևոր նշանակություն ունեն հյուսվածքային կառուցվածքների առաջացման համար: Ճ. ունեն բարձր կալորիականություն և ավելի քան 2 անգամ գերազանցում են սպիտակուցների ու ածխաջրերի ջերմագոյացման ունակությունը: Օրգանիզմի Ճ-ի պահանջը որոշվում է մարդու տարիքով, կազմվածքով, աշխատանքային գործունեության բնույթով, առողջ. վիճակով, կլիմայական պայմաններով ևն: Միջին տարիքի մարդու համար սննդի հետ Ճ-ի ծախսման ֆիզիոլոգ. նորման կազմում է օրական 100 գ և կախված է ֆիզ. բեռնվածության լարվածությունից: Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել Ճ-ի օգտագործումը: Լավագույն է համարվում, երբ օրական ծախսվող Ճ-ի 70 %-ը կազմում են կենդ., իսկ 30 %-ը՝ բուս. Ճ.:

Կենդ. ծագման Ճ-ից բարձր սննդային արժեք ունի կարագը, որը պարունակում է վիտամիններ (A, D2, E) և ֆոսֆատիդներ: Բարձր յուրացվելիության (մինչև 95 %) և համային լավ հատկանիշների շնորհիվ կարագն օգտագործում են բոլոր տարիքի մարդիկ: Կենդանական են նաև խոզի, տավարի, ոչխարի, սագի Ճ-երը, որոնք պարունակում են համեմատաբար քիչ խոլեստերին և բավականին շատ ֆոսֆատիդներ: Դրանց յուրացվելիությունը տարբեր է և կախված է հալման ջերմաստիճանից: Դժվարահալ Ճ. (խոզի, տավարի, ոչխարի), որոնց հալման ջերմաստիճանը 37° C-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան կարագը, բադի և սագի Ճ. ու ձեթերը (հալման ջերմաստիճանը 37° C-ից ցածր է): Բուս. ծագման Ճ. հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, վիտամին E-ով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում: Դրանց կենսբ. արժեքը որոշվում է մաքրման (զտման) բնույթով և աստիճանով, որը կատարվում է վնասակար խառնուրդների հեռացման համար: Սակայն զտման հետևանքով կորչում են նաև ստերինները, ֆոսֆատիդները և կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր: Համակցված (բուս. և կենդ.) Ճ-ից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին: Դրանք պարունակում են վիտամիններ (A, D), ֆոսֆատիդներ և այլ ակտիվ միացություններ, որոնք անհրաժեշտ են բնականոն կենսագործունեության համար:

Սննդային Ճ-ի պահպանման ընթացքում առաջացող փոփոխությունները նվազեցնում են սննդային և համային արժեքները: Ուստի երկար պահելիս դրանք պետք է պաշտպանել լույսի, օդի թթվածնի, ջերմության և այլ գործոնների ազդեցությունից:

Ճարպային փոխանակությունը և խանգարումները: Ճ-ի փոխանակությունն սկսվում է ստամոքսաղիքային համակարգում՝ լիպազ ֆերմենտի ազդեցությամբ դրանց ճեղքումից: Բայց մինչ այդ Ճ. ենթարկվում են էմուլսացման (ճարպային մասնիկների մանրացման), որում կարևոր նշանակություն ունեն լեղաթթուներն ու դրանց աղերը (տես Լեղի):

Բարակ աղիքների էպիթելում ընթանում են Ճ-ի սինթեզի անընդհատ գործընթացներ (աղիքների ներծծված ճարպաթթուներից և գլիցերինից): Հաստ աղիքի բորբոքման, դիզենտերիայի ու բարակ աղիքների որոշ հիվանդությունների ժամանակ Ճ-ի և ճարպալույծ վիտամինների ներծծումը խանգարվում է: ճարպային փոխանակության խանգարումներ կարող են առաջանալ նաև Ճ-ի մարսման և ներծծման գործընթացներում: Դա առանձնապես կարևոր է մանկ. տարիքում: Ճ. չեն մարսվում ենթաստամոքսային գեղձի սուր և քրոնիկ. բորբոքման և այլ հիվանդությունների ժամանակ: Ճ-ի մարսման և ներծծման խանգարումները կարող են կապված լինել նաև տարբեր պատճառներով լեղու անբավարար արտազատման, ստամոքսաղիքային համակարգի որոշ հիվանդությունների, ինչպես նաև աղիքների լորձաթաղանթի օրգ. և ֆունկցիոնալ ախտահարման հետ:

Մարդու արյունը պարունակում է զգալի քանակությամբ չեզոք Ճ., ազատ ճարպաթթուներ, ֆոսֆատիդներ, ստերիններ ևն, որոնց քանակը փոխվում է՝ կախված տարիքից, սննդային բեռնվածությունից, օրգանիզմի ֆիզիոլոգ. վիճակից ևն: Նորմայում այն տատանվում է 400-600 մգ %: Սակայն լիպիդների ընդհանուր պարունակությունը հազվադեպ է որոշվում, ավելի հաճախ չափվում է առանձին ֆրակցիաների քանակը և դրանց փոխհարաբերությունը: Չեզոք Ճ-ի բարձր պարունակությունը վկայում է սննդի հետ ընդունվող Ճ-ի օգտագործման մեխանիզմների խանգարումների մասին: Վերջիններիս մի մասն սկսում է ուժեղ խոլեստերին սինթեզել: Լիպիդների պարունակությունը (գերճարպարյունություն) արյան մեջ ավելանում է քաղցածության, շաքարախտի, երիկամախտի, սուր լյարդաբորբերի և այլ հիվանդությունների, ինչպես նաև թունավորումների և ինքնաթունավորումների դեպքերում: Լիպիդների կոնցենտրացիան արյան մեջ բարձրանում է ներզատիչ գեղձերի (վահանագեղձ, մակերիկամներ, սեռ. գեղձեր) անբավարարության դեպքում: Լիպիդների պարունակության նվազում (թերճարպարյունություն) նկատվում է սնուցման խանգարման, հիպերթիրեոզի (տես Խպիպ տարածուն թունավոր) ժամանակ:

Առողջ մարդու մեզը պարունակում է Ճ-ի հետքեր. 1 լ-ում՝ մոտ 2 մգ (միզատար ուղիների էպիթելի բջիջների Ճ-ի հաշվին): Սննդի հետ մեծ քանակությամբ Ճ. ընդունելու հետևանքով առաջացած գերճարպարյունությունը կարող է ուղեկցվել մեզի մեջ Ճ-ի առկայությամբ (սննդային ճարպամիզություն):

Ճարպային փոխանակությունն անխզելիորեն կապված է ածխաջրերի փոխանակության հետ: Նորմայում մարդու մարմինը պարունակում է 15 % Ճ., բայց որոշ իրավիճակներում այն կարող է հասնել 50 %-ի: Առավել տարածված է սննդային ճարպակալումը, որն առաջանում է, երբ մարդը սնվում է բարձրկալորիական սննդով՝ ոչ մեծ էներգիական ծախսի դեպքում: Սննդի մեջ մեծ քանակությամբ ածխաջրերի առկայության դեպքում դրանք հեշտությամբ յուրացվում են օրգանիզմում և փոխարկվում Ճ-ի: Սննդային ճարպակալման դեմ պայքարի հիմն. միջոցը ֆիզիոլոգիապես լիարժեք սննդակարգն է՝ սպիտակուցների, Ճ-ի, վիտամինների, օրգ. թթուների՝ բավարար, իսկ ածխաջրերի՝ սահմանափակ քանակությամբ: Ախտաբան. ճարպակալումն առաջանում է ածխաջրաճարպային փոխանակության կարգավորման նյարդահումորալ մեխանիզմների խանգարման հետևանքով, որը տեղի է ունենում հիպոֆիզի առաջային բլթի, վահանագեղձի, մակերիկամների, սեռ. գեղձերի թերֆունկցիայի և ենթաստամոքսային գեղձի կղզյակային հյուսվածքի գերֆունկցիայի հետևանքով:

Ճ-ի փոխանակության խանգարումները տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում: Հյուսվածքներում և բջիջներում տարբեր լիպիդների չափից ավելի կուտակումն առաջացնում է դրանց քայքայում, սնուցման խանգարում՝ իր բոլոր հետևանքներով: