Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տարբերում են ուղեղային, կրծքային և որովայնային Ճ-ներ: Վերջինս, ըստ տեղադրության, լինում է աճուկային (դուրս է գալիս աճուկային խողովակով), ազդրային (ազդրային խողովակով), պորտային (պորտային օղով), որովայնի սպիտակ գծի (որովայնի միջին գծի թերություններով), ստոծանիական (ստոծանու թերություններով դեպի կրծքի խոռոչ), ճարպոնային ևն:

Առավել հաճախ լինում են որովայնային Ճ-ներ: Նման դեպքերում տարբերում են Ճ-ի դուռ (խոռոչի պատի թերության հատվածը, որով դուրս են գալիս ներքին օրգանները), ճողվածքապարկ, ճողվածքապարկի պարունակություն (հաճախ՝ բարակ աղիքները, ճարպոնը, հազվադեպ՝ արգանդափողերը, ձվարանը, հաստ աղիքը ևն):

Ճ-ի առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում են տեղայինի և ընդհանուրի: Տեղայինի պատճառը մարմնի այն հատվածների կառուցվածքի թուլությունն է, որով կատարվում է ճողվածքապարկի արտացցումը (աճուկային շրջան, պորտային օղ ևն): Ընդհանուր պատճառներն են ծանր ֆիզ. աշխատանքը, փորկապության ժամանակ մշտ. լարումները, մկանների թույլ զարգացումը ևն: Հղիության ընթացքում բարձրանում է ներորովայնային ճնշումը, որովայնի պատը թուլանում և բարակում է, որը մեծացնում է Ճ-ի առաջացման հնարավորությունը: Ճ-ի երևան գալուն նպաստում են խոռոչների պատերի վնասվածքները, որոնք առաջացնում են «թույլ կետեր», և հետագայում դրանց միջով ներքին օրգաններն արտացցվում են: Հատուկ տեղ են գրավում բնածին Ճ-ները, որոնք առաջանում են ներարգանդային զարգացման թերությունների (օրինակ՝ պորտային օղի չսերտաճելու ևն) դեպքերում:

Արտաքին Ճ-ի ախտանշաններն են մարմնի բնորոշ տեղերում արտացցվանքները (ուռածությունը), Ճ-ի դուռը, որը որոշվում է շոշափումով, իսկ փոքր չափի ուռածության ժամանակ՝ այսպես կոչված՝ «հազային հրոցի» առկայությունը, երբ հազալիս Ճ-ային դուռը մտցրած մատը զգում է ներքին օրգանների հրոցը: Պառկած վիճակում, որպես կանոն, Ճ. ուղղվում է դեպի որովայնի խոռոչ: Չբարդացած դեպքերում հիվանդներն ունենում են ծանրության, տհաճության զգացում, երբեմն՝ ցավեր, կարող է խանգարվել միզարձակումը: Մեծ Ճ-ի ժամանակ ցավերը դառնում են մշտապես կրկնվող, իջնում է աշխատունակությունը:

Հաճախակի բարդություններից են Ճ-ի ճմլումը, հազվադեպ՝ բորբոքումները: Բորբոքման հետևանքով ճողվածքապարկի պարունակությունը կարող է սերտաճել դրա պատերի հետ, որը կարող է հանգեցնել, այսպես կոչված, չուղղվող Ճ-ների:

Ամենավտանգավոր բարդությունը Ճ-ի ճմլումն է, որի դեպքում Ճ-ի նեղ դռան և ճողվածքապարկի մեջ գտնվող օրգանների (հաճախ՝ աղիքների) չափերի անհամապատասխանության պատճառով ընդհատվում է ճմլված օրգանի արյունամատակարարումը, խանգարվում ֆունկցիան, այնուհետև օրգանը մեռուկանում է: Աղիքները ճմլվելիս առաջանում է աղիքների անանցանելիություն: Եթե ճմլումը ժամանակին չվերացվի, կարող է առաջանալ որովայնամզի բորբոքում, որը հանգեցնում է լուրջ բարդության և մահվան:

Ճ-ի բուժման միակ արմատական եղանակը վիրահատությունն է: Բոլոր հիվանդները պետք է գտնվեն վիրաբույժի հսկողության ներքո: Չբարդացած Ճ-ի վիրահատ. բուժումն անվտանգ է և արդյունավետ: Ճ. ժամանակին չվիրահատելիս կարող է ճմլվել, և նման դեպքերում անհետաձգելի փորահատությունը կենսական անհրաժեշտություն է դառնում: Ճմլված Ճ. դժվար է բուժվում, քանի որ կատարվում է օրգանիզմի թունավորման և ճողվածքապարկի շրջանում բորբոքման պայմաններում:

Ճմլված Ճ-ի ուղղման փորձերը, ջեռակի, ցավազրկող դեղանյութերի օգտագործումն անթույլատրելի են: Նման դեպքում ճմլված օրգանին լրացուցիչ վնասվածք է պատճառվում և ժամանակի կորուստ է լինում, որը վիրահատության բարեհաջող ելքի համար որոշիչ նշանակություն ունի: Որքան վաղ է կատարվում վիրահատությունը, այնքան մեծ է ճողվածքապարկում գտնվող օրգանի անվերադարձ փոփոխությունների կանխման և այն պահպանելու հնարավորությունը:

Բացի այդ, ճմլված Ճ-ի ուղղման ժամանակ կարող է ճմլված օրգանը պատռվել, և դրա անկենսունակ, մեռուկացած մասերը, որովայնի խոռոչ ընկնելով, հանգեցնեն որովայնամզի բորբոքման:

Բանդաժ կրելը չի երաշխավորում Ճ. ճմլվելուց և թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ վիրահատ. միջամտությունը սրտի, երիկամների, լյարդի ֆունկցիաների խանգարումներով ուղեկցվող ծանր հիվանդությունների պատճառով հակացուցված է:

Երեխաների Ճ. հաճախ լինում է բնածին: Առավել տարածված են պորտային և աճուկային Ճ-ները: Պորտայինը հազվադեպ է ճմլվում և երեխայի կյանքի 1-ին տարիներին հակված է ինքնաբուժման, քանի որ, տարիքի և մկանների զարգացման հետ կապված, պորտային օղը կարող է փակվել ինքնուրույն: Կրծքի երեխաների պորտային Ճ-ի ոչ վիրաբուժ. բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ՝ պորտին կպչուն սպեղանի դնելով: Սպեղանին կպցնում են պորտի շրջանին այնպես, որ Ճ-ի դուռը փոքրանա և կանխվի ճողվածքապարկի արտացցումը: Երբեմն սպեղանու երիզների արանքում դրվում է փայտե կամ մետաղե թիթեղ, Ճ-ի դուրս գալը խոչընդոտող բամբակե-թանզիֆե սեղմաբարձիկ: Սպեղանին չեն փոխում 7-14 օր, ընդ որում երեխան կարող է ընդունել սովոր. լոգանքներ: Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ սպեղանի, քանի որ հինը կարող է շուտ պոկվել և մաշկը կակղեցնել: