Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մ. աճում են կոճղեզի բջիջների բազմացման ճանապարհով: Նրանք երկարում են ամիսը մոտ 1 սմ: Աճման արագությունը կախված է եղանակից և օրվա ժամերից, գարնանը և ամռանն ավելի արագ են աճում, քան ձմռանը և աշնանը, ցերեկը՝ ավելի արագ, քան գիշերը: Մ-ի աճման (կյանքի) տևողությունը սահմանափակ է. դրանք որոշակի ժամանակից հետո թափվում են՝ փոխարինվելով նորերով: Մ-ի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդու գլխի վրա միջին հաշվով 2 տարի է, կանանցը՝ 4-5, թարթիչներինը՝ 3-5 ամիս: Ամեն օր միջին հաշվով թափվում է 30-50 մազ: Առողջ Մ. ամուր են, ճարպագեղձերի արտադրած ճարպի շնորհիվ՝ առաձգական: Մազը դիմանում է 100-200 գ բեռնվածությանը:

Մ-ի կյանքի տևողության և աճման արագության ու հատկությունների վրա ազդում են տարիքային առանձնահատկությունները (տարեցների Մ. բարակում են, աճումը՝ դանդաղում), նյարդային և ներզատիչ համակարգերի, ինչպես նաև օրգանիզմում փոխանակային գործընթացների վիճակը, սնման, խնամքի առանձնահատկությունները ևն: Բարձր ջերմաստիճանի, հիմքերի (անուշադրի սպիրտ, կալցինացված սոդա, տնտ. օճառ ևն) ազդեցությունից փոխվում է Մ-ի կառուցվածքը, նվազում ամրությունն ու առաձգականությունը: Մաշկաճարպի չափից ավելի արտազատումը և նրա քիմ. կազմի փոփոխությունները, որոնք պայմանավորված են նյարդային, ներզատիչ համակարգերի վիճակով և այլ գործոններով, հանգեցնում են Մ-ի ճարպոտության ավելացման, որից Մ. արագ կեղտոտվում են, մազափնջերը՝ կպչում միմյանց: Ճարպագեղձերի անբավարար ֆունկցիան մի շարք հիվանդությունների կամ Մ-ի ոչ ճիշտ խնամքի (հաճախակի լվանալը, կոշտ ջրի, օդեկոլոնի, սպիրտային ճարպազերծող լուծույթների, հիմնային օճառի օգտագործումը, հաճախակի գանգրացումները) հետևանք է: Այդպիսի Մ. անփայլ են, հեշտությամբ կոտրատվում են և ճյուղավորվում վրձնի տեսքով:

Մ-ի հիվանդությունները: Ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումը, Մ-ի հատկությունների փոփոխությունները կարող են գլխի մաշկի վրա առաջացնել ճարպային շերտ կամ չոր մանր թեփուկներ (թեփ), ինչը ճարպահոսության ախտանշաններից է: Մ-ի աճման ու նորերով փոխարինման խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ ավելցուկային աճման (տես Մազոտություն):

Գլխի մանր և կիպ զարդարանքները, կեղծամի ամենօրյա կրումն արագացնում են մազաթափությունը: Արևի տակ գլուխը բաց երկարատև մնալիս Մ. չորանում են, կոտրատվում և թափվում: Ձմռանն առանց գլխարկի դուրս գալը ցանկալի չէ. ցածր ջերմաստիճանն առաջացնում է մաշկի մակերևութային անոթների կծկանք, որը վատացնում է Մ-ի սնումը: Տարբեր գրգռիչ գործոնների ազդեցությունից (օրինակ՝ սխալ սափրվելիս) Մ. կարող են ծռվել և ներաճել մաշկի մեջ («ներաճած Մ.»)՝ առաջացնելով բորբոքում: Մ-ի կառուցվածքը և ամբողջությունը հաճախ խանգարվում են մաշկի սնկիկային հիվանդությունների (միկրոսպորիա, տրիխոֆիտիա, գոնջ) ժամանակ: Հիվանդության բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկի:

Մազերի խնամքը հարկավոր է զուգակցել օրգանիզմի ընդհանուր ամրապնդման հետ (կանոնավոր քուն, ամենօրյա զբոսանքներ, հարմար սնուցում, սպորտով զբաղվելը, օրգանիզմի կոփում):

Մազերը լվանալը: Ճարպոտ Մ. լվանում են շաբաթը 1, չոր և բնականոն Մ.՝ 10-14 օրը 1 անգամ: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած կամ բորաքս ավելացրած (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) ջուր: Մ-ի համար ամենալավը 50-55° C-ի ջուրն է: Մ. չի կարելի օճառել օճառի կտորով, դրանից Մ. կարող են վնասվել, ավելի լավ է նախապես օճառի փրփուր պատրաստել: Չափից ավելի օճառելիս Մ. չորանում են և կոտրատվում: Գույնը, փայլը և առաձգականությունը պահպանելու համար բաց գույնի Մ. լվանալուց հետո թեթև պարզաջրում են երիցուկի թունդ թուրմով, մուգ Մ.՝ քացախ ավելացրած (1 լ ջրին՝ 1 ճաշի գդալ) ջրով: Մ. չի կարելի լվանալ տնտ. հիմնային օճառով:

Չոր Մ-ի համար հարմար են գերճարպային (սպերմացետային, լանոլինային և կոսմետիկ.) օճառները: Կարելի է օգտագործել ձվի դեղնուց, որը հարուստ է ճարպանման նյութերով (դեղնուցն առանձնացնում են սպիտակուցից և հարում Մ. լվանալու համար պատրաստած տաք ջրում), կամ մածուն (Մ. առատորեն թրջում են մածունով, 5-10 ր գլուխը կապում գլխաշորով, այնուհետև լվանում տաք ջրով): Օգտագործում են նաև տարեկանի հացը. 100-150 գ տարեկանի հին հացը մանրացնում են, վրան ավելացնում եռջուր, ստացված հացի խյուսով լվանում Մ., ապա պարզաջրում մաքուր ջրով: Չոր Մ-ի ճարպոտությունն ավելացնելու համար լվանալուց մի քանի ժ առաջ կարելի է Մ-ին քսել տաքացրած բուս, (գերչակի)