Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն պետք է զգույշ լինել, որ այրվածքներ ու բշտեր չգոյանան: Եթե հիվանդը գանգատվում է ուժեղ այրոցից և ցավերից, հարկավոր է ծեփուկները հեռացնել, մաշկը լվանալ տաք ջրով: Կախված հիվանդությունից՝ Մ.ծ. դնում են կրծքին, ծկնամկաններին, ծոծրակին: Պատրաստի Մ.ծ-ի բացակայության դեպքում դրանք կարելի է պատրաստել կերակրի մանանեխի փոշուց: Դրա համար հավասար քանակությամբ մանանեխը և կարտոֆիլի (կամ ցորենի) ալյուրը խառնում են քիչ ջրի մեջ, մինչև ստացվի ջրիկ խմոր, ապա այդ զանգվածը քսում քաթանի լաթի կամ հաստ թղթի վրա:

Մանանեխը պարունակում է ալիլային եթերայուղ, որը գրգռում է մաշկը, և դրա ազդեցության շնորհիվ լայնանում են մաշկի արյան անոթները, արյունը հոսում է դեպի համապատասխան հատված, իսկ խորանիստ հյուսվածքների ու օրգանների արյան անոթները լայնանում են ռեֆլեքսային ճանապարհով: Մ.ծ ունեն նաև ցավը հանգստացնող հատկություն: Օգտագործվում են բժշկի նշանակմամբ:

Կրծքի և մսուրային տարիքի երեխաներին ավելի նպատակահարմար է կատարել մանանեխային փաթաթումներ, դրա պատրաստում են մանանեխի լուծույթ (1 ճաշի գդալ մանանեխի փոշին՝ 0,5 լ ջրին), որով թրջում են սրբիչը կամ սավանը, քամում են ու փաթաթում մարմնի պահանջվող մասը կամ ամբողջ մարմինը և ծածկում վերմակով: 3-10 ր անց փաթաթանն արձակում են և մաշկը լվանում տաք ջրով:

Մ.ծ. հակացուցված են մաշկային հիվանդությունների, մաշկի զգայնության խիստ նվազման կամ բացակայության ժամանակ: Տնային պայմաններում Մ.ծ. պահում են չոր, մութ տեղում, պիտանիության ժամկետը 8 ամիս է, որից հետո ազդեցությունը նվազում է:

ՄԱՆԻԱԿԱԼ-ԴԵՊՐԵՍԻՎ ՊՍԻԽՈԶ (ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ), պարբերաբար առաջացող պսիխոզ, որն արտահայտվում է մանիայի կամ դեպրեսիայի (ընկճվածության) նոպաներով (փուլերով): Մանիակալ փուլը դրսևորվում է տրամադրության բարձրացմամբ, մտածողության ընթացքի արագացմամբ և հոգեշարժ. գրգռվածությամբ (մանիակալ երրորդություն): Հիվանդներն զգում են էներգիայի արտասովոր առլեցում, կենսախինդ են, շարժուն, գործունյա, նկատվում են դյուրըմբռնողություն, հոգնածության զգացողության բացակայություն, նրանք քնում են քիչ, սակայն՝ խորը: Մանիայի թեթև աստիճանի դեպքում հիվանդները շատ մարդամոտ են, ուրախ, սրամիտ, նախաձեռնող, դրսևորում են ավելորդ ձեռներեցություն, վտանգավոր ծանոթություններ են հաստատում, թեթևամիտ վարքի հակում ունեն: Հակումները (հատկապես՝ սննդի և սեռ.) ուժեղացած են: Մանիան խորանալիս հիվանդը դառնում է փութաջան, չի կարողանում ավարտին հասցնել ո՛չ միտքը, ո՛չ գործողությունը, բարձր տրամադրությունն ուղեկցվում է գրգռվածությամբ, նույնիսկ ցասումով (ցասման մանիա):

Դեպրեսիվ փուլը դրսևորվում է տրամադրության անկումով, մտածողության ընթացքի դանդաղումով, հոգեշարժ. արգելակմամբ (դեպրեսիվ երրորդություն): Հիվանդներն առանց պատճառի թախծում են, բայց հաճախ լաց լինել չեն կարող, չափազանց վատատես են, աշխատունակությունը լրիվ ընկած է, ախորժակն ու քունը՝ խախտված (տես Ընկճվածություն):

Սովորաբար այդ փուլերը հաջորդում են իրար, տարիքի հետ կապված՝ հաճախանում են դեպրեսիվ փուլերը: Որոշ դեպքերում նկատվում է միայն մանիակալ կամ միայն դեպրեսիվ փուլը, երբեմն էլ մի փուլն անմիջապես փոխվում է մյուսով, բայց հաճախ դրանց միջև առաջանում են «լուսավոր ընդմիջումներ», որոնք կարող են երկար տևել: Հիվանդությունն անձի փոփոխություններ չի առաջացնում: Նոպայից դուրս հիվանդը բուժօգնության և հսկողության կարիք չունի: Դեպրեսիվ փուլը վտանգավոր է, հնարավոր է, որ հիվանդն ինքնասպանություն կատարի:

Կարևոր է բուժումը ժամանակին սկսելը, շատ դեպքերում անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել: Հիվանդության սկզբում դեպրեսիայով հիվանդները դեռևս պահպանում են իրենց վիճակը քննադատաբար գնահատելու ունակությունը, հասկանում են, որ հիվանդ են և դիմում են բժշկի:

Մանիակալ փուլի զարգացման ընթացքում հիվանդությունը գնահատվում է որպես «լավ տրամադրություն»: Այստեղ պահանջվում է հիվանդի հարազատների ուշադրությունը: Մանիակալ վիճակում հիվանդության կարևոր ախտանշան են համարվում հանգստի համեմատ էներգիական ծախսերի անհամապատասխանությունը (քնի կրճատում), հոգնածության զգացողության բացակայությունը, այդպիսի դեպքերում անհրաժեշտ է դիմել հոգեբույժի:

Բուժումն արդյունավետ է: Տնային պայմաններում բուժվելիս հարազատները պետք է հսկեն դեղանյութերի ընդունումը՝ բժշկի նշանակած դեղաչափերին համապատասխան և ապահովեն սննդի ռեժիմը: Խստորեն հակացուցված է սպիրտային խմիչքների օգտագործումը, հարկավոր է հիշել, որ առանձին հիվանդներ հակված են նոպայի ժամանակ ալկոհոլ օգտագործել:

ՄԱՆԻԿՅՈՒՐ, տես Եղունգներ հոդվածում:

ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ. կլինիկ. բժշկագիտության բաժին. ուսումնասիրում է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ֆիզիոլոգ. և ախտաբան. գործընթացները, կնոջ օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ., ֆիզ. և հոգեկան առանձնահատկություններն ու խանգարումները:

Հայաստանում Մ. և գ-ի վերաբերյալ տեղեկություններ կան 5-րդ դ-ից: 10-15-րդ դդ. հայ բժիշկներին հայտնի էին ներքին սեռ. օրգանների կազմությունը և հետազոտման մի շարք եղանակներ: Մխիթար Հերացին «Ջերմանց մխիթարություն» աշխատությունում մեկնաբանել է ջերմերը (այդ թվում՝ գինեկոլոգ. հիվանդություններից առաջացած) և նշել բուժման մեթոդներ: Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» աշխատությունում տեղեկություններ կան կանանց սեռ. օրգանների ներքին զննման, արգանդի ուռուցքների, չբերության պատճառների մասին: Ամիրդովլաթ Ամասիացին «Օգուտ բժշկության» գրքում նկարագրել է կանանց սեռ. օրգանների բորբոքումների, քաղցկեղի, արգանդի արտանկումների, վիժումների, դժվար ծննդաբերությունների պատճառներն ու բուժումը: Գիտ. Մ. և գ-ի զարգացումը պայմանավորված է 1923-ին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում, 1958-ին ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակ-ում Մ. և գ-ի ամբիոնների կազմակերպմամբ, ինչպես նաև 1931-ին Մայրության և մանկության պահպանության ինստ-ի (1937—88-ին՝ Մանկաբարձության