թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբան. տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների դերն օրգանիզմի իմունային գործընթացների կարգավորման մեջ (Վ. Շեկոյան):
Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ-ում ուսումնասիրվել են բակտերիային դիզենտերիայի, բարակ և հաստ աղիքների բորբոքումների, գրիպի, ստաֆիլոկոկային հիվանդությունների, ռիկետսիոզների պատճառագիտ. առանձնահատկությունները և դրանց վաղաժամ ախտորոշման հարցերը (Մ. Կոծինյան և ուր.): Զբաղվել են նաև սալմոնելոզային վարակների (Մ. Թովմասյան), որովայնատիֆային բակտերիաների զտվող ձևերի և նրանց վերականգնման (Բ. Կարաբեկով), էնտերոբակտերիաների էպիսոմային ժառանգականության (Ս. Մնացականով), անուղղակի հեմագլյուտինացման և դիզենտերիային հակամարմինների բնույթի (Ա. Չիլինգարյան), մենինգոկոկային վարակների (Մ. Վարդանյան) ուսումնասիրությամբ:
Ազգային առողջապ-յան ինստ-ում հետազոտվել են ՀՀ մի շարք քաղաքների հիվանդանոցների վիրաբուժարաններում ստաֆիլոկոկային վարակները, մշակվել են պայքարի կոնկրետ միջոցառումներ: Զբաղվել են նաև սուր և քրոնիկ. հարուղիղաղիքաբորբի, հարատամնաբորբի միկրոֆլորայի ուսումնասիրություններով (Լ. Ժուրուլի):
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄ, ստերիլիզացիա, մանրէների լրիվ ոչնչացում ֆիզ. և քիմ. գործոններով: Մ-ման են ենթարկվում բժշկ. գործիքները, սարքերը, հիվանդի խնամքի առարկաները, վիրակապ. նյութերը, դեղալուծույթները, սննդամթերքը: Մ. վիրահատությունների, վիրակապման, բուժ. և ախտորոշիչ այլ միջամտությունների ժամանակ մարդու օրգանիզմի վարակման կանխարգելման հիմքն է: Առավել հաճախ կիրառում են Մ-ման ջերմային (բարձր ջերմաստիճանի ազդեցությունը) եղանակը, առարկաների եռացումը մանրէազերծիչ-եռուցիչում (15-20 ր), գերտաքացումը չոր ջերմապահարանում ու հատուկ սարքում (ավտոկլավ) և մշակումը ջրային գոլորշու ճնշման տակ: Առարկաներն ու նյութերը, որոնք ենթակա չեն եռացման կամ գերտաքացման, մանրէազերծում են քիմ. միջոցներով (սպիրտ, ֆորմալին): Մ. կարելի է կատարել նաև անդրաձայնի, իոնացնող ճառագայթման օգնությամբ: Կենցաղում ավելի հարմար և հուսալի եղանակ է եռացումը: Եռացող ջրում (15-20 ր) գրեթե բոլոր մանրէները ոչնչանում են: Այդպիսի եղանակով կարելի է մանրէազերծել հիվանդի խնամքի առարկաները (օրինակ՝ հոգնայի ծայրաղիրները), կաթնածծիչները, կաթի շշերը, ռետինե ծծակները, ներարկիչներն ու ասեղները: Հատուկ եռուցիչի բացակայության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած մաքուր կաթսա (արծնապատ կամ ալյումինե): Մ-ման ենթակա առարկաները խնամքով լվանում են, քանի որ դրանց վրա եղած արտաթորանքի (կղանք, մեզ, լորձ) մնացորդները կամ մակարդված կաթը կանխում են եռացող ջրի ազդեցությունը մանրէների վրա: Ապակե իրերն ընկղմում են սառը (լավ է եռացած) ջրի մեջ, որը պետք է 2-3 սմ-ով ծածկի դրանց, ներարկիչները դնում են մխոցը հանած, ասեղները՝ մետաղե մազիկներով: Կաթսան ծածկում են կափարիչով: Ժամանակը հաշվում են ջուրը եռալու պահից: 15-20 ր անց ջուրը թափում են՝ կափարիչը չվերցնելով: Մետաղե, ռետինե, պլաստմասսայե իրերը կարելի է դնել եռացող ջրի մեջ՝ ժամանակը հաշվելով եռալը վերսկսելու պահից: Մանրէազերծված գործիքները կաթսայից հարկավոր է հանել մաքուր լվացած ձեռքերով, ներարկիչները՝ միայն եռացրած ունելիով:
Սննդամթերքը մանրէազերծում են մինչև 100° C տաքացնելով կամ պաստերացնելով (տես Պահածոյում տնային, Պաստերացում):
ՄԱՆՐԷԱՅԻՆ ՖԼՈՐԱ ՄԱՐԴՈՒ, առողջ օրգաններում և հյուսվածքներում առկա միկրոօրգանիզմների ամբողջություն: Ունի իր առանձնահատկություններն առանձին օրգաններում ու հյուսվածքներում և փոխվում է մարդու տարիքի, կյանքի պայմանների, սնման բնույթի ևն հետ կապված: Բնականոն մանրէային ֆլորայի կազմում, ըստ շնչառության բնույթի, գերակշռում են անօդակյաց միկրոօրգանիզմները: Տարբերում են մշտ. և ոչ մշտ. Մ.ֆ.մ: Մշտականին են պատկանում այն մանրէները, որոնք էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են մաշկի վրա և օրգանիզմի որոշակի խոռոչներում ապրելուն: Մարդու մաշկի վրա ապրում են բակտերիաներից՝ ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, իսկ սնկիկներից՝ բորբոսասնկեր ու խմորասնկեր (տես Սնկիկներ մանրադիտակային): Բերանի խոռոչում հայտնաբերվել են ավելի քան 100 տեսակի միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ երկկոկեր, միկրոկոկեր, ստրեպտոկոկեր, կաթնաթթվային բակտերիաներ ևն: Ստամոքսաղիքային համակարգի տարբեր բաժինները միմյանցից տարբերվում են առկա միկրոօրգանիզմների քանակով և տեսակային կազմով: Առողջ մարդու ստամոքսում, որպես կանոն, դրանք բացակայում են ստամոքսահյութի հակամանրէային հատկությունների շնորհիվ: 12-մատնյա և բարակ աղիքներում միկրոօրգանիզմներ համեմատաբար հազվադեպ են հայտնաբերվում, իսկ հաստ աղիքներում՝ բավականին շատ: Վերջիններիս պարունակության 1 գ-ում կարող են լինել մինչև 250 մլրդ, իսկ ամբողջ աղիքների պարունակության մեջ՝ մոտ 1015 միկրոօրգանիզմ:
Մանրէային ֆլորայի ոչ մշտ. միկրոօրգանիզմները մարդու օրգանիզմ են թափանցում օդի, սննդի, ջրի միջոցով և արագ էլ դուրս գալիս:
Մանրէազերծ պայմաններում աճեցված կենդանիների օրգանիզմում, որը լիովին պաշտպանված է եղել բակտերիաների թափանցումից և զրկված բնականոն մանրէային ֆլորայից, խանգարվում են որոշ կենս. կարևոր գործընթացներ, մասնավորապես թերզարգացած է ավշանման հյուսվածքը, փոխվում է ջրային փոխանակությունը և նվազում հակամարմինների քանակն արյան շիճուկում:
Մանրէային ֆլորայի տեսակային կազմը կտրուկ փոխվում է տարբեր հիվանդությունների, ինչպես նաև հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքերում, որոնց արդյունքում կարող է առաջանալ դիսբակտերիոզ վիճակ, երբ խանգարվում են օրգանիզմում սննդանյութերի յուրացման գործընթացները, փոխվում են ֆերմենտային հակազդեցությունները, կտրուկ նվազում է վիտամինների սինթեզը ևն: Նշված բոլոր տեղաշարժերի հետևանք կարող են լինել որոշ հիվանդություններ՝ աղիքային խանգարումները, թունավարակումները (տես Սննդային թունավարակում), թարախային գործընթացները, թոքաբորբերը ևն:
Դիսբակտերիոզի դեպքում օրգանիզմում գերակշռում են մի շարք հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէները: Այդ իրավիճակը հնարավոր է մասամբ կանխել միայն բժշկի նշանակած հակաբիոտիկների միջոցով: Ոչ ճիշտ հակաբակտերիային բուժման դեպքում մարդու օրգանիզմում ոչնչանում են բնականոն միկրոֆլորա առաջացնող մանրէները, խախտվում է կայունությունն ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ: Միաժամանակ բուռն կերպով բազմանում են այն մանրէները, որոնք բնականոն վիճակում հաշվեկշռված են այլ միկրոօրգանիզմների հետ: Այդ բազմացող մանրէների կենսագործունեության արգասիքներն օրգանիզմում կարող են առաջացնել թունավորում կամ բարձր զգայնություն՝ ալերգիա: Աղիքների ֆունկցիայի որոշ