մաշկի զգայնության բարձրացմամբ (տես Ալերգիա): Բացի այդ, մաշկի ավելի հաստ եղջերացած շերտով հատվածները (օրինակ՝ ափերը, ներբանները) պակաս զգայուն են քիմ. և ֆիզ. գրգռիչների հանդեպ, երեխաների մաշկն ավելի զգայուն է, քան տարեցներինը: Որոշ Մ-ի առաջացման համար էական նշանակություն կարող է ունենալ նաև մաշկի վիճակը (խոնավ, քրտնքոտ մաշկի բորբոքումն ավելի արագ է առաջանում):
Մ. բնորոշվում են կարմրությամբ, այտուցով, մաշկի ջերմաստիճանի բարձրացմամբ, որոնք ուղեկցվում են ջերմության, քորի, այրոցի զգացումով: Կարմրած մաշկի վրա կարող են ի հայտ գալ թափանցիկ պարունակությամբ բշտիկներ ու բշտեր, որոնք պատռվելիս սկզբում գոյացնում են մաշկի թաց հատվածներ, այնուհետև՝ թեփեր, կեղևիկներ:
Բուժում է բժիշկը: Ինքնաբուժումը կարող է հանգեցնել մաշկի ավելի ուժեղ գրգռման: Անհրաժեշտ է անհապաղ վերացնել բորբոքում առաջացնող գրգռիչները. մաշկի մակերևույթից հեռացնել քիմ. գրգռիչների մնացորդը:
Կանխարգելումը. անձն. հիգիենայի կանոնների պահպանում, գրգռիչ նյութերի, էլեկտր. հոսանքի, ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատելիս՝ պաշտպան. միջոցների (ձեռքերի մաշկաքսուքներ, ձեռնոցներ, հատուկ հագուստ ևն) գործածում: Չի կարելի նախկինում մաշկի գրգռում առաջացրած արտաքին օգտագործման դեղանյութերը կրկին օգտագործել:
ՄԱՇԿԱԽՏԵՐ, տես Մաշկ հոդվածում:
ՄԱՇԿԻ ԹԱՐԱԽԱԲՇՏԻԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պիոդերմիա, մաշկային հիվանդությունների խումբ, հարուցիչները բնության մեջ տարածված թարախածին մանրէներն են՝ ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերը (տես Բակտերիաներ): Առողջ մարդկանց մաշկի մակերևույթին գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկեր և ստրեպտոկոկեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են ախտածին և առաջացնում թարախաբշտիկային հիվանդություններ:
Մ.թ.հ-ի առաջացմանը նպաստում են մաշկի մշտ. կեղտոտումը, որը կարող է պայմանավորված լինել աշխատանքի պայմաններով (փոշու, քսայուղերի, նավթի, բենզինի առկայություն), կտրած վերքերը, սրսկած տեղերը, միջատների խայթոցները, քերծվածքները (եթե մանր վնասվածքները ժամանակին չեն մշակում), օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, քրտնոտությունը, գերհոգնածությունը, սննդում A, C վիտամինների անբավարարությունը, նյութափոխաակության՝ հատկապես ածխաջրերի (օրինակ՝ շաքարախտի ժամանակ) խանգարումները, հյուծող քրոնիկ. հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումները:
Մ. թ. հ-յան դրսևորումները տարբեր են. մաշկի վրա առաջանում են կամ մանր թարախային հանգուցիկներ, որոնցից դուրս են գալիս մազերը (տես Մազապարկի բորբոքում), կամ խոշոր, ցավոտ կոնաձև երհանգույցներ՝ հյուսվածքի թարախային քայքայմամբ (տես Ֆուրունկուլոզ): Կարող են ի հայտ գալ նաև թարախային պարունակությամբ բշտեր, որոնք չորանում են ու կեղևակալում (այսպես կոչված՝ իմպետիգո): Վերջինով հաճախ հիվանդանում են երեխաները: Մ. թ. հ. երբեմն ընթանում են ուշ լավացող խոցերի նման, որոնց եզրերն առողջ մաշկի մակարդակից քիչ բարձր են, հատակն անհարթ է՝ ծածկված թարախային արտադրությամբ ևն:
Մաշկի ախտահարումը կարող է լինել սահմանափակ՝ առանց հիվանդի ընդհանուր վիճակի խանգարման, և տարածուն, որն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, մոտակա ավշահանգույցների մեծացմամբ, արյան բաղադրության փոփոխություններով: Ծանր դեպքերում կարող է առաջանալ օրգանիզմի ընդհանուր վարակում (տես Արյան վարակում): Հատկապես վտանգավոր են երեխաների Մ. թ. հ., որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի ու ստրեպտոկոկերի հանդեպ (տես Կրծքի երեխա): Երեխաների Մ. թ. հ. երբեմն կարող են ծանր բարդությունների՝ երիկամների հիվանդությունների (տես Երիկամաբորբ). թոքաբորբի, ուղեղապատյանաբորբի պատճառ դառնալ:
Մ. թ. հ. տևում են մի քանի օր կամ շաբաթ, երբեմն՝ ամիսներ ու տարիներ՝ մեղմանալով ու սաստկանալով: Քրոնիկ. կրկնվող ընթացքն ավելի հաճախ օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացման հետևանք է, որը պայմանավորված է նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումներով, ալկոհոլի չարաշահմամբ:
Հիվանդության կանխարգելման համար կարևոր է անձն. հիգիենայի կանոնների պահպանումը, մաշկի խնամքը, քրտնոտության վերացումը: Օդի աղտոտվածության պայմաններում աշխատելիս կարևոր է մաշկը պահպանել վնասվածքներից՝ հատուկ հագուստի, աշխատանքային ձեռնոցների օգնությամբ: Նույնիսկ ոչ մեծ վնասվածքների դեպքում հարկավոր է ախտահարված հատվածը մշակել հականեխիչ դեղանյութերով՝ ադամանդականաչի, մեթիլեն կապույտի, յոդի սպիրտային լուծույթներով կամ օգտագործել մանրէասպան կպչուն սպեղանի: Միջատների խայթոցներից առաջացած ճանկռվածքները, կենցաղային վնասվածքները (օրինակ՝ դանակով կտրած, ձկան փշով ծակած վերքերը ևն) նույնպես հարկավոր է մշակել վերոհիշյալ դեղանյութերով:
Եթե վնասված հատվածում ի հայտ են գալիս կարմրություն, այտուց և ցավեր, հարկավոր է դիմել բժշկի: Մ. թ. հ-յան տարածումից խուսափելու համար խորհուրդ չի տրվում լվանալ մաշկի թարախակալած հատվածները, այլ պետք է դրանց շրջապատող մաշկն ամեն օր մաքրել քափուրի սպիրտով, սալիցիլաթթվի 1 %-անոց լուծույթով կամ օղիով: Թարախակալած օջախ ի հայտ գալիս տաքացնող կոմպրես չի թույլատրվում, այն նպաստում է բորբոքման տարածմանը: