Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժանում են էպիթելային (ծածկութային), շարակցական (ոսկրային, աճառային և. բուն շարակցական), մկանային, նյարդային, ինչպես նաև հեղուկ (արյուն և ավիշ) հյուսվածքների:

Էպիթելային հյուսվածքը կամ էպիթելը բնորոշվում է բջիջների միմյանց շատ սերտ կպումով և միջբջջային նյութի սակավ պարունակությամբ: Էպիթելը ծածկում է մարմնի մակերևույթը (մաշկի մակերեսային շերտը՝ վերնամաշկը), մարմնի խոռոչների և սնամեջ ներքին օրգանների ներքին մակերևույթները: Բացի ծածկութայինից, գոյություն ունի նաև գեղձային էպիթել, որից կազմված են գեղձերը:

Բուն շարակցական հյուսվածքը (փուխր և պինդ թելքային) կազմված է բջիջներից և մեծ քանակությամբ միջբջջային նյութից, որում տարբերում են հիմն. նյութ և թելքային կառուցվածքներ (կոլագենային, առաձգ., ցանցանման՝ ռեթիկուլային թելքեր): Շարակցական հյուսվածքը կատարում է սնուցող (կապված է բջիջների սնուցման հետ և մասնակցում է նյութափոխանակությանը), պաշտպան.՝ իմունային հակամարմիններ մշակող (տես Իմունիտետ), մեխ. (կազմում է օրգանների կմախքը, նրանց թաղանթները՝ փակեղները, ինչպես նաև կապանները, ջլերը) և պլաստիկ. (մասնակցում է վերքերի ապաքինմանը, սպիների առաջացմանը) ֆունկցիաներ:

Ոսկրային հյուսվածքը, որից կառուցվում են կմախքի ոսկրերը, կազմված է ոսկրային բջիջներից, անօրգ. (հիմնականում կալցիումի) աղերով ներծծված հիմն. նյութից, որը ոսկրին տալիս է բավականին ամրություն, և օրգ. նյութերից, որոնցով պայմանավորված են ոսկրի ճկունությունն ու առաձգականությունը:

Աճառային հյուսվածքն իրենից ներկայացնում է միջբջջային նյութում ամփոփված աճառային բջիջների խմբեր: Ապակենման (հիալինային) աճառը բաղկացած է կիսաթափանցիկ միջբջջային նյութից: Դրանով ծածկված են ոսկրերի հոդամակերեսները, այն կազմում է կողոսկրերի աճառային մասը, շնչուղիների աճառային կիսաօղակները: Ներարգանդային զարգացման ժամանակ կմախքի ոսկրերի մեծ մասը կազմված է հիալինային աճառից: Առաձգական աճառը դեղնավուն է և պակաս թափանցիկ, քանի որ նրա միջբջջային նյութում պարունակվում են առաձգական թելքեր: Մտնում է ականջախեցու և կոկորդի որոշ աճառների կազմության մեջ, թելքավոր աճառն ավելի ամուր է՝ շնորհիվ միջբջջային նյութում պարունակվող մեծ քանակությամբ կոլագենային թելքերի: Նրանից կազմված են միջողնային սկավառակները:

Հեղուկ հյուսվածքներից է արյունը, որը կազմված է պլազմայից և նրա մեջ գտնվող արյունային մարմնիկներից (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ): Արյունը, ավիշը և բաղադրությամբ ավշին մոտ հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին միջավայրը: Ողողելով բոլոր բջիջները՝ նրանք կենսագործունեության համար անհրաժեշտ նյութեր են մատակարարում և հեռացնում նյութափոխանակության վերջն. արգասիքները: Ի տարբերություն անընդհատ փոփոխվող արտաքին միջավայրի՝ ներքին միջավայրը բնորոշվում է բաղադրության և ֆիզքիմ. հատկությունների դինամիկ կայունությամբ:

Մկանային հյուսվածքի (որում կան կծկողական կառուցվածքներ) շարքն են դասվում հարթ, միջաձիգ զոլավոր և սրտի մկանային հյուսվածքները: Հարթմկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների, արյունատար անոթների պատերում, մաշկում, ակնագնդի ներսում: Այն կծկվում է գիտակցությունից անկախ: Մկանների աշխատանքի շնորհիվ իրականանում են մարմնի շարժումները, նրա տեղափոխությունը տարածության մեջ (միջաձիգ զոլավոր մկաններ), օրգանների պատերի լարումը, դրանց ծավալի փոփոխությունները (հարթմկանային հյուսվածք): Սրտամկանի հյուսվածքը կառուցվածքով նման է հարթմկանայինին, բայց ֆունկցիան ոչ կամային է:

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից (նեյրոններ) և դրանց միջև տեղադրված միջանկյալ տարրերից (նեյրոգլիա): Նյարդային բջիջներն օժտված են ֆիզիոլոգ. հատկություններով՝ գրգռողականությամբ և հաղորդականությամբ: Գրգռվելիս նյարդային բջիջը դրդվում է, առաջացնում նյարդային ազդակ և այն հաղորդում մյուս նյարդային բջջին: Ամբողջ նյարդային համակարգը կառուցված է նյարդային հյուսվածքից:

Մի քանի հյուսվածքներից, որոնցից մեկն ունի առաջատար ֆունկցիա, կազմվում են օրգանները: Միասնական ֆունկցիա կատարող և կառուցվածքի ու զարգացման ընդհանրություն ունեցող օրգանները միավորվում են օրգան-համակարգերում, որոնք փոխկապակցված են և կազմում են միասնական օրգանիզմը: Տարբերում են հետևյալ օրգան-համակարգերը. 1. շարժողության օրգանների համակարգ, որի կազմի մեջ են մտնում ոսկրային համակարգը, հոդակապանային համակարգը (կատարում է հենարանային և օրգանները վնասվածքներից պաշտպանելու ֆունկցիաներ) և մկանային համակարգը (իրականացնում է մարմնի և նրա մասերի տեղափոխությունը), 2. մարսողական համակարգ (միավորում է մարսողության ֆունկցիա կատարող օրգանները), 3. շնչառական համակարգ (ընդգրկում է շնչառության օրգանները, որոնք ապահովում են օրգանիզմի և շրջապատող միջավայրի միջև գազափոխանակությունը), 4. միզարտադրության համակարգ, որի կազմի մեջ են մտնում օրգանիզմից նյութափոխանակության վերջն. արգասիքների հեռացումն իրականացնող օրգանները, 5. սեռ. համակարգ, միավորում է տեսակի պահպանումն ապահովող բազմացման օրգանները (տես Սեռական օրգաններ), զարգացման և կառուցվածքի տեսակետից միմյանց սերտորեն կապված միզային և սեռ. համակարգերը կազմում են միզասեռական համակարգը, 6. սիրտանոթային համակարգը միավորում է սիրտը, արյունատար և ավշային անոթները, որոնք ապահովում են արյան ու ավշային շրջանառությունը, 7. զգացողության օրգանների (տես Զգայարաններ) համակարգն ընկալում է արտաքին միջավայրի գրգիռները: Զգացողության օրգաններ են աչքը, ականջը, քթի խոռոչում տեղադրված հոտառության օրգանը (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ինչպես նաև համի օրգանը՝ լեզվի համային պտկիկները (տես Բերանի խոռոչ) և շոշափելիքի օրգանը (տես Մաշկ), 8. ներզատիչ օրգանների (գեղձերի) համակարգը (տես Ներզատիչ համակարգ) իրականացնում է բոլոր գործընթացների քիմ. կապն ու կարգավորումն օրգանիզմում, 9. նյարդային համակարգը միավորում է օրգաններն ու համակարգերը որպես 1 միասնական օրգանիզմ, իրականացնում է կապը շրջապատող միջավայրի հետ, ապահովում ֆունկցիաների կարգավորումը:

Մարդու ներարգանդային զարգացումը (էմբրիոգենեզ): Արական սեռ. բջիջները՝ սերմնաբջիջները (տես Սերմնահեղուկ), զարգանում են արական սեռ. գեղձում՝ ամորձիներում, կանանց սեռ. բջիջները (ձվաբջիջները)՝ ձվարաններում: Ձվաբջիջներն էպիթելային թաղանթային բջիջների հետ մեկտեղ գոյացնում են, այսպես կոչված, առաջնային նախն. ձվարանային բշտեր՝ ֆոլիկուլներ (գրաֆյան բշտեր): Ձվաբջիջն ակտիվ շարժողությունից զուրկ խոշոր բջիջ է: Սեռ. հասունացումից հետո յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ժամանակ (այսինքն 28 օրը 1 անգամ) միայն 1 ձվարանային ֆոլիկուլում լրիվ հասունանում է 1 ձվաբջիջ: Սովորաբար դաշտանն սկսվելուց 14 օր առաջ տեղի է ունենում ձվազատում, ֆոլիկուլը պատռվում