Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, ձվաբջիջը դուրս է գալիս փոքր կոնքի խոռոչ, այնտեղից ուղղվում արգանդափողի ձագարաձև լայնացած որովայնային ծայրը և արգանդափողի պատի մկանունքի կծկումների ու լորձաթաղանթի թարթիչների շարժումների շնորհիվ նրա լուսանցքով տեղաշարժվում է դեպի արգանդ: Ձվաբջիջը 24 ժ պահպանում է բեղմնավորվելու հատկությունը: Սերմնաբջիջը, շարժվելով կանանց սեռ. ուղիներով և արգանդափողով, թափանցում է ձվաբջիջ և բեղմնավորում այն: Առաջանում է նոր բջիջ՝ զիգոտ, որը միավորում է միաձուլվող սեռ. բջիջների սաղմերն ու հատկությունները: Զիգոտն սկսում է բաժանվել, զարգանում է բազմաբջիջ սաղմը: Բեղմնավորման պահից սկսած 6-րդ օրը սաղմն ընկնում է արգանդ և ներդրվում նրա լորձաթաղանթի հաստության մեջ, որտեղ և տեղի են ունենում հետագա բաժանման, աճման և տարբերակման չափազանց բարդ գործընթացները: Մարդու ներարգանդային զարգացումը տևում է միջին հաշվով 280 օր կամ 10 լուսնամիս: Տարբերում են ներարգանդային զարգացման սաղմնային շրջան (1-ին 8 շաբաթը), այնուհետև՝ պտղի զարգացման շրջան, որն ավարտվում է երեխայի ծննդով: Շատ վաղ, մինչև սաղմի մարմնի ձևավորումը, նրա շուրջը ձևավորվում են շուրջսաղմնային թաղանթներ, որոնք պայմաններ են ստեղծում սաղմի սնման ու զարգացման համար: Սկզբում պտղաձվի մակերևույթին առաջանում է թավիկների զանգված, որը, թափանցելով արգանդի լորձաթաղանթի մեջ, մոր արյունից ստանում է անհրաժեշտ սննդանյութեր: Հետագայում թավիկները մնում են միայն պտղաձվի այն կողմում, որն անմիջապես կպած է արգանդի պատին: Այստեղ թավիկները տարածվում են ու խորանում արգանդի հաստացած ու փխրունացած լորձաթաղանթի հաստության մեջ: Այսպիսով գոյանում է ընկերքը, որը պորտալարով միացած է պտղին (տես Հղիություն): Սաղմնային շրջանում սկզբնավորվում և ձևավորվում են օրգաններն ու հյուսվածքները, իսկ շատ օրգաններ սկսում են գործել զարգացման շրջանում: Օրինակ՝ սաղմի սիրտը կծկվում է արդեն ներարգանդային զարգացման 1-ին ամսվա վերջին: Երբ սաղմը դեռևս 2 մմ է, այնտեղ արդեն կազմավորվում են մարմնի առանցքային օրգանները՝ թիկնալարը (քորդա), որը պարզունակ հենարան է մարմնի փափուկ տարրերի համար, և նյարդային խողովակը՝ ամբողջ նյարդային համակարգի սկզբնավորումը: Այդ ժամանակ էլ ձևավորվում են, այսպես կոչված, սաղմնային թերթիկները, որոնց տարբերակումն ընկած է հյուսվածքների և օրգանների ձևավորման հիմքում՝ արտաքին (էկտոդերմ), միջին (մեզոդերմ) և ներքին (էնդոդերմ): Արտաքին սաղմնային թերթիկից գոյանում են նյարդային համակարգը (գլխուղեղ և ողնուղեղ, նյարդահանգույցներ և նյարդեր), զգայարանները, վերնամաշկը և մաշկի հավելումները (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), բերանի խոռոչի և հետանցքի էպիթելային ծածկույթները: Նյարդային համակարգը և զգայարանները սկզբնավորվում են արտաքին սաղմնային թերթիկում, որովհետև այն անմիջապես հաղորդակցվում է շրջապատող միջավայրի հետ: Միջին սաղմնային թերթիկից զարգանում են սիրտը և արյունատար անոթները, կմախքը (ոսկրային և աճառային հյուսվածքները), մկանային համակարգը, միզասեռ. համակարգի էպիթելը և թոքերի (կրծքամիզ), սրտի (սրտապարկ), որովայնի օրգանների (որովայնամիզ), ամորձիների թաղանթները: Ներքին սաղմնային թերթիկը ծածկում է մարսող. խողովակը և շնչառության օրգանները, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիքները, կազմավորում՝ մարսող. գեղձերը (լյարդ, ենթաստամոքսային գեղձ ևն), ինչպես նաև շատ ներզատիչ գեղձեր:

8 շաբաթական սաղմի երկար 3-3,5 սմ է, քաշը՝ մոտ 4 գ, պարանոցն առանձնանում է, գլուխը՝ կլորանում, նշմարվում են դիմագծերը, վերջույթները՝ երկարում, ձևավորվում են նրանց բոլոր բաժինները: Արտաքին սեռ. օրգաններն այնքան են զարգանում, որ հնարավոր է որոշել սաղմի սեռը: 9-րդ շաբաթից սկսվում է պտղի զարգացման շրջանը (սաղմը դառնում է պտուղ): 3-րդ ամսվա վերջին պտղի քաշը 40 գ է, երկար.՝ 8-9 սմ, դեմքը զարգացած է, քիթը՝ առաջ ցցված, շրթունքները՝ ձևավորված: Սկսում են զարգանալ եղունգները, գրեթե բոլոր ոսկրերում ի հայտ են գալիս ոսկրացման օջախներ: 4-րդ ամսում ձևավորվում են դեմքի առանձնահատկությունները, 5-րդում՝ մաշկը ծածկվում է աղվամազով, մայրն արդեն զգում է պտղի շարժումները, կարելի է լսել սրտի բաբախումները: 6-րդ ամսում ձևավորվում են հոնքերը, 7-ում բացվում են կոպերը, 8-րդ ամսում գոյանում է ենթամաշկային ճարպաբջջանքը, տղաների ամորձիներն սկսում են իջնել ամորձապարկ: 10-րդ ամսում հասուն պտղի մաշկի աղվամազերը թափվում են, բայց այն ծածկված է լոռանման քսուքով: Եղունգները երկարում են, ձեռքերը ոտքերից մի քիչ երկար են մնում: Տղաների ամորձիներն արդեն գտնվում են ամորձապարկում: Պտղի զարգացումն ավարտվում է ծննդաբերությամբ:

Մ-ու մարմնի ձևերի ու համաչափության հետագա զարգացումը տեղի է ունենում նորածնության, վաղ մանկ., մանկ, և դեռահասության շրջաններում (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն):

Մարդու մարմնի կաոուցվածքը: Մ-ու, ինչպես նաև բոլոր ողնաշարավոր կենդանիների մարմինը կառուցված է երկկողմանի համաչափ (զուգաչափ), այսինքն՝ երկայնակի միջին հարթությամբ այն կարելի է բաժանել իրար նման 2 կեսի: Բայց շատ ներքին օրգաններ (հատկապես՝ կենտ) տեղադրված են անհամաչափորեն: Օրինակ՝ սրտի մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ կեսում, լյարդն զբաղեցնում է որովայնի խոռոչի աջ վերին մասը ևն: Մ-ու մարմինը կազմում են գլուխը, պարանոցը, իրանը և վերին ու ստորին վերջույթները (նկ. 1-5): Մարմնի յուրաքանչյուր մասը բաժանվում է բաժինների. գլուխը՝ ուղեղային գանգի և դեմքի, պարանոցը՝ հետին և առաջային (իսկական) պարանոցի, իրանը՝ մեջքի, կրծքի և որովայնի, վերին վերջույթը (ձեռք)՝ բազկի, արմունկի, նախաբազկի և ձեռնաթաթի, ստորին վերջույթը (ոտք)՝ ազդրի, ծնկի, սրունքի և ոտնաթաթի:

Մարմնի ձևը (մարմնակազմվածք) որոշվում է այն կազմող մասերի երկարության ու լայնության հարաբերակցությամբ: Մարմնակազմվածքին հատուկ են արտահայտված սեռային և տարիքային անհատ. առանձնահատկությունները: Աճման ընթացքում մարմինը (հատկապես՝ գլուխը) համեմատաբար փոքր է մնում, իսկ պարանոցն ու վերջույթները երկարում են: Տղամարդու մարմինը տարբերվում է մեծ չափերով, նեղ կոնքով և լայն ուսերով: Կնոջ մարմինն ավելի կարճ է, ուսերը նեղ են, կոնքը՝ լայն: Նույն սեռի և տարիքի մարդկանց մարմնակազմվածքները համեմատելիս ի հայտ են գալիս անհատ. տարբերություններ: Մարմնակազմվածքի տեսակը, որը բնորոշվում է բարձր հասակով, համեմատաբար կարճ մարմնով, երկար պարանոցով, նեղ կրծքավանդակով և ուսերով, երկար վերջույթներով, դասվում է դոլիխոմորֆների շարքը, իսկ ցածր հասակով, լայն և կարճ կրծքավանդակով, լայն ուսերով և կարճ ստորին վերջույթներով մարմնակազմվածքը՝ բրախիմորֆների շարքը: Այդ 2 հակադիր տեսակների միջև գոյություն ունեն մարմնակազմվածքի միջին, անցումային տեսակներ:

Մարմինը ծածկված է մաշկով, որը կատարում է պաշտպան., արտազատ., ինչպես