Ոսկրային կմախքը մեխ. հենարան է Մ-ու մարմնի համար (տես Ոսկրային համակարգ): Ոսկրերը, նրանց միացումներն ու մկանները կազմում են հենաշարժ. ապարատը: Ոսկրերի միացումներում կատարվող շարժումներն իրականացվում են մկանային հյուսվածքով, որն օժտված է կծկվելու ունակությամբ (տես Մկանային համակարգ): Այդ պատճառով ոսկրերն ու նրանց միացումները համարում են հենաշարժ. ապարատի պասսիվ մաս, իսկ մկանները՝ ակտիվ մաս: Մ-ու կմախքը կազմված է իրանի (ողնաշար և կրծքավանդակը կազմող ոսկրեր), գլխի (գանգ) և վերին ու ստորին վերջույթների կմախքներից: Ողնաշարի և վերին ու ստորին վերջույթների ոսկրերը հիմնականում կատարում են հենման ֆունկցիա: Լծակների շարժող. ֆունկցիան հիմնականում կատարում են վերջույթների ոսկրերը, իսկ գանգը և ողնաշարային խողովակը գլխուղեղի և ողնուղեղի համար գոյացնում են լավ պաշտպանված զետեղարաններ: Կրծքավանդակի ոսկրերն արտաքին միջավայրի ազդակներից պաշտպանում են սիրտն ու թոքերը, իսկ կոնքի ոսկրերը (ողնաշարի հետ միասին)՝ որովայնի խոռոչի ներքին օրգանները, միզապարկը և ուղիղ աղիքը, կանանց մոտ՝ նաև արգանդը, ձվարաններն ու արգանդափողերը:
Գանգը պայմանականորեն բաժանվում է ուղեղային և դիմային բաժինների: Ուղեղային գանգը ոսկրային զետեղարան է գլխուղեղի, լսողության ու հավասարակշռության օրգանների և մասամբ տեսողության օրգանի համար: Այն կազմված է ճակատոսկրից, 2 քունքոսկրից, ծոծրակոսկրից, սեպոսկրից և մաղոսկրից: Դիմային գանգը կազմված է զույգ վերին ծնոտային ոսկրերից, այտոսկրերից և կենտ ստորին ծնոտոսկրից՝ գանգի միակ շարժուն ոսկրը, բացառությամբ վերջինիս, գանգի բոլոր ոսկրերը միացած են անշարժ կարաններով: Դիմային գանգի վրա կենտր. դիրք է գրավում քթի խոռոչը, որը շնչուղիների սկզբն. բաժինն է: Այնտեղ է գտնվում նաև հոտառության օրգանը, որի առաջային բաժինը՝ արտաքին քիթը, կազմված է զույգ քթոսկրից և աճառներից: Մի քիչ վերև, աջ և ձախ տեղադրված են ակնակապիճները: Վերին և ստորին ծնոտները մասնակցում են բերանի խոռոչի՝ մարսող. համակարգի սկզբն. բաժնի կազմավորմանը: Ուղեղային գանգի վերին մասում (գանգաթաղ) զարգացած մկաններ չկան: Դեմքի շրջանում տեղադրված են ծամիչ (շարժում են ստորին ծնոտը) և աչքի, քթի ու բերանի շուրջ դասավորված դիմախաղի մկանները: Դրանք պայմանավորում են հոնքերի, քթանցքերի, շրթունքների ձևը և դեմքի հուզականության ապահովումը:
Ողնաշարը մարմնի հենարանն է, որը պահում է գլխի, իրանի և վերին վերջույթների ծանրությունը (մարմնի քաշի 2/3-ը) և այն տեղափոխում կոնքի ու ստորին վերջույթների վրա: Ողնաշարը բաղկացած է 32-33 առանձին ողներից, որոնցից վերջին 6-9-ը սերտաճում են՝ գոյացնելով սրբոսկրն ու պոչուկը: Տարբերում են ողնաշարի պարանոցային (7 ողն), կրծքային (12), գոտկային (5), սրբոսկրային (5) և պոչուկային (3-4) բաժիններ: Ողներն իրար են միանում միջողնային աճառներով (սկավառակներ) և կապաններով: Ողնաշարի պարանոցային բաժինը պարանոցի ոսկրային հիմքն է, նրա առջևում մկաններով գոյանում է մի տարածություն, որն ընդգրկում է ըմպանը (դեպի ցած այն վերածվում է կերակրափողի), ինչպես նաև կոկորդն ու շնչափողի մի մասը, այստեղ են տեղադրված նաև վահանագեղձն ու հարվահանագեղձերը, անցնում են խոշոր արյունատար անոթներ և նյարդեր (թափառող, ստոծանիական, պարանոցային հյուսակը ևն):
Ողնաշարի կրծքային բաժինը 12 զույգ կողոսկրերի կպման տեղն է. կողոսկրերը (բացառությամբ ստորին 2 զույգի), միանալով կրծոսկրի հետ, գոյացնում են կրծքավանդակը, իսկ փափուկ հյուսվածքների հետ՝ կրծքի պատը, որով սահմանազատվում է կրծքի խոռոչը: Ներքևում այդ խոռոչը որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով, վերևում վերածվում է պարանոցի շրջանի: Կրծքի պատը ներսից ծածկված է բարակ փայլուն թաղանթով՝ առպատային կրծքամզով (տես Շնչառական համակարգ), որը թոքերի համար ստեղծում է զետեղարան: Թոքերի միջև գտնվող տարածությունը (կրծքամզով ծածկված) կոչվում է միջնորմ, որի մեջ՝ առջևում (կրծոսկրի և կողաճառների հետևում), ստոծանու վրա տեղադրված է սիրտը՝ սրտապարկում պարփակված (տես Սիրտանոթային համակարգ): Սրտից դուրս է գալիս աորտան, որը, աղեղ գոյացնելով, ուղղվում է հետ՝ դեպի ողնաշարը, և շարունակվում ներքև՝ մինչև ստոծանու աորտային բացվածքը: Թոքային ցողունը, դուրս գալով սրտի աջ փորոքից, ուղղվում է վեր և ձախ, բաժանվում դեպի թոքերը գնացող աջ և ձախ թոքային զարկերակների: Միջնորմում, սրտի վերևում գտնվում են երակները (սիրտը թափվող վերին սիներակը և բազկագլխային երակները), սրտի ներքևում՝ նրա մեջ թափվող ստորին սիներակը: Պարանոցի շրջանում շնչափողը, մտնելով միջնորմ, սրտի հետևում բաժանվում է աջ և ձախ գլխ. բրոնխների: Ողնաշարի առջևով անցնում է կերակրափողը, որին ուղեկցում են թափառող նյարդերը, իսկ կողքերով ընթանում են աջ և ձախ սիմպաթիկ ցողունները, որոնցից դեպի որովայնի խոռոչ են ուղղվում ընդերային մեծ և փոքր նյարդերը, որոնք մասնակցում են արևային հյուսակի կազմությանը. դրանից նյարդեր են գնում դեպի ներքին օրգաններ (տես Վեգետատիվ նյարդային համակարգ): Դեպի ստոծանի են ուղղվում ստոծանիական նյարդերը: Կրծքի խոռոչով է անցնում գլխ. ավշային անոթը՝ կրծքային ծորանը, որը որովայնի խոռոչից (որտեղ և ձևավորվում է) այնտեղ է մտնում ստոծանու աորտային բացվածքով: Կրծքի խոռոչում գտնվող բազմաթիվ ավշային հանգույցներից (տես Ավշային համակարգ) մեծ նշանակություն ունի շնչափողաբրոնխային խումբը, որը գտնվում է շնչափողի երկատման տեղում: Միջնորմի վերին մասում տեղադրված է ուրցագեղձը (թիմուս), որը մեծ նշանակություն ունի իմունիտետի մեխանիզմներում:
Արտաքինից կրծքի առաջային պատը ծածկված է կրծքամկաններով. կրծքի ձևի վրա հատկապես ազդում է մեծ կրծքամկանը: Կրծքամկանների ուրվագծերը լավ երևում են զարգացած մկանունքով նիհար տղամարդկանց մոտ: Այդ շրջանում աջ և ձախ տեղադրված են կրծքագեղձերը: Տղամարդու պտուկի տեղադրությունը համապատասխանում է 4-րդ միջկողային տարածությանը, կնոջ մոտ փոփոխական է (տես Կաթնագեղձեր): Ողնաշարի և կրծոսկրի հետ կողերի շարժուն միացումները շնչառության ժամանակ ապահովում են կրծքավանդակի լայնացումը:
Ողնաշարի գոտկային բաժինը, ստորին կողերի և կոնքի ոսկրերի վերին ծայրերի հետ միանալով, դառնում է որովայնի խոռոչը սահմանազատող որովայնի լայն մկանների կպման տեղ: Որովայնի խոռոչի սահմաններն են՝ վերևում՝ կողային աղեղը, ներքևում՝ աճուկային ծալքերը և ցայլային համաճոնով իրար միացած ցայլոսկրերի վերին եզրերը, կողքերից՝ միջին անութային գծերի շարունակությունը: Որովայնի առաջային և կողմնային պատերը գոյանում են մկաններով, որոնք ոչ միայն մասնակցում են իրանի ու կրծքավանդակի շարժումներին, այլև իրենց կծկումներով բարձրացնում են ներորովայնային ճնշումը՝ պահելով ներքին օրգաններն իրենց դիրքում և նպաստելով դրանց դատարկմանը: Որովայնի առաջային պատի միջին գծի վրա