Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնվում է պորտը՝ փոսիկը, որը եզերված է ջլային օղով և լցված է սպիական հյուսվածքով ու ճարպով: Որովայնի առաջային պատի ստորին բաժիններում գտնվում է աճուկային խողովակը, որի միջով անցնում է տղամարդու սերմնալարը, իսկ կանանց մոտ՝ արգանդի կլոր կապանը: Որովայնի խոռոչի բարձրությունը բավականաչափ գերազանցում է որովայնի առաջային պատի երկարությանը: Դա բացատրվում է նրանով, որ ստոծանու գմբեթաձև կառուցվածքի շնորհիվ վերևում գոյանում են ենթակողային ծավալուն տարածություններ, իսկ ներքևում՝ կոնքի խոռոչն է: Որովայնի խոռոչում (նկ. 6)՝ ստոծանու տակ (աջ կողմում), գտնվում է լյարդը՝ լեղապարկի հետ միասին, իսկ ձախում՝ ստամոքսը և փայծաղը, ներքևում՝ բարակ աղիքը, որի գալարներն աջից, վերևից և ձախից շրջապատված են հաստ աղիքով (տես Մարսողական համակարգ): Որովայնի խոռոչի պատերը պատված են բարակ, հարթ, փայլուն և խոնավ թաղանթով՝ որովայնամզով, որը ծածկում է նաև օրգանների մեծամասնությունը: Դրանց մի մասի համար որովայնամիզը գոյացնում է կրկնակի ծալքեր՝ միջընդերք, որից օրգանները կարծես կախված լինեն: Դրանով ապահովվում է բարակ աղիքի, որդանման ելունի, սիգմայաձև աղիքի շարժունակությունը: Ստամոքսի ստորին ծայրից կախված է որովայնամզի՝ ճարպով ներծծված ծալքը (մեծ ճարպոնը), որը գոգնոցի նման առջևից ծածկում է ներքին օրգանները: Որովայնամիզը նպաստում է օրգանների փոխադարձ անարգել շարժմանը (օրինակ՝ աղիքների գալարակծկանքի ժամանակ), այն նաև պաշտպան. նշանակություն ունի: Որովայնի խոռոչի հետին պատի հետորովայնամզային տարածության մեջ (նկ. 7)՝ ողնաշարի գոտկային հատվածի 2 կողմում գտնվում են երիկամները՝ մակերիկամներով հանդերձ, իսկ ողնաշարի լայնքով, պորտի մակարդակից մի քիչ վերև՝ ենթաստամոքսային գեղձը: Ողնաշարին զուգահեռ (նրա երկայնքով) անցնում են աորտան (ձախից) և ստորին սիներակը (աջից):

Որովայնի խոռոչը ներքևում վերածվում է կոնքի խոռոչի: Կոնքը կազմավորվում է կոնքոսկրերով՝ նրանց մկանների ու կապանների հետ միասին, և սրբոսկրով՝ պոչուկի հետ միասին: Ներքևից նրա պատն առաջացնում են շեքի մկաններն ու փակեղները, որոնք բաժանվում են առաջային (միզասեռ. ստոծանի) և հետին (կոնքի ստոծանի) մասերի: Միզասեռ. ստոծանիով անցնում են տղամարդու մոտ՝ միզուկը, կնոջ մոտ՝ միզուկը և հեշտոցը: Ուղիղ աղիքի վերջնային բաժինը, որն ավարտվում է հետանցքով, անցնում է կոնքի ստոծանիով: Կոնքում տեղադրված են միզապարկը, ուղիղ աղիքը և ներքին սեռ. օրգանները (կնոջ մոտ՝ արգանդը, արգանդափողերը, ձվարանները, տղամարդու մոտ՝ շագանակագեղձը, սերմնաբշտերը և սերմնատար ծորանները): Կոնքի կառուցվածքում գոյություն ունեն սեռային տարբերություններ, կնոջ կոնքը տղամարդու կոնքից լայն է ու կարճ, ցայլային անկյունը բութ է, տղամարդունը՝ սուր: Կնոջ կոնքի այս առանձնահատկությունները պայմանավորում են նրա նշանակությունը՝ որպես ծննդաբեր. խողովակի (տես Ծննդաբերություն):

Վերին և ստորին վերջույթների կմախքն ունի կառուցվածքի ընդհանուր նախագիծ: Մ-ու երկարատև էվոլյուցիոն զարգացման ընթացքում (ֆիլոգենեզ) ձեռքը կորցրել է հենարանային ֆունկցիան և դարձել (հատկապես ձեռնաթաթը) Մ-ու մարմնի ամենաշարժուն ապարատը՝ կատարելով բազմազան շարժումներ, որոնք աչքի են ընկնում բարդությամբ և ճշգրտությամբ:

Վերին վերջույթի (որպես մասնագիտացված նուրբ շարժումներ կատարող օրգանի) ոսկրերի և հոդերի կառուցվածքը համապատասխանում է նրա ֆունկցիային: Վերին վերջույթի կմախքը կազմում են թիակը, անրակը, բազկոսկրը, նախաբազկի 2 ոսկրը (ճաճանչոսկրն ու ծղիկոսկրը) և ձեռնաթաթի կմախքը, որը բաղկացած է դաստակի, նախադաստակի ոսկրերից և մատոսկրերից: Ոսկրերն իրար են միացած հոդերով ու կապաններով՝ գոյացնելով փոխկապակցված շղթաներ, որոնք աշխատում են լծակների սկզբունքով: Շարժումների բնույթը պայմանավորված է հոդի ձևով և մկանների քարշուժի ուղղությամբ: Անրակի և թիակի շարժումներն իրականանում են ուսագոտու հոդերում: Անրակը բարձրանում է և իջնում, շարժվում հետ ու առաջ: Նրա հետ շարժվում է նաև թիակը (վերև, ներքև, դեպի դուրս ու ներս): Այդ շարժումները կատարվում են ուսագոտու, կրծքավանդակի և թիակի մկաններով: Բազկոսկրի հոդային մակերևույթի գնդաձևությունը վերին վերջույթին հնարավորություն է տալիս կատարել ազատ շարժումներ ցանկացած ուղղությամբ և պտտվել իր առանցքի շուրջը: Ճախարակաձև արմնկային հոդում նախաբազուկը կատարում է ծալում և տարածում, կողմնային շարժումներն անհնար են: Նախաբազկի ոսկրերը (ծղիկոսկրը և ճաճանչոսկրը) միացած են համատեղ գործող վերին ու ստորին գլանաձև հոդերով, որոնց շնորհիվ իրականանում է նախաբազկի պտույտը՝ ներս և դուրս: Այս դեպքում ճաճանչոսկրը կարկինի ոտիկի պտտական շարժումներ է կատարում անշարժ ծղիկոսկրի շուրջը: Ճաճանչոսկրն