Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պահանջող ֆիզ. վարժություններից: Այս մարզաձևն ընդհանուր ֆիզ. լավ պատրաստվածությամբ մարդկանց համար է, ներառում է բազմազան վարժություններ ու դրանց բարդ ձևերը և ուղեկցվում է մարզիկի կատարելագործումը խթանող մրցումներով: Սպորտային Մ-յանը բնորոշ է մարմնամարզ. ոճը կամ վարժությունների կատարման յուրատիպությունը, որին հատուկ են հղկվածությունն ու արտահայտչականությունը: Սպորտային Մ. ներառում է տղամարդկանց համար՝ օղակներով, զուգափայտերի, պտտաձողի, թափանժույգի վրա, հենացատկի և ազատ վարժություններ, կանանց համար՝ տարբեր բարձրության զուգափայտերի, մարմնամարզ. գերանի վրա, հենացատկի և ազատ վարժություններ: Մարմնամարզ. գործիքների վրա կատարվող վարժությունները զարգացնում են մկանային ուժը (հատկապես ձեռքերի և իրանի), ամրապնդում հոդերը և ջլերը, հենացատկերը, ազատ և մարմնամարզ. գերանի վրա կատարվող վարժություններն ամրացնում են ոտքերի մկանները, կատարելագործում են շարժումների համաձայնեցումը և ճշգրտությունը, հավասարակշռություն պահպանելու ունակությունը: Տարածության մեջ մարմնամարզիկի մարմնի դիրքերի բազմակի փոփոխությունները և տարբեր հարթություններում կատարվող վարժությունները մարզում են անդաստակային ապարատը և կիրառվում օդաչուների, տիեզերագնացների, ծովայինների, վարորդների մասնագիտ. ուսուցման համար: Արյան շրջանառության և շնչառության վրա սպորտային Մ-յան ազդեցությունը կախված է վարժությունների բնույթից, աշխատող մկանների քանակից, մարզումների լարվածությունից և տևողությունից: Մրցումների ժամանակ, հատկապես մարմնամարզ. գործիքների վրա կատարած բարդ վարժություններից հետո, հաճախանում է մարզիկի անոթազարկը, բարձրանում է զարկերակային ճնշումը: Սպորտային Մ. բարձր պահանջներ է ներկայացնում նաև սիրտանոթային, շնչառ. և օրգանիզմի կարևոր մյուս համակարգերին, ուստի անհրաժեշտ է մշտ. բժշկ հսկողություն: Այս մարզաձևով պարապել թույլատրվում է աղջիկներին՝ 7-9, տղաներին՝ 7-10 տարեկանից:

Ակրոբատիկայում հիմնականում կիրառվում են թռիչքներ, սալտոներ, գլուխկոնծիներ, որոնք նպաստում են ճարպկության, ուժի և մարմնի ճկունության զարգացմանը (տես Ակրոբատիկա):