Գեղարվեստ. Մ. կանանց ֆիզ. դաստիարակության լավագույն միջոցներից է և բաղկացած է պարաձևերով կատարվող վարժություններից, ճկուն շարժումներից: Այս մարզաձևում օգտագործվում են ակրոբատիկ. ռիթմային վարժություններ, դասական, ժող. և ժամանակակից պարերի տարրեր, քայլք, վազք, թռիչքներ, հավասարակշռության, առարկաներով (օղակներով, ժապավեններով, ցատկապարաններով, գուրզերով) վարժություններ: Գեղարվեստ. Մ. զարգացնում է նյարդային համակարգի համաձայնեցված մեխանիզմները, շարժումների ճշգրտությունը, աչքաչափը, մարմնի ճկունությունը: Այս մարզաձևով կարելի է զբաղվել 7-9 տարեկանից:
Կիրառական Մ-յան ձևերը. արտադրական Մ. աշխատանքային օրվա ընթացքում կատարվող ֆիզ. վարժություններ են, որոնք պահպանում են աշխատողների կամ ուսանողների առողջությունը, աշխատունակության բարձր մակարդակը, աշխատանքի արտադրողականությունը (տես Արտադրական մարմնամարզություն): Մասնագիտակիրառական Մ. օգտագործվում է մասնագիտ. տեխ. ուս. հաստատությունների ուսանողների ֆիզ. պատրաստականությունում: Այն ներառում է առավելապես շարժ. ունակություններ զարգացնող վարժություններ, որոնք անհրաժեշտ են այս կամ այն մասնագիտությանը (օրինակ՝ ատաղձագործին, մոնտաժող-վերնաշխատին ևն):
Մարզակիրառական Մ. ֆիզ. պատրաստականության միջոցների և մեթոդների համալիր է, որը նպաստում է որոշակի մարզաձևում բարձր մարզ. արդյունք նվաճելուն: Այստեղ օգտագործվում են առարկաներով և առանց դրանց, մարզագործիքների վրա կատարվող և տվյալ մարզաձևի յուրահատկություններին համապատասխանող ակրոբատիկ. ընդհանուր զարգացնող վարժություններ: Կիրառման ձևերն են ամենօրյա առավոտյան Մ., մարզումներից և մրցումներից առաջ նախավարժանքը և ընդհանուր ֆիզ. պատրաստականությունը:
Ռազմակիրառական Մ. ազգային բանակի զինվորների ֆիզ. պատրաստականության մաս է:
Բուժական Մ. բուժ. ֆիզիկական կուլտուրայի մաս է: Բուժ. Մ. սիրտանոթային և շնչառ. համակարգերի գործունեությունը կայունացնող համակողմանի ամրապնդող ֆիզ. վարժությունների հետ ներառում է նաև առանձին օրգանների խախտված գործունեությունը վերականգնող, բարդացումները կանխարգելող հատուկ վարժություններ:
Մ-յան ընդհանուր զարգացնող ձևերով զբաղվող մարդկանց բժշկական հսկողությունը ներառում է դպրոցներում, մասնագիտ. տեխ. ուս. հաստատություններում և այլուր պարբերաբար կատարվող բժշկ. զննումները, տարածքային բուժկանխարգելիչ հիմնարկների բժիշկների ստուգայցերը: Մ-յան մարզ. ձևերով զբաղվողների բժշկ. հսկողությունը կատարվում է կարգային մարզիկների բժշկ. հսկողության ընդհանուր կանոններով:
Արգելվում է սպորտային, գեղարվեստ. Մ-յամբ և ակրոբատիկայով զբաղվել սրտի արատ, երիկամների, լյարդի, շնչառ. օրգանների, հենաշարժ. ապարատի քրոնիկ. և այլ հիվանդություններ ունեցող անձանց:
Հիգիենային պահանջներ: Մ-յամբ զբաղվողների հագուստը չպետք է սահմանափակի շարժումները: Տղամարդիկ հագնում են մարզ. անդրավարտիք կամ վարտիք, մայկա, կանայք՝ հատուկ մարզահագուստ (թևքավոր լողազգեստի նման): Մարզ կոշիկները պետք է լինեն կաշվե ներբանով, առանց կոշկաքուղերի և կապիչների: Կարևոր է հետևել մաշկի մաքրությանը (պարապմունքներից հետո պետք է լողանալ տաք ցնցուղի տակ), ցանկալի է հաճախել օրգանիզմի վերականգնմանը նպաստող շոգե- կամ ֆինն. բաղնիք: Սպորտային Մ-յամբ պարապողները պետք է մանրազնին խնամեն ձեռքերի ափերը և մաշկը, որոնց վրա հաճախ առաջանում են կոշտուկներ և վնասվածքներ: Հարկավոր է մաշկը շփել գլիցերինով կամ այլ փափկացնող հատուկ քսուքով, զգուշորեն հեռացնել կոշտուկները, ափերի համար գործածել կաշվե բարակ կամ թանզիֆե ափակալներ:
ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, սննդի մեխ. և քիմ. մշակումը, նրանից սննդանյութերի դուրս բերումը և ներծծումն իրականացնող օրգանների ամբողջություն: Սննդի հետ ընդունած սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամինները և հանքային նյութերը հյուսվածքների ու բջիջների կողմից անփոփոխ վիճակով չեն յուրացվում: Մարսողության ընթացքում դրանք աստիճանաբար փոխակերպվում են ջրում լուծվող միացությունների. սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուների, ածխաջրերը՝ միաշաքարների, ճարպերը՝ գլիցերինի և ճարպաթթուների: Այդ բոլոր նյութերը ներծծվում են ստամոսքսաղիքային համակարգում և անցնում արյան ու ավշի, այնուհետև՝ բջիջների ու հյուսվածքների մեջ: Մ. հ. կազմված է մարսող. ուղուց և գեղձերից, որոնք արտադրում են մարսողության համար անհրաժեշտ գեղձազատուկ: Մարդու մարսող. ուղին 8-12 մ երկար. կորացած խողովակի տեսք ունի՝ լայնացումով (ստամոքս) և հանգույցներով (աղիքներ): Այն կազմված է հաջորդաբար իրար միացած մասերից՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, աղիքներ: Մարսող. ուղին ներսից ծածկված է լորձաթաղանթով, որը կատարում է մարսողության, ներծծման և արտաթորության ֆունկցիաներ: Հաջորդը մկանային շերտն է, որն ապահովում է կերակրի զանգվածի մանրումը, խառնումը և տեղափոխությունը: Որովայնի խոռոչում տեղադրված Մ. հ-ի օրգանները շատ տեղերում ծածկված են շճաթաղանթով (որովայնամիզ), որի թերթիկները կազմում են միջընդերքը կամ գոյացնում են այդ օրգանները պահող կապանները: Որովայնամզի թերթիկները ծածկում են որովայնի խոռոչի պատերը:
Մ. հ-ի օրգաններն առատորեն մատակարարվում են արյունատար և ավշային անոթներով, նյարդերով, որոնց միջոցով կարգավորվում է այդ օրգանների գործունեությունը: