Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, ենթարկվում թքի ազդեցությանը, և առաջանում է կերակրագունդ: Ատամները, լեզուն, թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Դանդաղ ուտելը, կերակուրը լավ ծամելը մարսողության օրգանների հիվանդությունների կանխարգելման կարևոր պայման են: Բերանի խոռոչի լորձաթաղանթը կատարում է նաև ներծծման (այս սկզբունքի վրա է հիմնված առանձին դեղանյութերի նշանակումը) և պաշտպան. (հիվանդածին բակտերիաներ ներթափանցելիս) ֆունկցիաներ: Հակամանրէային ազդեցությունն իրականանում է բերանի խոռոչը ծածկող լորձաթաղանթի առանձնահատկությունների, թքի համալիր ազդեցության, բերանի խոռոչի մշտ. մանրէային ֆլորային հակազդող հատկության շնորհիվ: Մանրէներից պաշտպանվելու հարցում կարևոր դեր ունեն ավշանման գոյացությունները, հատկապես՝ նշագեղձերը: Բերանի խոռոչի լորձաթաղանթում կան բազմաթիվ մանր և համաչափ դասավորված 3 զույգ մեծ թքագեղձեր, որոնց արտադրած գեղձազատուկը, թրջելով ու փափկացնելով կոշտ սնունդը, ապահովում է կերակրագնդի ձևավորումը և հեշտացնում կուլ տալը:

Թուքն օժտված է պաշտպան. ֆունկցիայով. այն ատամներն ու բերանի լորձաթաղանթը մաքրում է մանրէներից և կենսագործունեության նյութերից, ինչպես նաև սննդի մնացորդներից: Բնականոն պայմաններում մարդու մոտ օրական արտադրվում է 1,5-2 լ թուք: Սննդի տարբեր տեսակներից թքագեղձերը գրգռվում են տարբեր ձևերով: Կոշտ և չոր սնունդ, միս և համեղ կերակրատեսակներ ընդունելիս թքարտադրությունը լինում է առատ, իսկ փափուկ և հեղուկ սնունդ, ապուրներ, կաթ ընդունելիս՝ համեմատաբար քիչ քանակությամբ:

Ըմպանն անկանոն ձևի, դեպի ներքև քիչ նեղացած, առաջ-հետին ուղղությամբ տափակած, 12-14 սմ երկար. խողովակ է, որով կերակրագունդը բերանի խոռոչից անցնում է կերակրափող:

Կերակրափողը մկանային խողովակ է, որը ներսից ծածկված է լորձաթաղանթով: Գտնվում է ըմպանի և ստամոքսի միջև: Սկսվում է 6-7-րդ պարանոցային ողների մակարդակին, մտնում է հետին միջնորմ, այնտեղից ստոծանու կերակրափողային բացվածքով դուրս գալիս որովայնի խոռոչ 9-10-րդ կրծքային ողների մակարդակին և մտնում ստամոքսամուտք: Կերակրափողի միջին երկար. 25 սմ է: Տարբերում են կերակրափողի անատոմ. 3 նեղացում. 1-ինը գտնվում է սկզբն. հատվածում, 2-րդը՝ 4-րդ կրծքային ողնի մակարդակին, 3-րդը՝ ստոծանիականը, ավելի ներքև: Ձգվելիս կերակրափողի տրամագիծը 16-22 մմ է, կծկվելու պահին՝ 13-19 մմ, հասուն մարդու կերակրափողի պատերի հաստությունը 3,5-5,6 մմ է: Պատահաբար կուլ տված օտար մարմինները հաճախ խցկվում, մնում են կերակրափողի սեղմվածքներում, որոնց լորձաթաղանթի վրա թթուների և հիմքերի ազդեցությունն ավելի ուժեղ է արտահայտվում (տես Այրվածքներ): Այս առանձնահատկություններն իմանալը կարևոր է կերակրափողի հիվանդությունները բուժելիս:

Կլման գործողություններից դուրս ըմպանի անցումը դեպի կերակրափող փակ է: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում է մկանային ազդեցության և իր ծանրության ուժի տակ:

Ստամոքսն առաձգական պարկանման լայնացում է, որը սկզբն. մասում սահմանակից է կերակրափողի, իսկ ստորին մասում՝ 12-մատնյա աղիքի հետ: Ստամոքսի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի տոնուսից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիքներ) վիճակից ու փոխազդեցությունից և այլ գործոններից: Ստամոքսը գտնվում է որովայնի խոռոչի վերին բաժնում (մեծ մասը՝ ձախ թուլակողում): Այն իր ձևով հիշեցնում է եզան պոզ կամ կարթ: Տարողությունը խիստ անհատական է. հասուն մարդու մոտ հասնում է 2 լ: Ստամոքսն ունի 2 մակերևույթ՝ առաջային և հետին: Վերին գոգավոր եզրը կոչվում է փոքր կորություն, ստորին ուռուցիկը՝ մեծ կորություն, ստամոքսամուտքը և նրան հարակից հատվածը՝ կարդիա, ստամոքսաելքը (12-մատնյա աղիքին անցման հատվածը)՝ դրունք (պիլորուս): Ստամոքսամուտքից ձախ գտնվում է ստամոքսի գմբեթաձև արտացցվածքը, որը կոչվում է ստամոքսի թաղ (կամար) կամ հատակ: Հատակի և դրունքի միջև գտնվող մեծ հատվածը կոչվում է ստամոքսի մարմին: Ստամոքսը շարժուն օրգան է, նրա պատը կազմված է արտաքին՝ շճաթաղանթային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային շերտերից: Դրանց միջև գոյություն ունի շարակցական հյուսվածք: Շճաթաղանթը ստամոքսից հարևան օրգանների վրա անցնելիս գոյացնում է օրգաններն իրենց դիրքում պահող կապաններ: Մկանային շերտն առավել հզոր է, այն կազմված է երկայնական, շրջանաձև և թեք մկանախրձերից: Դրունքային մասի վերջում հաստացած օղակաձև շերտը կազմում է սեղման (սֆինկտեր): Լորձաթաղանթի հաստությունը 0,5-2,5 մմ է, առաջացնում է բարձրություններ (ծալքեր) և փոսիկներ: Ծալքերն առավելապես ունեն երկայնական, հազվադեպ՝ լայնական ուղղություն: Բնականոն լորձաթաղանթը ծածկված է հատուկ գեղձային բջիջների շերտով, որոնք ապահովում են լորձանման գեղձազատուկի արտադրությունը: Լորձաթաղանթի ավելի խոր շերտում գտնվում են գլխ. և շրջադիր բջիջներից կազմված գեղձեր: Այդ բջիջների գործունեության հետ է կապված ստամոքսահյութի առաջացումը, որի խիստ բարդ բաղադրությունը փոխվում է մարսողության տարբեր փուլերում:

Ստամոքսի հիմն. ֆունկցիան սննդի քիմ. մշակումն է և ոչ մեծ բաժինների տեղափոխումը 12-մատնյա աղիք: Դրա համար ստամոքսի շարժ. և արտազատ. ֆունկցիաները