Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քայքայող ազդեցություն են թողնում: Ժամանակակից բժշկագիտությունը հատուկ ուշադրություն է դարձնում կենցաղային քիմիայի պատրաստուկներից, թունաքիմիկատներից առաջացած թունավորումներին, իսկ քրոնիկ. թունավորման պատճառներից՝ ալկոհոլային խմիչքների (տես Ալկոհոլային հարբեցում) կամ դրանց փոխնյութերի չարաշահմանը և ինքնաբուժման ժամանակ դեղանյութերի առանց հսկողության օգտագործմանը: Քրոնիկ. ալկոհոլամոլությունը (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական), որպես կանոն, հանգեցնում է Մ.հ-ի օրգանների գործունեության ծանր խանգարումների (ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսաբորբ, լյարդի ցիռոզ): Ալկոհոլն առաջացնում է ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթի և գեղձային հյուսվածքի գրգռվածություն, փոխում ստամոքսահյութի թթվությունը, ընկճում ֆերմենտային համակարգերը, կազմալուծում լյարդաբջիջների բնականոն գործունեությունը, խանգարում նյութափոխանակությունը, հանգեցնում վիտամինային անբավարարության ևն: Ստամոքսաղիքային համակարգի խոցային հիվանդության և այլ հիվանդությունների առաջացմանը խիստ նպաստում է ծխելը: Նիկոտինի ազդեցությամբ արյունատար անոթները կծկվում են, հյութազատությունն արագանում է, նյարդային կարգավորման գործնթացները խանգարվում են: Որոշ դեղանյութերի երկարատև օգտագործումը ևս կարող է վնասակար ազդեցություն թողնել ստամոքսի լորձաթաղանթի, Մ.հ-ի մյուս օրգանների վրա՝ առաջացնելով սրտխառնոց, այրոց, փորկապություն:

Իրական վտանգ են ներկայացնում հեքիմների, այսպես կոչված, առողջության համադարմանները, որոնք հիմնականում անհամատեղելի կենսբ. հավաքածուներ կամ պատահական, հաճախ վնասակար խոտաբույսերի, քիմ. նյութերի խառնուրդներ են:

Կարևոր նշանակություն ունի սննդի բնույթը: Տարիքի, սեռի, մասնագիտության հետ հաշվեկշռված սննդի օրաբաժինը Մ.հ-ի բնականոն ֆունկցիայի գրավականն է (տես Սնուցում): Սննդամթերքի ցածր որակը, խոհարար. վատ մշակումը (տես Սննդամթերքի խոհարարական մշակում), քաղցրավենիքներով սննդի ծանրաբեռնումը, շատակերությունը կամ երկարատև քաղցը, սնուցման ռիթմի խախտումը և ընդունված նորմերից շեղումները հյուծում ու խանգարում են Մ. հ-ի ֆունկցիան, որը քրոնիկ. հիվանդությունների մեծ մասի (ստամոքսաբորբ, հաստ աղիքի բորբոքում, լեղապարկի բորբոքում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում ևն) առաջացման պատճառ է դառնում: Դրան նպաստում են նաև մոդայիկ, ինքնագործ սննդակարգերը, որոնք կազմվում են առանց հաշվի առնելու օրգանիզմի անհատ. հնարավորությունները և սնուցման սովորութային ռեժիմը:

Հոգեկան գերլարվածությունը, գերհույզային իրադրությունները բարենպաստ ֆոն են ստեղծում Մ. հ-ի վրա վերը թվարկած վնասակար գործոնների ազդեցության համար, իսկ հաճախ նաև մի շարք հիվանդությունների անմիջական պատճառ դառնում: Քաղաքակրթությունը, գիտատեխ. առաջընթացը ժամանակակից մարդուց պահանջում են աճող բեռնվածությունների, հոգեկան ու ֆիզ. ուժերի, օրգանիզմի կարգավորող համակարգերի մեծ լարման հանդեպ մշտ. հարմարվողականություն, որի խախտումները կարող են առաջացնել առանձին մարդկանց Մ. հ-ի ֆունկցիայի խանգարումներ: Ներկայումս այսպես է բացատրվում մի շարք հիվանդությունների (ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, Մ. հ-ի օրգանների շարժողության և ներզատ. ֆունկցիաների տարբեր խանգարումներ) առաջացումը: Աշխատանքային և ընտանեկան անբարենպաստ միջավայրը հաճախ կարող է հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների սրացումների:

Մի շարք դեպքերում հայտնաբերվում են Մ. հ-ի օրգանների առանձին հիվանդությունների նկատմամբ ընտանեկան-ժառանգ. նախատրամադրվածության, դրանց զարգացման անկանոնությունների դեպքեր: Քանի որ Մ. հ-ի օրգանները սնամեջ խողովակավոր են, ուստի այնտեղ ընկած օտար մարմինները հաճախ ողբերգական իրադարձությունների պատճառ են դառնում (հատկապես երեխաների մոտ): Շատ ծանր հիվանդությունների (օրինակ՝ սրտային կամ երիկամային անբավարարություն) ժամանակ խանգարվում են նաև Մ. հ-ի օրգանների ֆունկցիաները: Մ. հ-ի օրգաններից մեկի ախտահարումը հանգեցնում է մյուսների ֆունկցիայի շեղումների (օրինակ՝ լեղապարկի բորբոքումը հաճախ ուղեկցվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ կամ ստամոքսաբորբով, խոցային հիվանդությունը՝ փորկապությամբ, ստամոքսաբորբերը՝ լուծով):

Կերակրափողի առանձին հիվանդություններ բնորոշվում են կլման խանգարումներով (դիսֆագիա), կերակրափողում այրոցի, քերծման, օտար մարմնի առկայության զգացումով, թանձր, պինդ և նույնիսկ կիսահեղուկ ու հեղուկ սննդի կլման ժամանակ առաջացող ցավերով: Կլման դժվարացման պատճառներ կարող են դառնալ քիմ., ջերմային այրվածքները և, վերջապես, թունավորումների ու նևրոզների ժամանակ նկատվող ֆունկցիոնալ խանգարումները: Ցավերը տարբեր բնույթ ունեն, հաճախ տեղադրվում են կրծոսկրի հետևում: Կլման ակտի ժամանակ ցավերը բնորոշ են կերակրափողի բորբոքմանը, խոցին և ուռուցքին, ստոծանիական ճողվածքի ժամանակ ցավերն ուժեղանում են հորիզոն., անհետանում՛ ուղղաձիգ դիրքերում: Թքարտադրությունը կարող է ուժեղանալ ռեֆլեքսային ազդեցությունների հետևանքով, որը պայմանավորված է կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ: Սննդի ընդունումից հետո նրա վերադարձը բերանի խոռոչ պայմանավորված է կերակրափողի ստորին հատվածներում խոչընդոտների առկայությամբ: Կրծոսկրի հետևում՝ ըմպանում, դառը-թթվային համով այրոցի զգացումը կարող է լինել ստամոքսի պարունակությունը կերակրափողի մեջ հետ շպրտվելիս, որը նկատվում է ստոծանիական ճողվածքի, ստամոքսի մուտքի ֆունկցիայի անբավարարության, նևրոզների, ստամոքսաբորբի ժամանակ: Արյունային փսխումը չափազանց վտանգավոր ախտանշան է և լինում է կերակրափողի ու ստամոքսի արյան անոթների պատռվածքի (խոց, լյարդի ցիռոզ, ուռուցքներ) ժամանակ:

Կերակրափողի ֆունկցիոնալ հիվանդությունները բնորոշվում են նրա շարժող. ֆունկցիայի խանգարումներով և հաճախ կապված են նյարդային համակարգի ախտահարումների հետ: Այդ առումով առավել բնորոշ է կերակրափողի կծկանքը (էզոֆագոսպազմ)՝ կերակրափողի լուսանցքի սեղմումը նրա տարբեր մակարդակներում: Այդ խմբին է պատկանում նաև կերակրափողի ախալազիան՝ քրոնիկ. հիվանդություն, որի դեպքում պարբերաբար նկատվում են կերակրափողի անցանելիության խանգարումներ (վերին բաժնի լայնացում և ստորին բաժինների նեղացում): Բնորոշվում է կլման անցողիկ խանգարմամբ (տես ստորև)՝ կերակրափողի ստորին բաժնից վերին բաժնի մեջ կերակրի վերադարձով (ռեգուրգիտացիա): Այս վիճակը թեթևանում է խնայող. սննդակարգով, վաղ շրջանում բուժումը պահպանողական է, ուշ շրջանում՝ վիրաբուժական:

Կերակրափողի ծոցագրպանիկը (դիվերտիկուլ) կերակրափողի պատի կույր պարկանման արտացցվածք է, որը հաղորդակցվում է նրա լուսանցքի հետ: Առավել