Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՆԻՆԳԻՏ, տես Ուղեղապատյանաբորբ:

ՄԵՆԻՆԳՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ, մարդու վարակիչ հիվանդություն: Մենինգոկոկերի աղբյուրը վարակված մարդն է, հիվանդը կամ հարուցչակիրը (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն): Վերին շնչուղիներից լորձի կաթիլների հետ հարուցիչն ընկնում է օդի մեջ և շնչելիս թափանցում առողջ մարդու օրգանիզմ: Հիվանդացությունը բարձր է փետրվար-ապրիլ ամիսներին (սեզոնային վերելք): Հաճախ հիվանդանում են երեխաները:

Մ. վ. կարող է ընթանալ որպես քթաըմպանի բորբոքային ախտահարում (նազոֆարինգիտ), գլխուղեղի փափուկ թաղանթի թարախային բորբոքում (թարախային մենինգիտ) կամ ուղեղանյութի բորբոքում՝ ուղեղապատյանների հետ զուգակցված (մենինգոէնցեֆալիտ) կամ որպես արյան մենինգոկոկային վարակում (մենինգոկոկեմիա), երբ մենինգոկոկերը թափանցում են արյան մեջ և գոյացնում վարակի 2-րդային օջախներ: Երբեմն միևնույն մարդու օրգանիզմում առաջանում են հիվանդության վերը նշված բոլոր ձևերը: Հաճախ, հիվանդության ախտանշանների բացակայության դեպքում, նկատվում է մենինգոկոկակրություն, որի հաշվին էլ պահպանվում է հարուցչի շրջանառությունը կոլեկտիվներում: Առավել վտանգավոր են այն հիվանդները, որոնց մոտ բորբոքային երևույթներն ուղեկցվում են հարբուխով, հազով, փռշտոցով, որոնք նպաստում են հիվանդության հարուցչի շատ արագ տարածմանը:

Քթաըմպանի բորբոքման հիմն. ախտանշաններն են ցավն ու քերծման զգացումը կոկորդում, չոր հազը, քթի լցվածության զգացումը, հարբուխը (լորձաթարախային, երբեմն՝ արյունային սակավ արտադրությամբ), գլխացավը, ջերմաստիճանի բարձրացումը: Հնարավոր են գլխապտույտ, քթային արյունահոսություն:

Մենինգոկոկարյունությունն սկսվում է սուր, ընթանում է տենդով: Հիվանդության 1-2-րդ օրն առաջանում է տարբեր մեծության տձև աստղիկների նման բնորոշ ցան, հազվադեպ՝ մանր կետավոր կամ տարածուն արյունազեղումներ: Վերջին դեպքերում հիվանդությունն ընթանում է շատ ծանր՝ սիրտանոթային համակարգի գործունեության խանգարումներով, արյունահոսություններով կամ ներքին օրգանների արյունազեղումներով: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում ելքը բարենպաստ է:

Ուղեղապատյանաբորբը նույնպես սկսվում է հանկարծակի և արդեն 1-2 օրվա ընթացքում կլինիկ. պատկերը խիստ արտահայտվում է:

Բուժումը հիվանդանոցային է: Այն որքան շուտ սկսվի, այնքան արդյունավետ կլինի: Ժամանակակից միջոցները (հակաբիոտիկներ, արյան պատրաստուկներ և փոխարինողներ) մեծ մասամբ հնարավորություն են տալիս հաջողությամբ պայքարել այդ ծանր հիվանդության դեմ, որի ժամանակ հաճախ նկատվում է աշխատունակության նվազում, հազվադեպ՝ լուծանք և կիսալուծանք, լսողության թուլացում:

Կանխարգելումը. հիվանդի վաղ մեկուսացում կոլեկտիվից և հոսպիտալացում: Մինչ այդ կատարում են բնակարանի օդափոխություն, խոնավ մաքրում վարակազերծող միջոցներով: Շրջապատողները պետք է կրեն պաշտպան. թանզիֆե դիմակներ: Հիվանդների հետ շփված անձինք 10 օր պետք է գտնվեն բժշկ. հսկողության տակ:

ՄԵՆՅԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. բնորոշվում է ուժեղ գլխապտույտի նոպաներով, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումներով, երբեմն՝ ականջներում աղմուկի զգացումով և լսողության թուլացմամբ (հաճախ՝ միակողմանի):

Նոպայի ժամանակ նկատվում է հավասարակշռության կորուստ, հիվանդն ի վիճակի չէ քայլել, նույնիսկ՝ նստել: Նոպայի ավարտին սովորաբար հիվանդի վիճակը բնականոնանում է, սակայն դա չի նշանակում, որ լիովին առողջացել է: Մ. հ-յանը բնորոշ է նոպաների կրկնությունը, ընդ որում՝ դրանք առաջանում են պարբերաբար (շաբաթը կամ ամիսը 1 անգամ): Տարեցտարի այդպիսի հիվանդների լսողությունն աստիճանաբար թուլանում է, և կարող է առաջանալ խլություն:

Մ. հ. հաճախ նկատվում է 30-50 տարեկանում: Հիվանդության պատճառների վերաբերյալ միացյալ կարծիք չկա: Առավել հաճախ պատճառների շարքն են դասվում վարակը և ալերգիան, սնուցման, վիտամինային և ջրային փոխանակության խանգարումները ևն, որոնք հանգեցնում են ականջի թմբկախոռոչի այտուցի, բարձրանում է ավշի ճնշումը, որը դժվարացնում է ներքին ականջի հեղուկային համակարգերով ձայնային ալիքների անցումը և խանգարում այդ համակարգերի ձայնային ու ստատիկ ֆունկցիաները: Նոպայի առաջացմանը նպաստում են ալկոհոլի օգտագործումը, ծխախոտի ծուխը, գերսնուցումը, խոհանոցի հոտերը, գերհոգնածությունը, ճնշման տատանումները, ռևմատիզմի սրացումները ևն: Կլինիկ. դրսևորումները հաճախ նկատվում են գլխուղեղի և որոշ այլ հիվանդությունների ժամանակ: Մ. հ-յան ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան արդյունավետ կլինի: Բուժման հաջողությունը մեծ մասամբ կախված է սննդակարգը պահպանելուց, որի դեպքում խստորեն սահմանափակվում են աղերը: Խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններ (հատկապես B խմբի), որոնք պարունակվում են բանջարեղենի, մրգերի, խոզի լյարդի, սև հացի և այլ մթերքի մեջ: Հավասարակշռությունը պահպանելու համար լավ արդյունք է տալիս բժշկի նշանակած հատուկ վարժությունների համալիրը: Բուժ. ֆիզկուլտուրայով զբաղվում են միայն միջնոպային շրջանում: Երբեմն նոպան կանխազգալիս հիվանդը հատուկ վարժություններով կարող է կանխել դրա առաջացումը: Վերջին տարիներին կիրառվում է նաև վիրահատ. բուժում:

Մ. հ-յան նոպայի կանխմանը նպաստում է աշխատանքի ճիշտ ընտրությունը. խորհուրդ չի տրվում փոխադրամիջոցներում, բարձր վայրերում, աղմկոտ պայմաններում, շարժվող մեխանիզմների մոտ, ինչպես նաև երկարատև շրջագայություններ պահանջող աշխատանք:

ՄԵՏԵՈՐԻԶՄ, տես Փորափքանք:

ՄԵՏՐՈԷՆԴՈՄԵՏՐԻՏ. տես Արգանդի մկանալորձենաբորբ:

ՄԵՐՍՈՒՄ, օրգանիզմի վրա Մ-ման ազդեցությունը պայմանավորված է ֆիզիոլոգ. բարդ գործընթացներով, որոնց մասնակցում են շատ համակարգեր ու օրգաններ: Մ-ման ֆիզիոլոգ. ազդեցության մեխանիզմում որոշիչ դեր է կատարում նյարդային համակարգը: Կախված Մ-ման գործադրման տեղադրությունից, բնույթից, ուժից և ազդեցության տևողությունից՝ փոխվում է գլխուղեղի կեղևի ֆունկցիոնալ վիճակը, իջնում կամ բարձրանում է ընդհանուր նյարդային գրգռականությունը: Մ-ման ազդեցության մեխանիզմում մեծ դեր է կատարում նաև հումորալ գործոնը, որի ազդեցության տակ մաշկում գոյանում և արյան մեջ են անցնում կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են անոթային հակազդեցություններին, նյարդային ազդակների հաղորդմանը ևն:

Իր անմիջական ազդեցության տեղում Մ. հյուսվածքների վրա թողնում է նաև մեխ. ազդեցություն (ձգում, ճնշում, տեղաշարժ), որի հետևանքով ուժեղանում է ավշի, արյան, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությունը: Մեխ. գործոնը նպաստում է կանգային երևույթների վերացմանը, ուժեղացնում մարմնի Մ-ման