Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուժարարողությունների, առավել հաճախ՝ առավոտյան մարմնամարզության հետ: Այն նպաստում է լավ մարմնաձևերի պահպանմանը և թարմություն է հաղորդում: Հիգիենային Մ-ման ձևերից է ինքնամերսումը, որի առավելությունը պարզությունն է, մատչելիությունը, ինքնազգացողությունից կախված՝ բնույթը և չափավորելու հնարավորությունը: Ինքնամերսումը տոնուսավորում է օրգանիզմը, հատկապես օգտակար է որպես առավոտյան և արտադր. մարմնամարզության լրացում, բարձրացնում է աշխատունակությունը և մկանների դիմադրությունը, վերացնում հոգնածությունը, նպաստում ֆիզ. բեռնվածությունից հետո ուժերի վերականգնմանը: Ինքնամերսման ժամանակ պահպանում են Մ-ման բոլոր հիմն. կանոնները: Մերսող ձեռքի շարժումները կատարվում են ծայրամասերից դեպի կենտրոն: Անութային շրջանում, արմնկային ծալքի ներսային կողմում, ծնկափոսում և ավշահանգույցների տեղադրության այլ հատվածներում Մ. կատարել չի կարելի (տես Ավշային համակարգ): Ինքնամերսման ժամանակ պետք է ընդունել առավել հարմար դիրք և հնարավորության սահմաններում լրիվ թուլացնել մկանները, մերսող ձեռքին մաշկաքսուք կամ բորավազելին քսել:

Ընդհանուր ինքնամերսման տևողությունը՝ 10-15, մարմնի առանձին հատվածներում 5-10 ր է: Ինքնամերսումն սկսում են ոտնաթաթից, այնուհետև մերսում սրունքը, ծնկահոդը, ազդրը, նստատեղը, սրբոսկրապոչուկային շրջանը, մեջքը, պարանոցը, գլխի մազածածկ մասը, կուրծքը, որովայնը և ամենավերջում՝ ձեռքերը:

Տարբեր տարիքի երեխաների Մ-ման առանձնահատկությունները տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք հոդվածներում:

Կոսմետիկ. Մ նշանակում է բժիշկ-կոսմետոլոգը, կիրառվում է մաշկի բաց մասերի (հիմնականում՝ դեմքի, պարանոցի), կոսմետիկ. արատների վերացման, գլխի մազերի ամրացման համար: Կատարում են միայն մասնագետները՝ կոսմետոլոգ. ինստ-ներում կամ կոսմետիկ. առանձնասենյակներում: Կոսմետիկ. Մ. կամ դեմքի ինքնամերսումը, եթե կատարում են ոչ մասնագետները, կարող է վատացնել մաշկի վիճակը, առաջացնել գերձգվածություն և թորշոմածություն (տես Կոսմետիկա):

ՄԵՐՍՈՒՄ ՍՐՏԻ, սրտի վրա մեխ. ազդեցությունը՝ նրա աշխատանքի դադարից հետո գործունեությունը վերականգնելու և արյան անընդհատ հոսքն ապահովելու նպատակով՝ մինչև սրտի աշխատանքի լրիվ վերականգնվելը: Սրտի մերսումը ցուցված է սրտի աշխատանքի դադարի բոլոր դեպքերում: Սրտի կծկումները կարող են դադարել տարբեր պատճառներից՝ պսակային անոթների կծկանք, սուր սրտային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ, ծանր վնասվածքներ, էլեկտրահարություն կամ կայծակնահարություն ևն: Սրտի հանկարծակի դադարի ախտանշաններն են խիստ գունատությունը, գիտակցության կորուստը, անոթազարկի անհետացումը քնային զարկերակների վրա, շնչառության դադարը կամ հազվադեպ՝ ջղաձգային շնչառումները, բբերի լայնացումը:

Տարբերում են սրտի մերսման 2 հիմն. ձև՝ անուղղակի կամ արտաքին (փակ) և ուղղակի կամ ներքին (բաց):

Սրտի անուղղակի մերսումը կատարվում է կրծքի վրա՝ առջևից հետ սեղմելով, որի դեպքում կրծոսկրի և ողնաշարի միջև գտնվող սիրտն այնքան է ճնշվում, որ արյունը նրա խոռոչներից հոսում է դեպի անոթներ: Ճնշումն ընդհատելուց հետո սիրտն ուղղվում է, և նրա խոռոչ է հոսում երակային արյունը:

Սրտի անուղղակի մերսում պետք է կարողանա կատարել յուրաքանչյուր մարդ: Սրտի աշխատանքը դադարելու դեպքում մերսումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է շուտ: Առավել արդյունավետ է սրտի դադարից հետո անմիջապես սկսած մերսումը: Դրա համար հիվանդին կամ տուժածին պառկեցնում են հարթ, կոշտ մակերևույթի (գետին, հատակ, տախտակ) վրա, բայց ոչ փափուկ անկողնում: Օգնություն ցույց տվողը կանգնում է տուժածի աջ կամ ձախ կողմում, ձեռքը դնում տուժածի կրծքին այնպես, որ ափի հիմքը տեղավորվի կրծոսկրի ստորին ծայրին: Ճնշումն ուժեղացնելու համար այդ ափի վրա տեղավորում է մյուս ձեռքը և ուժեղ, կտրուկ շարժումներով, մարմնի ամբողջ ծանրությամբ օգնելով՝ իրականացնում է արագ ռիթմիկ հրումներ (վայրկյանում 1 անգամ): Յուրաքանչյուր սեղմումից հետո ձեռքերը հեռացնում է կրծքավանդակից, որպեսզի չխանգարվի սրտի ուղղվելու և արյունով լցվելու գործընթացը: Երակային արյան հոսքը դեպի սիրտը հեշտացնելու համար հիվանդի ոտքերին բարձր դիրք են տալիս:

10-12 տարեկան երեխաներին անուղղակի մերսում կատարում են 1 ձեռքով, իսկ նորածիններին կամ կրծքի երեխաներին բավական է 2 մատի ուժը: Սրտի անուղղակի մերսումը պարտադիր զուգակցում են արհեստական շնչառության «բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակների հետ: Սրտի մերսումը և արհեստ. շնչառությունը հարմար է կատարել երկուսով: Օգնություն ցույց տվողներից մեկը կատարում է դեպի թոքերը օդի 1 ներփչում, որից հետո մյուսը 5 անգամ սեղմում է տուժածի կրծքավանդակը:

Սրտի անուղղակի մերսումը պարզ ու արդյունավետ միջոց է և հնարավորություն է տալիս փրկել հիվանդների ու տուժածների կյանքը, այն կիրառվում է որպես առաջին օգնության միջոցառում: Սրտի արտաքին մերսման հաջողությունը որոշվում է բբերի նեղացմամբ, անոթազարկի և շնչառության ինքնուրույն վերականգնմամբ: Սրտի մերսումը պետք է կատարել մինչև բժշկի գալը: Սրտի ուղղակի մերսումը կատարվում է կրծքի խոռոչ ներս տարված ձեռքերով՝ սրտի պարբերական սեղմումներով: Այս ձևը կիրառում է միայն վիրաբույժը՝ կրծքի խոռոչի օրգանների վիրահատության ժամանակ սրտի աշխատանքը դադարելիս:

ՄԹՆՈԼՈՐՏԱԶԳԱՅՆՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի հակազդեցությունը օդերևութաբան. (եղանակի) գործոնների ներգործությանը. անվանում են նաև եղանակային հակազդեցություններ: Մ. բավականին տարածում ունի և առաջանում է ցանկացած, բայց առավել հաճախ՝ տվյալ մարդու համար անսովոր կլիմայական պայմաններում: Եղանակը «զգում է» բարեխառն գոտու բնակիչների շուրջ 1/3-ը: Այդ հակազդեցությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք զգալի թվով մարդկանց օրգանիզմում առաջանում են եղանակի փոփոխությանը զուգընթաց կամ փոքր-ինչ ավելի շուտ:

Մ.՝ որպես բնության անհասկանալի երևույթ, դեռ վաղուց զարմացրել և նույնիսկ վախեցրել է մարդուն: Եղանակն զգացող մարդկանց համարում էին «կենդանի բարոմետրեր», «եղանակի գուշակներ» ևն:

Դեռևս հևում բժիշկները գիտեին օրգանիզմի վրա եղանակի ազդեցության մասին: Տիբեթյան բժշկության մեջ նշվում է, որ «հոդացավերն ուժեղանում են անձրևոտ եղանակին