նվազում են: Հետևաբար, սեզոնային կանխարգելման նպատակն օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումն է, որը կատարվում է բժշկի հանձնարարած դեղանյութերով: Գարնանը Մ. առաջանում է վիտամինների, միկրոտարրերի անբավարարության հետևանքով:
Շտապ կանխարգելումը, ըստ Մ-յան աստիճանի և եղանակի բժշկ. կանխատեսման, կատարվում է միանվագ և կուրսով: Թեթև և միջին աստիճանի Մ-յան դեպքում անբարենպաստ եղանակի կանխատեսման ժամանակ բժշկի խորհրդով կարելի է դեղանյութեր ընդունել: Հիվանդին փոխադրում են խնայող. ռեժիմի, սահմանափակում կոփման և ֆիզ. բեռնվածության միջոցառումները: Անհրաժեշտության դեպքում՝ իոնիզատորով արհեստականորեն իոնացված օդի շնչում: Օգտագործվում են (ավելի փոքր չափաքանակով) նույն դեղանյութերը, ինչ հիվանդության սրացման շրջանում: Խիստ արտահայտված (ծանր) Մ-յամբ հիվանդների համար կանխարգելման կուրսը տևում է 10-15 օր՝ հատկապես ցուրտ եղանակին: Կանխարգելման միջոցառումները նշանակվում են նախապես՝ չսպասելով եղանակի փոփոխություններին:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, օրենսդր., կազմակերպչ., ճարտարագիտատեխ. և սանհիգիենային միջոցառումների համակարգ՝ ուղղված դեպի մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների բացառմանը կամ սահմանափակմանը:
Մթնոլորտի աղտոտման հիմնահարցը ծագել է արդ. արտադրության զարգացմանը զուգընթաց, իսկ գիտատեխ. առաջընթացը, ընդլայնելով բնական պաշարների օգտագործումը, խորացրեց այն: Արդ արտադրության մեջ ներգրավված քիմ. տարրերի քանակի զգալի ավելացումը հանգեցրել է արդ. արտանետումների բաղադրության փոփոխության: Եթե 20-րդ դ. սկզբին մթնոլորտի աղտոտումը դիտվում էր որպես ծխի հիմնահարց և կապված էր պինդ վառելանյութի այրման հետ, ապա այժմ մթնոլորտն աղտոտվում է նաև ծանր ու հազվագյուտ մետաղների աերոզոլերով, բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ միացություններով ևն, որը չափազանց բարդացնում է Մ. ս. պ-յան հիմնահարցը:
Մթնոլորտի աղտոտումն ուղեկցվում է անցանկալի հետևանքներով՝ վնասակար նյութերն անբարենպաստ ազդեցություն են ունենում բնակչության առողջության վրա, նվազեցնում են մթնոլորտի թափանցիկությունը և տեսանելիությունը, ավելացնում մառախլապատ օրերի թիվը, վնասում բուսականությունը:
Մշակվել և ներդրվել են Մ. ս. պ-յան գիտ. հիմունքները: Ձեռնարկվում են օդի մաքրության պահպանման համար անհրաժեշտ, գիտականորեն հիմնավորված միջոցներ: Օրենսդր. ակտերով ու որոշումներով արգելվում է արդ. ձեռնարկությունների կառույցների նախագծերի հաստատումը, որոնց շահագործման ժամանակ հնարավոր են դեպի մթնոլորտ վնասակար նյութերի (որոնց մաքրումը նախատեսված չի) արտանետումներ: Մթնոլորտի պահպանության գործն. միջոցառումները ներառվում են ժողտնտեսության պլաններում: Այդ միջոցառումներից են արտադրող. ուժերի նպատակահարմար տեղաբաշխումը, տեխնոլոգ. գործընթացների կատարելագործումը, բնակավայրերի ճիշտ պլանավորումը (տես Բնակավայրերի բարեկարգում), քաղաքներից արդ. ձեռնարկությունների դուրսհանումը և դրանց մեկուսացումը բնակելի շրջաններից սանիտարական պաշտպանական գոտիներով, արդ. ձեռնարկությունները գազամաքրող սարքավորումներով զինումը ևն:
Մ. ս. պ-յան հսկողությունն իրականացնում է նաև պետ. հիգիենային ու հակահամաճարակային ծառայությունը: Տես նաև շրջակա միջավայրի պահպանություն:
ՄԻԱԶՆԵՐ, մարդու և կենդանիների հիվանդություններ, որոնք առաջացնում են ճանճերի թրթուրները: Ըստ ճանճերի մակաբուծման բնույթի՝ տարբերում են պատահական, ֆակուլտատիվ և օբլիգատ Մ.:
Պատահական Մ. (աղիքային, միզարտադրության օրգանների) առաջանում են, երբ մարդու օրգանիզմ են թափանցում ճանճերի թրթուրները, որոնք սովորաբար զարգանում են քայքայվող օրգ. նյութերում: Պատահական աղիքային Մ. առաջանում են սենյակային և տնային, մոխրագույն, կապույտ ու կանաչ մսային ճանճերի, պտղաճանճերի և այլ մանրադիտակային թրթուրները սննդի հետ կուլ տալիս: Ստամոքսահյութի բնականոն և բարձր թթվությամբ մարդկանց օրգանիզմում թրթուրներն արագ ոչնչանում են, իսկ ցածր թթվության դեպքում թափանցում են աղիքների մեջ, պահպանում կենսունակությունը և նույնիսկ կարող են բազմանալ: Թրթուրների մակաբուծումն ուղեկցվում է որովայնի ցավերով և փսխումով: Միզարտադրության օրգանների պատահական Մ. առաջանում են, երբ սննդամթերքով կամ մարդու արտաթորանքով աղտոտված սպիտակեղենի վրա սենյակային ճանճերի դրած ձվերից զարգացող թրթուրները թափանցում են միզուկի մեջ:
Ֆակուլտատիվ Մ. առաջանում են մարդու օրգանիզմում կապույտ և կանաչ մսային ճանճերի մակաբուծումից, որոնք սովորաբար զարգանում են մսային թափոններում: Թռչելով դեպի թարախային արտադրությունների հոտը՝ այդ ճանճերը ձվադրում են մարդու կամ կենդանիների բաց վերքերի վրա: Թրթուրները սնվում են մեռուկացած հյուսվածքներով, որի պատճառով էլ այս Մ. հաճախ ընթանում են առանց ցավերի, սակայն, թափանցելով ականջի, քթի, աչքի խոռոչների մեջ, թրթուրները բարդացնում են թարախային գործընթացը:
Օբլիգատ Մ. առաջանում են այն ճանճերի (վոլֆարտյան, բոռեր) թրթուրների մակաբուծումից, որոնք տաքարյուն կենդանիների օրգանիզմից դուրս չեն կարողանում ավարտել իրենց զարգացման փուլը: Վոլֆարտյան ճանճի թրթուրները մաշկի քերծվածքների և վերքերի միջոցով ամրանում են մաշկի վրա կամ լորձաթաղանթներով անցնում են ենթամաշկային բջջանքի մեջ, որտեղ արագ (3-5 օրում) բազմանում են՝ առաջացնելով հյուսվածքների, իսկ անուշադրության մատնված դեպքերում՝ շրջոսկրի լուրջ վնասվածքներ: Մեծ քանակությամբ թրթուրների մակաբուծումը հաճախ բարդանում է թարախային և մեռուկային գործընթացներով (չարորակ Մ.): Բոռերի թրթուրները կենդանիների օբլիգատ մակաբույծներ են և մարդու օրգանիզմում հազվադեպ են մակաբուծում: Մարդը վարակվում է ախտահարված կենդանիների բրդի հետ շփվելիս, հազվադեպ՝ էգը՝ քնած մարդու մազերին ձվադրելիս: Թրթուրներն ակտիվորեն ամրանում են վերնամաշկում, որտեղ կարող են տեղաշարժվել (օրինակ՝ ձիու ստամոքսային բոռը): Մարդու համար խիստ վտանգավոր է թրթուրների թափանցումն աչքի մեջ (օֆթալմոմիազներ): Նշված Մ. կարող են առաջանալ նաև խոռոչային բոռի թրթուրներով, որոնք հարձակվում են մարդկանց վրա (արոտավայրերում) և թրթուրները նետում մարդու աչքի կամ քթի մեջ: Թրթուրները թափանցում են արցունքապարկի, կոպի կամ ակնագնդի մեջ, որը կարող է հանգեցնել տեսողության օրգանների ծանր ախտահարման: Մակաբույծ թրթուրները, որպես կանոն, հեռացվում են վիրահատ. եղանակով:
Կանխարգելումը. պայքար ճանճերի դեմ, սննդի պատրաստման և պահպանման սանհիգիենային կանոնների պահպանում, ճանճերի թրթուրներով վարակվելուց վերքերի պաշտպանում:
ՄԻԳՐԵՆ, տես Անգար:
ՄԻԶԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ, պայմանավորված է միզասեռ. համակարգի տարբեր հիվանդություններով