ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի երկրորդ գիրքն է:
Առաջին անգամ ընթերցողին է նեկայացվում հայերեն բժշկական հանրագիտարան, որտեղ լուսաբանվում են առողջապահության բնագավառի հիմնական հասկացությունները, առավել տարածված հիվանդությունները (սիրտանոթային, նյարդային, թոքային, ստամոքսաղիքային, մաշկային, վարակիչ և այլն) և ժամանակակից բժշկագիտության կարևոր ուղղությունները:
Մասնագիտացված բժշկական օգնության զարգացումը, ինչպես նաև գործնական առողջապահության մեջ գիտության և տեխնիկայի առաջավոր նվաճումների ներդրման մասին իրազեկելու պահանջը նոր խնդիրներ են առաջադրել բժշկագիտությանն ու առողջապահությանը: Հենց այդ խնդիրների լուծման գործում կարևոր դեր ունի բժշկական գիտական տեղեկատվական գրականության հրատարակումը, որի համար էլ հանձն ենք առել մայրենի լեզվով առաջին հանրամատչելի բժշկական հանրագիտարանի պատրաստումը:
Հանրագիտարանը կազմվել է Ռուսաստանում մի քանի անգամ վերահրատարակված և քննություն բռնած «Популярная медицинская энциклопедия»-ի հիմքի վրա, որի հնարավորությունը մեզ ընձեռնելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Մոսկվայի "Медицина" հրատարակչության ղեկավարությանն ու աշխատակազմին: Այն, հարստացվել ու լրացվել է մեր հանրապետության առողջապահությանը բնորոշ առանձնահատկությունները ներկայացնող նյութով:
ժամանակակից տեխնիկայի նվաճումները նպաստել են հիվանդությունների վաղ ախտորոշմանը, գործնական բժշկության մեջ շնչառության, արյան շրջանառության արհեստական ապարատների կիրառման հնարավորություններին: Կենսաբանական անհամատեղելիության մեխանիզմների բացահայտումով հնարավոր է դարձել օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստումը, որոնց մասին առանձին հոդվածներ են զետեղված գրքում:
Հանգամանորեն ներկայացված են ներկայումս հաջողությամբ մշակվող և գործնական բժշկության մեջ ներդրվող արտաքին միջավայրի պահպանության և օրգանիզմը վնասակար գործոններից (աղմուկ, թրթռում, արտադրական փոշիներ, իոնացնող ճառագայթներ և այլն) պաշտպանելու միջոցառումները, բնակարանային պայմանների պահանջների, լուսավորության, ջեռուցման, օդափոխության և այլ հարցերը: