լյարդում: Միսը պարունակում է շատ մզվածքային նյութեր, որոնք եփելիս անցնում են արգանակի մեջ: Դրանք գրգռում են մարսող. համակարգի գեղձերի գործունեությունը, լավացնում ախորժակը, սննդի յուրացումը, որոշ չափով դրանցով են պայմանավորված նաև մսի համն ու հոտը: Կենդանու տարիքի հետ ավելանում է մզվածքային նյութերի քանակը, ուստի հասուն կենդանու մսից արգանակն ավելի համեղ է և լավ բույր ունի:
Լավ բտած կենդանիների միսը առանձնանում է քիմ. բաղադրությամբ: Հյուծված կենդանու միսը հարուստ է շարակցական հյուսվածքով և ջրով, բայց ցածր են կենսբ. արժեքն ու յուրացվելիությունը: Մսի քիմ. բաղադրությունը կախված է կենդանու տեսակից: Վաճառվող միսը (տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար) տեսակավորվում է ըստ կարգերի:
Մսի կոմբինատները թողարկում են հովացրած (մսեղիքի մշակումից հետո գոնե 6 ժ սառեցվում է), պաղեցրած (մսեղիքի մշակումից հետո սառնախցիկում սառեցվում է 0...—4°C ջերմաստիճանում), սառեցրած (մինչև -6° C ջերմաստիճան) միս:
Մսի լավորակությունը որոշվում է նրա արտաքին տեսքով, գույնով, հոտով: Թարմ միսը (հովացրած կամ պաղեցրած) ունի բաց վարդագույն կամ կարմիր գույն, պինդ է (մատով սեղմելիս առաջացած փոսիկն արագ հարթվում է): Տարբեր տեսակի կենդանիների թարմ մսի հոտը ուրույն է: Պաղեցրած կամ հովացրած միսը սառնարանում կարելի է պահել մի քանի օր, իսկ սառեցրած միսը պետք է պահել սառնախցիկում (տես Սննդամթերքի պահպանում):
Ոչ լավորակ միսը կարող է առաջացնել սննդային թունավորումներ (տես Սննդային թունավարակում), տարբեր վարակիչ ու ճիճվային հիվանդություններ: Չի կարելի գնել սան. բժշկի ստուգումը չանցած միս:
Միսն օգտագործում են նաև բուժական սննդի նպատակով, քանի որ այն հարուստ է ամինաթթուներով, լիարժեք սպիտակուցներով, հանքային նյութերով, մասնավորապես՝ երկաթով: Այդ նպատակով հաճախ օգտագործում են մսի խճողակից պատրաստված կերակրատեսակներ, որոնք ավելի դյուրամարս են:
ՄԻՔՍԵԴԵՄԱ, տես Հիպոթիրեոզ հոդվածում:
ՄԿԱՆԱԲՈՐԲ, միոզիտ, կմախքային մկանների բորբոքում: Կարող է առաջանալ որպես տարբեր հիվանդությունների (օրինակ՝ գրիպի) բարդություն: Հաճախակի պատճառներից է մկանների վնասվածքը կամ գերլարվածությունը անսովոր ֆիզ. բեռնվածության հետևանքով: Մ-ի դեպքում առաջանում են ձեռքերի, ոտքերի, մարմնի մղկտացող ցավեր, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ: Հաճախ մկաններում շոշափվում են պինդ հանգույցներ: Բաց վնասվածքի ժամանակ վարակի ներթափանցման հետևանքով կարող է առաջանալ թարախային Մ., որը դրսևորվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, դողով, ցավերի աստիճանաբար ուժեղացմամբ, մկանների ուռածությամբ, պնդացմամբ և լարվածությամբ, տվյալ հատվածի մաշկի կարմրությամբ:
Յուրատեսակ ձև է մակաբուծ Մ., որն առաջանում է մկանները մակաբույծներով (տրիխինելներ, երիզորդեր) ախտահարվելիս և բնորոշվում է տենդով, վերջույթների, կրծքավանդակի, լեզվի, ծամող մկանների ցավերով:
Բուժումն իրականացնում է բժիշկը:
Կանխարգելման նպատակով հարկավոր է խուսափել չափից ավելի բեռնվածությունից, մրսածությունից, վնասվածքներից: Մեծ նշանակություն ունի սպորտով զբաղվելը, մկանային համակարգի մարզումը:
ՄԿԱՆԱԽԱՂ. մարդու առանձին մկանների կամ մկանախմբերի ակամա, սովորաբար՝ կրկնվող, ինքնաբեր կծկումներ: Առավել հաճախ լինում է դեմքի, պարանոցի, ձեռքերի, հազվադեպ՝ լեզվի և ստոծանու մկաններում: Մ-ի արտաքին դրսևորումները տարբեր հիվանդների մոտ ընթանում են տարբեր ձևերով, սակայն նույն հիվանդի նոպաները կրկնվելիս կծկվում են միևնույն մկանները: Օրինակ՝ դեմքի մկանների Մ-ի ժամանակ հիվանդը հանկարծակի կնճռոտում է ճակատը, խոժոռում հոնքերը, կկոցում աչքերը, ծռմռում քիթը, հավաքում շրթունքները. նման դեպքում կծկումները կարող են ընդգրկել դեմքի ողջ մկանները կամ կեսը: Պարանոցի մկանների Մ-ի դեպքում հիվանդը գլուխն այնպես է թեքում, կարծես օձիքը շատ նեղ է, կամ այնպես է շարժում ուսերը, կարծես ուղղում է անհարմար հագուստը: Մ. բերանի և ըմպանի մկանների վրա տարածվելիս, հիվանդը շչացնում է լեզվով, չպպացնում, լիզում, շրթունքները ծամծմում: Եթե Մ. ընդգրկում է շնչառ. մկանունքը, հիվանդը հազում է, ֆռթֆռթացնում քիթը, ինչպես հարբուխի ժամանակ: Նկարագրված շարժումները հաճախ լինում են գլխի վնասվածքի կամ գլխուղեղի բորբոքման դեպքերում: Մ. կարող է առաջանալ նաև ուժեղ ապրումների, վախի, նևրոզների դեպքերում, ինչպես նաև երկարատև գերհոգնածությունից կամ քրոնիկ, հիվանդությունից թուլացած հիվանդների մոտ: Դեմքի ակամա «մկանախաղանման» շարժումները ծագում են եռվորյակ նյարդի նյարդացավերի նոպայի ժամանակ (հիվանդագին Մ.):
Բուժումն ընտրում է բժիշկը, անհրաժեշտ է պատճառի վերացում:
ՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մարդու օրգանիզմի շարժումներն ապահովվում են հենաշարժ. ապարատով, որը կազմված է պասսիվ (ոսկրեր, կապաններ, հոդեր և փակեղներ) և ակտիվ (մկաններ, որոնք առավելապես կազմված են մկանային հյուսվածքից) մասերից: Այդ 2 մասերը զարգացման, անատոմ., ֆունկցիոնալ առանձնահատկություններով կապված են միմյանց:
Տարբերում են հարթ և միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներ: Հարթմկանային հյուսվածքից գոյանում են ներքին օրգանների, արյունատար և ավշային անոթների պատերի մկանային շերտերը, ինչպես նաև մաշկի մկանները: Հարթ մկանների կծկումները կամքին չեն ենթարկվում, ուստի կոչվում են ակամա: Նրա կառուցվածքային տարրը իլիկաձև կամ աստղաձև հարթմկանային բջիջն է (չափերը՝ 15-500 մկմ): Հարթմկանային բջջի կազմի մեջ է մտնում բջջապլազման (սարկոպլազմա), որի մեջ տեղադրված են կորիզը և կծկվող մկանաթելիկները:
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը գոյացնում է հիմնականում կմախքի տարբեր մասերին ամրացող մկաններ (կմախքային մկաններ): Այդ մկանների կծկումներն անվանում են կամային, քանի որ ենթարկվում են կամքին: Կմախքային մկանների կառուցվածքային միավորը միջաձիգ զոլավոր թելերն են, որոնց խրձերը տեղադրված են մեկը մյուսին զուգահեռ և իրար են միացած փուխր շարակցական հյուսվածքով: Մկանների արտաքին մակերևույթը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով (պերիմիզիում): Մկանի միջին հաստացած մասը կոչվում է փորիկ, որի ծայրերը վերածվում են ջլային հյուսվածքի: Ջլերի միջոցով մկանն ամրանում է կմախքի ոսկրերին: Մկանները լինում են տարբեր ձևերի՝ երկգլխանի, եռագլուխ, քառագլուխ, քառակուսի, եռանկյունաձև, բրգաձև, կլոր, ատամնավոր, ձկնանման: Ըստ թելերի ուղղության՝ տարբերում են ուղիղ, թեք, կլոր մկաններ: Ըստ ֆունկցիայի՝ մկանները բաժանվում են ծալիչների, տարածիչների, զատիչների, առբերիչների, պտտիչների, դիմախաղի, ծամիչ, շնչառ. ևն: