Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մեկ ոսկրի, իսկ ծայրը (կպման շարժուն կետը)՝ մյուսի վրա: Մկանի սկսման և կպման տեղերը փոխադարձաբար կարող են փոխվել՝ կախված այն հանգամանքից, թե տվյալ դեպքում մարմնի որ մասն է ավելի շարժուն: Բոլոր դեպքերում շարժմանը մասնակցում են ոչ միայն տվյալ շարժումը կատարող մկանը, այլև, մի շարք ուրիշ մկաններ (մասնավորապես՝ հակադիր գործողություն կատարողները), որոնք ապահովում են սահուն և հանգիստ շարժումները: Տվյալ մկանի ամբողջ ուժն օգտագործելու համար ցանկացած աշխատանքի դեպքում պետք է այս կամ այն աստիճանի մասնակցեն և լարված լինեն իրանի բոլոր մկանները: Ահա թե ինչու, մկանային աշխատանքը հաջողությամբ կատարելու, շուտ հոգնելուց խուսափելու համար պետք է համաչափ զարգացած լինի մարմնի ամբողջ մկանունքը:

Մարդն ունի մոտ 600 կմախքային մկաններ: Բոլոր ակամա շարժումները փոխկապակցված են և կարգավորվում են կենտրոնական նյարդային համակարգով: Մկանի կծկման մեխանիզմը «գործի է դրվում» նյարդային ազդակով, որը մկանին է հասնում շարժիչ նյարդով: Նյարդաթելերն ավարտվում են ծայրային թիթեղիկներով, որոնք սովորաբար տեղակայված են մկանաթելերի միջին մասում, որը հնարավորություն է տալիս արագ ակտիվացնել բոլոր մկանաթելերը:

Ներքին օրգանների պատերի հարթ մկանները կծկվում են դանդաղ և ալիքաձև (գալարակծկանքային ալիք), որի շնորհիվ տեղաշարժվում է դրանց (հատկապես՝ ստամոքսի և աղիքների) պարունակությունը: Հարթ մկանները կծկվում են ռեֆլեքսային ճանապարհով: Այսպես՝ ստամոքսի և աղիքների հարթ մկաններով իրագործվող գալարակծկանքային շարժումներն առաջանում են այնտեղ սնունդ ընկնելու պահից: Սակայն գալարակծկանքի վրա ազդում են նաև բարձրագույն նյարդային կենտրոնները:

Սրտամկանն իր կառուցվածքով և ֆունկցիայով տարբերվում է միջաձիգ զոլավոր և հարթ մկաններից: Այն օժտված է որոշակի ռիթմով և ուժով կծկման ինքնավարությամբ: Սրտամկանի ռիթմիկ աշխատանքը չի ընդհատվում ամբողջ կյանքի ընթացքում: Սրտի կծկման հաճախությունը, ուժը, ռիթմը կարգավորվում են նյարդային համակարգով (տես Սիրտանոթային համակարգ):

Մ.հ-ի հիվանդությունները: Մկանների զարգացման արատներից է ստոծանիական ճողվածքի առաջացումը: Մկանների մեռուկացումը կարող է ի հայտ գալ նյութափոխանակության խանգարման, բորբոքումների, վնասվածքների, մոտակա ուռուցքների, ինչպես նաև խոշոր զարկերակների խցանման ժամանակ: Մկանային հյուսվածքում կարող են առաջանալ տարբեր ծագման սնուցող, խանգարումներ, այդ թվում՝ լիպոմատոզ (ճարպերի ավելցուկային կուտակում), որը մասամբ նկատվում է ընդհանուր ճարպակալման ժամանակ: Մկաններում կալցիումի աղերի կուտակումները դիտվում են որպես հանքային փոխանակության ընդհանուր կամ տեղային խանգարումների հետևանք: Մկանների հետաճումը բնորոշվում է մկանաթելերի աստիճանաբար բարակելով: Հետաճման պատճառները բազմազան են: Որպես ֆիզիոլոգ. երևույթ՝ մկանների հետաճումը կարող է հանդիպել ծեր մարդկանց մոտ՝ կապված նրանց ֆիզ. սակավ ակտիվությամբ (տես Թերշարժունություն): Երբեմն հետաճումն առաջանում է մկանների ֆունկցիայի խանգարումների հետևանքով՝ նյարդային համակարգի հիվանդությունների հիմքի վրա: Մկանների հետաճումը կարող է առաջանալ նաև հոդերի ծանր վնասվածքների կամ հիվանդությունների, ինչպես նաև հյուծող ծանր հիվանդությունների և այլ դեպքերում: Մկանների գերաճումը հիմնականում ֆիզիոլոգ., աշխատանքային բնույթ է կրում: Այն կարող է լինել նաև փոխհատուցող., երբ մկանային հյուսվածքի մասերի հետաճումն ու մեռուկացումն ուղեկցվում են պահպանված մկանաթելերի զանգվածի ավելացմամբ: Մկանների գերաճումը նկատվում է որոշ ժառանգ. հիվանդությունների ժամանակ: Մկանային ուռուցքները հանդիպում են համեմատաբար հազվադեպ:

Մ.հ-ի տարածված հիվանդությունների շարքն է դասվում մկանների ասեպտիկ բորբոքումը՝ մկանաբորբը: Բորբոքային գործընթացների հետ կապված ախտահարումները հանդիպում են համակարգային (տես Կոլագենային հիվանդություններ, Ռևմատիզմ) և վարակ, (տես Սրտամկանի բորբոքում) հիվանդությունների ժամանակ: Թարախակույտի առաջացումը դասվում է Մ.հ-ի ախտահարման ծանր ձևերի շարքը և պահանջում է վիրահատ. բուժում:

Մկանների վնասվածքները լինում են սալջարդ երի կամ պատռվածքների ձևով, որոնք դրսևորվում են ցավոտ ուռածությամբ, արյունազեղման հետևանքով պնդացումների տեսքով: Մկանների բաց վնասվածքները (տես Վերքեր), որպես կանոն, ուղեկցվում են արտաքին արյունահոսությամբ, որը պահանջում է տուժածի շտապ հոսպիտալացում: Մկանների լրիվ պատռվածքի ժամանակ անհրաժեշտ է վիրահատություն՝ պատռված վերքերի կարում, իսկ ոչ լրիվի դեպքում մկանները սերտաճում են երկարատև հանգստի ընթացքում (տես Անշարժացում): Մկանների սերտաճումից հետո նրանց ֆունկցիան վերականգնելու համար նշանակում են ֆիզիոթերապևտիկ բուժարարողություններ, ինչպես նաև մերսում. բուժ. մարմնամարզություն (տես Բուժական ֆիզկուլտուրա):

Մկանների ծանր վնասվածքները կարող են հանգեցնել սպիական փոփոխությունների և կռկվածության, դրանցում կալցիումի աղերի կուտակման և կարծրացման: Վերջիններս առաջանում են ոչ միայն տարբեր վնասվածքների, այրվածքների, այլև մկանների անշարժության հետևանքով, օրինակ՝ վերջույթների կռկվածությունը կապված է նյարդերի, հոդերի քրոնիկ. հիվանդությունների հետ: Ուստի այս հիվանդությունների ժամանակ բուժ. ֆիզկուլտուրան խիստ կարևոր է:

Մկանների խանգարված ֆունկցիաների վերականգնման համար հատուկ նշանակություն ունեն մերսումը, բուժ. ֆիզկուլտուրայի հատուկ համալիրը, որոնք անցկացնում են բժիշկները և բուժ. ֆիզկուլտուրայի հրահանգիչները: Այդ նպատակով նշանակվում են նաև դեղանյութեր:

ՄԿԱՆՆԵՐ, տես Մկանային համակարգ հոդվածում: