Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեխայի նուրբ, հեշտ վնասվող մաշկը պահանջում է մշտ. և լավ խնամք: Նրանց 1 կգ քաշին ընկնող մաշկի մակերեսն ավելի է, քան մեծերինը, հետևաբար զբոսանքի ժամանակ երեխաները հեշտությամբ շոգում կամ մրսում են, հատկապես, եթե հագուստը չի համապատասխանում օդի ջերմաստիճանին:

Երեխայի կմախքն ունի շատ աճառային հյուսվածքներ, այն նուրբ է ու ճկուն: Նրա մշտ. շարժուն վիճակը զգալի ծանրաբեռնում է կմախքը, ուստի ֆիզ. բեռնվածությունը պետք է մշտապես հսկվի: Պետք է ուշադիր հետևել երեխաների խաղերին, նստելիս՝ նրանց դիրքին, ճիշտ ընտրել կահույքն ու կոշիկները: Անկողինը չպետք է շատ փափուկ լինի: Մեծ գաղտունը, որպես կանոն, պետք է փակվի կյանքի 1-ին տարվա վերջին: Կյանքի 2-րդ տարում ծկթում են 12 կաթնատամները, 2 տարեկանում դրանք արդեն հասնում են 20-ի: Մինչև 2 տարեկանը ատամների քանակը որոշում են այսպես՝ երեխայի տարիք (ամիսներով) -4: Սակայն այս կանոնից շեղումները չպետք է անհանգստացնեն ծնողներին:

2-3 տարեկանում կատարելագործվում են շնչառ. օրգանները և սիրտանոթային համակարգը, բարձրանում է դրանց աշխատունակությունը: Շնչառությունը դառնում է ավելի խորը, անոթազարկը՝ րոպեում մինչև 110: Այնուամենայնիվ, ինչպես շնչառ. օրգանների, այնպես էլ արյան շրջանառության փոխհատուցող. հնարավորությունները դեռևս բավականին սահմանափակ են: Ուստի ֆիզ. վարժությունները և բեռնվածությունը պետք է խիստ համապատասխանեն տարիքին: Անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատ. մոտեցում: 13 տարեկան երեխաների մարսող. օրգանների զարգացումը դեռևս ավարտուն չէ, և, բնականաբար, նրանց սնունդը որոշակիորեն տարբերվում է մեծերինից:

Նյարդահոգեկան ֆունկցիաները (տես Երեխայի հոգեկան զարգացումը) և շարժող. ունակությունները նույնպես զարգացման ընթացքում են: 11,5 տարեկանում երեխան ինքնուրույն կարող է նստել, վեր կենալ, առանց օգնության երկար կանգնել և քայլելու փորձեր անել, ազատ խաղալ խաղալիքներով, դրանք վայր գցել կամ բարձրացնել ևն: Խաղերի ժամանակ երեխաները կատարում են բավականին բարդ շարժումներ՝ մագլցում են բարձր առարկաների վրա և ինքնուրույն իջնում, գիրք են թերթում ևն, բառապաշարը հասնում է 30-50 բառի: 1,5-2 տարեկան երեխաները նաև ազատ քայլում են, փորձում են վազել, խաղում են գնդակով, խորանարդիկներով հավաքում են տարբեր կառուցվածքներ, կարողանում են մատիտը պահել, փորձում են նկարել, սիրում են նայել վառ նկարներ, ճանաչում են ծանոթ առարկաներն ու կենդանիներին: Գիտեն իրենց անունը և արձագանքում են դրան: Ինքնուրույն ուտում են գդալով, փորձում են հանվել կամ հագնվել: Կարող են կազմել մի քանի բառից կազմված նախադասություններ: 2-3 տարեկանում երեխաներն ազատ քայլում են, վազում և մագլցում աստիճաններով: Շատերն ինքնուրույն հագնվում, հանվում, ուտում ու լվացվում են: Կազմում են ավելի բարդ նախադասություններ, 3 տարեկանում բառապաշարն ավելանում է մինչև 1200-1500 բառ: Նրանք կարողանում են արտասանել փոքր ոտանավորներ, անվանում են առարկաների գույնն ու ձևը: Խաղերը դառնում են ավելի բարդ: Երեխաները հետաքրքրվում են շրջապատով, շատ հարցեր են տալիս, սիրում են նկարել, շփվել երեխաների հետ:

Սնուցում: 1-3 տարեկանում ստամոքսաղիքային համակարգը մարսում է միայն լավ մշակված սնունդը և անբավարար է վնասազերծում սննդի հետ ներթափանցած ախտածին մանրէները: Ոչ ճիշտ սնուցման դեպքում երեխաների մոտ հաճախ առաջանում են մարսողության խանգարումներ, որոնք զգալի ծանր են ընթանում, քան ավելի մեծ տարիքում:

Լավ աճող օրգանիզմը բավարար քանակությամբ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և աղերի կարիք ունի: Սպիտակուցների մոտ կեսը պետք է լինի կենդ. ծագման (միս, ձուկ, կաթ, կաթնաթթվային մթերք, ձու ևն): ճարպերը երեխաները ստանում են հիմնականում սերուցքային կարագի, ձվի դեղնուցի միջոցով, ընդ որում՝ բուս. ծագման ճարպերը (բուս. յուղ) չպետք է գերազանցեն ճարպերի ընդհանուր քանակի 10 %-ը: Ճարպերի ավելցուկից սնունդը վատ է մարսվում, նվազում է սպիտակուցների յուրացումը, սնունդը ստամոքսում երկար է պահվում, և հաջորդ կերակրման ժամանակ երեխան ուտել չի ցանկանում, քաշը քիչ է ավելանում:

Ածխաջրերը, որոնք շատ են շիլայում, խմորեղենում, բանջարեղենում և մրգերում, մինչև 3 տարեկան երեխաները օրական պետք է ստանան 70-100 գ: Սննդակարգում մեծ քանակությամբ ածխաջրեր (խմորեղեն, քաղցրեղեն) պարունակող մթերքի գերակայության դեպքում արագ ավելանում է երեխայի քաշը, սակայն դա առողջության համար վնասակար է, այդպիսի երեխաները, որպես կանոն, «փխրուն» են, հաճախ են հիվանդանում սուր շնչառ. հիվանդություններով, և ցանկացած հիվանդություն նրանց մոտ ծանր է ընթանում: Բավարար քանակությամբ տարբեր վիտամիններ են պարունակվում բանջարեղենում ու մրգերում, հատապտուղներում, ձավարեղենում, լյարդում և այլ մթերքներում: Նկատի ունենալով, որ երեխաների մոտ շատ անկատար է ջրափոխանակությունը, նրանց անհրաժեշտ է տալ որոշակի քանակությամբ հեղուկ՝ 2 տարեկանին՝ միջինը 90-95 մլ (1 կգ քաշին), 3 տարեկանին՝ 60-70 մլ (ներառյալ սննդում պարունակվող հեղուկը):

Երեխաների համար ավելի գերադասելի են տավարի, հավի, ճագարի ոչ ճարպոտ միսը, կաթը և կաթնաթթվային մթերքը, լյարդը, հացը, հնդկացորենի ու վարսակաձավարի շիլաները, բանջարեղենն ու մրգերը, հյութերը: Շաբաթը պետք է տալ 1-2 ձու, քանի որ որոշ երեխաների մոտ դրանք առաջացնում են բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածություն: Այս նկատառումով մինչև 3 տարեկան երեխային շոկոլադ, հավի մսի խիտ արգանակ, նարինջ, մանդարին չպետք է տալ կամ սահմանափակել դրանց քանակը: Նրբերշիկ ու եփած երշիկներ կարելի է տալ 2,5-3 տարեկանում: Անհրաժեշտ է ճիշտ կազմել երեխայի ճաշացուցակը: Մսի ու ձկան կերակրատեսակները ցանկալի է տալ նախաճաշին և ճաշին, քանի որ դրանք պարունակում են նյարդային համակարգը գրգռող շատ սպիտակուցներ և մզվածքային նյութեր: Վերջիններս երկար են պահվում ստամոքսում և կարող են առաջացնել ծարավ, որը խանգարում է երեխայի քունը: Ընթրիքին պետք է տալ ձավարեղենով, կաթնաշոռով կերակրատեսակներ և կաթնամթերք: Մսի ու ձկան կերակրատեսակների խավարտը պետք է լինի տարբեր բանջարեղենից, կարտոֆիլից: Եթե 1-ին կերակրատեսակը բանջարեղենային է, ապա 2-րդին որպես խավարտ ցանկալի է տալ վերմիշել, մակարոն ևն: Պարտադիր է, որ յուրաքանչյուր կերակրման ժամանակ տրվի տաք կերակրատեսակ, քանի որ սառը և ցամաք սնունդը խանգարում է մարսողությունը:

Անհրաժեշտ է պահպանել սնուցման խիստ ռեժիմ, սահմանել երեխայի կերակրման մշտ. ժամ, որն օգնում է մշակելու պայման. ռեֆլեքսներ (որոշակի ժամանակում է արտադրվում մարսող. հյութ, և սնունդը լավ է մարսվում): 1,5 տարեկանից երեխաները պետք է անցնեն 4-անգամյա սնուցման: Բավականին հաճախ երեխայի ախորժակը վատանում է ոչ ճիշտ կազմակերպված սնուցումից: Լավ ախորժակը