բաց թողնել: Կարևոր է նաև մաքուր օդում լինելը, որի տևողությունը կախված է եղանակից ու երեխայի տարիքից: Ձմռանը վաղ մանկ. տարիքի երեխաները պետք է զբոսնեն օրը 2-3 անգամ (1-3 ժ ընդհանուր տևողությամբ), տաք եղանակներին՝ օրվա մեծ մասը: Ցանկալի է, որ ամռանը երեխայի խաղերը, կերակրումը և ցերեկվա քունը լինեն մաքուր օդում: Հագուստը պետք է համապատասխանի եղանակին:
Օդային լոգանքները ձմռանն անցկացնել լավ օդափոխած սենյակում, 20° C ջերմաստիճանի պայմաններում: 1-ին օդային լոգանքի տևողությունը պետք է լինի 3-5 ր: Երեխայի շորերը հանել աստիճանաբար՝ սկզբում մերկացնել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև՝ մինչև գոտկատեղը (թողնելով կիսավարտիքով ու հողաթափերով): Սենյակի օդի ջերմաստիճանը 3-4 օրը մեկ նվազեցնել 1° C-ով (մինչև 15° C):
Ամռանը վաղ մանկ. տարիքի երեխաների օդային լոգանքները նույնպես սկսել 20° C ջերմաստիճանից (մաքուր օդում): 1-ին օդային լոգանքի տևողությունը պետք է լինի մոտ 5 ր, այնուհետև հասցնել մինչև 1 ժ: Ամառային օդային լոգանքներն անցկացնել արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված տեղում (ստվերում կամ ծառերի տակ)՝ 8-12 ժ տևողությամբ: Ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը օդային լոգանքները զուգակցել շարժ. խաղերով կամ մարմնամարզությամբ:
Օդային լոգանքների ժամանակ ուշադիր հետևել երեխայի ինքնազգացողությանը: Դողի, սարսուռի, մաշկի վրա «մրջյունների սորալու» զգացողության ժամանակ բուժարարողությունը պետք է դադարեցնել և փոքրիկին արագ տաքացնել: Ցանկացած դեպքում խորհրդակցել բժշկի հետ:
Արևային լոգանքներն սկսել 2 տարեկանից, օրը 1 անգամ՝ նախաճաշից 1-2 ժ հետո (լավագույն ժամանակը ժամը 10-12-ն է, օդի ջերմաստիճանը ստվերում՝ 18-20° C): 1-ին արևային լոգանքի տևողությունը 2 ր-ից չպետք է գերազանցի: Այնուհետև, 2 օրը մեկ, արևի տակ մնալու տևողությունն ավելացնելով 1 ր, հասցնել 20-30 ր: Լոգանքի ժամանակ պետք է մերկացնել երեխայի ամբողջ մարմինը (պարտադիր են գլխարկը և արևապաշտպան ակնոցը): Բուժարարողության ժամանակ ուշադիր հետևել երեխայի ինքնազգացողությանը, ջուր խմեցնել, փոխել դիրքը: Արևային լոգանքներից հետո երեխային տանել ստվերոտ տեղ, շփել խոնավ սրբիչով կամ ջրցողել 30-36° C ջերմաստիճանի ջրով: Եթե բուժարարողության ժամանակ փոքրիկը թուլանում է, գանգատվում գլխացավից, կամ դեմքը խիստ կարմրում է, ուժեղ քրտնում, ապա արևային լոգանքները պետք է դադարեցնել և խորհրդակցել բժշկի հետ:
Կոփումը ջրով ամենապարզ, հեշտ իրականացվող, սակայն երեխայի օրգանիզմի վրա ուժեղ կոփող ազդեցություններից է: Ուստի կատարում են ամենօրյա ջրային բուժարարողություններ (լվացումներ, շփումներ ևն):
Լվացվելիս (երեսը, պարանոցը, ինչպես նաև մինչև արմունկները ձեռքերը լվանալիս) ջրի սկզբն. ջերմաստիճանը պետք է լինի 30° C, այնուհետև, 2-3 օրը մեկ նվազեցնելով 1° C-ով, հասցնել 20° C (1-2 տարեկանների համար) կամ 18° C (2-3 տարեկանների համար):
Շփումը կատարել ջրով թրջած բրդե ձեռնոցով կամ խավոտ սրբիչի ծայրով: Սկզբում պետք է շփել 1 ձեռքը և անմիջապես չորացնել փափուկ չոր սրբիչով, մինչև մաշկի թեթևակի կարմրելը, այնուհետև՝ մյուսը, կուրծքը, որովայնը, մեջքը, ոտքերը: Շփման սկզբն. ջերմաստիճանը վաղ մանկ. տարիքի երեխաների համար պետք է լինի 34-35° C, աստիճանաբար (շաբաթը 1° C-ով) նվազեցնելով՝ հասցնել 25-26° C: Ոչ երկարատև ընդհատումների դեպքում շփումը վերսկսում են վերջին բուժարարողության ժամանակ եղած ջրի ջերմաստիճանից: Շփման ընդհանուր տևողությունը՝ 4-6 ր:
1,5 ամիս անց կարելի է կատարել մեկ այլ ջրային բուժարարողություն՝ ջրցողում:
Սկսում են 1,5 տարեկանից, կարելի է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Ամռանը, որպես կանոն, ջրցողումը անցկացնում են ստվերում՝ 18° C-ում: Ջրի սկզբն. ջերմաստիճանը պետք է լինի 34-36° C, այնուհետև, 3-4 օրը մեկ այն 1° C-ով նվազեցնելով, հասցնել 26-28° C (մինչև 2 տարեկանների համար) և 24-26° C (մինչև 3 տարեկանների համար): Սկզբում ջրցողում են պարանոցը, այնուհետև՝ կուրծքը, կողքերը, մեջքը, ձեռքերն ու ոտքերը: Գլուխը չպետք է ջրցողել: Ջրցողումից հետո խավոտ սրբիչով շփել ձեռքերը (մատներից՝ ուսերը), ոտքերը (ոտնաթաթերից մինչև ազդրերը) և իրանը (մինչև մաշկի թեթևակի կարմրելը): Ձմռանը ջրցողումը կատարում Են լոգարանում՝ 18° C ջերմաստիճանի պայմաններում: Կարելի է նաև կատարել ցնցուղում, բուժարարողության անցկացման կարգը նույնն է: Ջրցողման կամ ցնցուղման տևողությունը 2 ր է, դրանք պետք է կատարել առավոտյան:
Կարելի է կատարել նաև տեղային ջրային բուժարարողություն՝ ոտքերի լվացում (սովորաբար՝ 2 տարեկանից): Ջրի սկզբն. ջերմաստիճանը՝ 35° C: 3-4 օրը մեկ 1° C-ով նվազեցնելով՝ հասցնել 22-24° C: Ցանկալի է բուժարարողությունը կատարել քնից առաջ:
Գետում, լճում խորհուրդ է տրվում լողանալ 2 տարեկանից, անպայման մեծերի հսկողությամբ: Դրանից առաջ ցանկալի է կատարել գոնե մի քանի ջրցողում: Լողանալ կարելի է ուտելուց 1 ժ հետո, քամու առկայության դեպքում խորհուրդ չի տրվում: Օդի ջերմաստիճանը պետք է լինի 24-25° C, ջրինը՝ 22-23° C: Ցանկալի է լողանալ օրվա 2-րդ կեսին, երբ ջուրը բավականին տաք է լինում: Երեխան այդ ժամանակ պետք է անընդհատ շարժման մեջ լինի: 1-ին անգամ պետք է լողանա 2-3 ր, այնուհետև տևողությունը հասցնել 5-6 ր: Ծովում խորհուրդ է տրվում լողանալ 3 տարեկանից:
ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ: Մինչև 7 տարեկան երեխաների դաստիարակությունը, ուսուցումը, խնամքն ապահովող և առողջությունն ամրապնդող նախադպրոց., կրթադաստիարակչ. հաստատութուն: Մ-մ-ի հիմն. խնդիրներն են երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտ. և ֆիզ. զարգացման ապահովումը, դպրոց. ուսուցման նախապատրաստումը:
ՀՀ-ում գործում են պետ., ոչ պետ., համայնքային Մ-մ-ներ. որոնք ստեղծվում են հիմնադրի (հիմնադիրների) կողմից, գրանցվում օրենսդրությամբ սահմանված կարգով: Մ-մ. կազմակերպվում է սանհիգիենային, համաճարակային և հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխանող, հատուկ նախագծով կառուցված կամ հարմարեցված շենքում, որը կահավորվում է փափուկ ու կոշտ գույքով, բժշկ. սարքավորումներով, ուսումնադաստիարակչ. պարագաներով և խաղալիքներով: Մ-մ. երեխան ընդունվում է մանկ. պոլիկլինիկայի բժշկ. եզրակացության հիման վրա: Գոյություն ունեն. 1. նախադպրոց կրթ. ծրագրեր իրականացնող և սաների խնամքն ապահովող, 2. երեխաների ֆիզ. և հոգեկան զարգացման շեղումների շտկման ծրագրերի գերակայությամբ հատուկ և 3. սանհիգիենային կանխարգելիչ ու առողջապահ. ծրագրերի գերակայությամբ առողջարանային Մ-մ-ներ: Մ-մ-ում երեխան, որպես կանոն, գտնվում է միայն ցերեկը, իսկ երեկոյան նրան տուն են տանում: Գործում են նաև շուրջօրյա սպասարկման Մ-մ-ներ կամ խմբեր, որտեղ երեխան մնում է ամբողջ շաբաթվա ընթացքում և տուն է գնում միայն հանգստյան օրերին: Սոցիալապես անապահով, ծնողազուրկ, միայնակ մայրերի, ծնող. իրավունքներից զրկված, ինչպես նաև երեխայի