դաստիարակությունից հրաժարվող ծնողների երեխաների համար ստեղծված են գիշերօթիկ Մ-մ-ներ և մանկատներ:
Մ-մ-ներում երեխաները բաշխվում են ըստ տարիքային խմբերի՝ յուրաքանչյուրի համար սահմանված համապատասխան օրվա ռեժիմով, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջ. վիճակը և նյարդահոգեկան զարգացումը: Մ-մ-ի բժիշկը և բուժքույրը մանկ. պոլիկլինիկայից կցված մանկաբույժի ղեկավարությամբ իրականացնում են երեխաների վիճակի ու զարգացման մշտ. հսկողություն, կատարում բոլոր պլանային բուժկանխարգելիչ պատվաստումները:
ՄՐԳԱՋՈՒՐ. տես Խմիչքներ ոչ ալկոհոլային հոդվածում:
ՄՐԳԵՐ. ծածկասերմ բույսերի ուտելի պտուղներ: Զգալիորեն բազմազան են դարձնում սնունդը: Հիմն. սննդային արժեքը պայմանավորված է ածխաջրերի, վիտամինների, օրգ. թթուների, հանքային, պեկտինային նյութերի և աղաղանյութերի պարունակությամբ: Օրգ. թթուները (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու) մասնակցում են օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը: Այդ թթուներով առավել հարուստ են կիտրոնը, սալորը, բալը, ծիրանը ևն:
Մ-ում պարունակվող զանազան հանքային աղերը լավ են յուրացվում օրգանիզմի կողմից: Առավել կարևոր են կալիումի աղերը, որոնցով հարուստ են ծիրանը, բալը, կեռասը, սալորը: Լավ է յուրացվում ծիրանի չրում պարունակվող կալիումը: Երկաթի հեշտ յուրացվող աղեր հիմնականում պարունակվում են խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի մեջ:
Տանինները (պատկանում են աղաղանյութերի խմբին) խթանում են վիտամին C-ի ազդեցությունը, պարունակվում են սերկևիլի, տանձի, խնձորի, նռան մեջ: Նշված Մ-ում կան նաև պեկտինային նյութեր, որոնք բարերար ազդեցություն են ունենում մարսող. համակարգի գործունեության վրա: Հարուստ և արժեքավոր քիմ. կազմի շնորհիվ Մ. սննդի անհրաժեշտ բաղադրիչ են բոլոր տարիքի (հատկապես երեխաների և տարեց) մարդկանց, հղի և կերակրող կանանց համար, ինչպես նաև բուժ. սննդի մեջ: Մ. ընդգրկվում են սննդի օրաբաժնի մեջ՝ հատկապես այտուցներով ուղեկցվող արյան շրջանառության խանգարումների, աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, հաստ աղիքի բորբոքման, փորկապության և այլ դեպքերում:
Առավել օգտակար են թարմ Մ.: Պահածոյելիս անհրաժեշտ է առավելագույն չափով պահպանել դրանց օգտակար հատկությունները, վիտամինների ակտիվությունը: Կոմպոտներ պատրաստելիս Մ. պետք է մաքրել և կտրատել եփելուց անմիջապես առաջ: Կան Մ-ի վերամշակման զանազան (տնային և արդ.) եղանակներ:
Ուտելուց առաջ անհրաժեշտ է Մ. խնամքով լվանալ հոսող ջրով: Որոշ Մ. կարող են առաջացնել ալերգ. հակազդեցություններ (տես Ալերգիա):
ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ, օրգանիզմի ժառանգ. հատկանիշների բնական կամ արհեստ. առաջացող փոփոխություններ, որոնք տեղի են ունենում քրոմոսոմներում ու գեներում՝ ժառանգ. նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով: Մ. հատուկ են բուս. և կենդ. բոլոր օրգանիզմներին և պայմանավորում են ժառանգ. փոփոխականության 2 հիմն. ձևերից մեկը՝ մուտացիոն փոփոխականությունը:
Հանկարծակի առաջացող ժառանգ. փոփոխությունները, որոնք հանգեցնում են նոր հատկանիշներով օրգանիզմների առաջացմանը, հայտնի են շատ վաղուց: Սակայն Մ-ի գիտ. ուսումնասիրությունը սկսվել է 20-րդ դ. սկզբներին՝ կապված ժառանգ. ինֆորմացիայի (տես Ժառանգականություն) փոխանցման հիմն. մեխանիզմների բացահայտման, գենի կառուցվածքի ու ֆունկցիայի ուսումնասիրման հետ: Տերմինն առաջարկել է (1901) հոլանդ. բժիշկ Դե Ֆրիզը:
Տարբերում են գենային, քրոմոսոմային և գենոմային Մ.:
Գենային Մ. գեների կառուցվածքի փոփոխություններն են: Կարող է տեղի ունենալ գենի կառուցվածքային հիմքի՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) (տես Նուկլեինաթթուներ) մոլեկուլի առանձին օղակների (նուկլեոտիդների) փոխարինում: ԴՆԹ-ի մոլեկուլից կարող են պոկվել մեծ կամ փոքր հատվածներ, կամ հակառակը, նրան միանալ լրացուցիչ օղակներ: Քրոմոսոմային Մ. (քրոմոսոմային վերակառուցումներ կամ շեղումներ) քրոմոսոմների տարբեր կառուցվածքային վերակառուցումներն են: Քրոմոսոմները կարող են լրիվ կամ մասնակիորեն կրկնապատկվել, կորցնել առանձին հատվածներ, մի մասը՝ շրջվել 180°-ով կամ նույն քրոմոսոմի սահմանում տեղափոխվել այլ տեղ ևն: Գենոմային Մ. քրոմոսոմների ընդհանուր թվի փոփոխություններն են: Ընդ որում՝ քրոմոսոմների քանակը կարող է կրկնապատկվել, եռապատկվել (հավաքակազմում), մի մասը կարող է կորչել, կամ նորերը՝ հայտնվել:
Մ-ով պայմանավորված՝ օրգանիզմի ժառանգ. հատկանիշների փոփոխությունները կարող են տարբեր բնույթ ունենալ: Եթե Մ. տեղի են ունեցել ժառանգ. կառուցվածքների 2-րդական հատվածներում, ապա առաջացած փոփոխությունները կարող են էական ազդեցություն չունենալ օրգանիզմի կենսագործունեության վրա: Առանձին դեպքերում՝ Մ., չխանգարելով օրգանիզմի ֆունկցիաները, հանգեցնում են ժառանգ. հատկությունների լավ արտահայտված փոփոխությունների (օրինակ՝ բրդի գույնի փոփոխությունը կենդանիների սերնդում) ևն:
Եվ վերջապես՝ Մ. կարող են առաջացնել կենսագործունեության լուրջ փոփոխություններ, ընդհուպ մինչև օրգանիզմի մահը՝ զարգացման վաղ շրջանում: Նշված Մ. կազմում են մարդու մի շարք ժառանգական հիվանդությունների առաջացման հիմքը: Որոշ դեպքերում Մ. կարող են ունենալ օգտակար, հարմարվող. բնույթ (օրինակ՝ միջատների գունավորման փոփոխությունը բույսերի գույնին համապատասխան): Մ-ի դրսևորումը պայմանավորված է նրանով, թե այն որ բջջում է առաջացել: Սաղմնային բջիջներում (մարդու համար ձվաբջիջներում կամ սերմնաբջիջներում) դրանք հանգեցնում են լրիվ փոփոխված օրգանիզմի զարգացման և կարող են փոխանցվել սերնդից սերունդ: Մյուս բոլոր բջիջներում կատարվող Մ. (սոմատիկ Մ.) ընդգրկում են մարմնի որոշակի հատված՝ կախված օրգանիզմի զարգացման փուլից, օրինակ՝ խայտաբղետ բծերի առաջացումը ծիածանաթաղանթի, կամ գունակազուրկ, սպիտակ բծերինը՝ մաշկի վրա ևն: Սոմատիկ Մ. չեն ժառանգվում: Առանց արտաքին ազդեցությունների, սովոր. պայմաններում առաջացող Մ. կոչվում են ինքնաբեր: Դրանք խիստ հազվադեպ են հանդիպում (օրինակ՝ մարդու սաղմնային բջիջներում՝ 1:100 000 հաճախությամբ): Կան բազմաթիվ ֆիզ., քիմ. կամ կենսբ. բնույթի գործոններ՝ մուտագեններ, որոնք կարող են առաջացնել Մ.: Որևէ գործոնի արդյունավետությունը որոշվում է դրա չափաքանակով, ազդեցության տևողությամբ և օրգանիզմի առանձնահատկություններով: Մուտագեն ակտիվությամբ օժտված են բոլոր տեսակի իոնացնող ճառագայթները, անդրամանուշակագույն ճառագայթումը, շատ քիմ. միացություններ, վիրուսներ, դեղանյութեր: Ուժեղ մուտագեններ են բույսերի մի շարք ալկալոիդները, որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդները, վարակազերծող նյութերը: Մուտագեն ակտիվությամբ են օժտված բջիջների նյութափոխանակության որոշ նյութեր (ազատ ռադիկալներ, գերօքսիդներ ևն):