Մարդու և կենդանիների օրգանիզմներում առաջացող Մ-ի հաճախությունը կարող է ուժեղ փոխվել մակաբույծների առկայությունից:
Մ-ի առաջացման խնդիրը հատուկ նշանակություն է ստացել՝ կապված շրջակա միջավայրի աղտոտման հետ: Չի բացառվում, որ մթնոլորտն աղտոտող տարբեր նյութեր կարող են փոխազդեցության մեջ մտնել միմյանց հետ, ենթարկվել քիմ. ու կենսբ. բարդ փոխարկումների և առաջացնել ակտիվ մուտագեն միացություններ:
ԴՆԹ-ի մոլեկուլի վնասումները միշտ չեն դառնում Մ-ի առաջացման պատճառ և կարող են անհետանալ բջջում առկա վերականգնման համակարգի (ռեպարացիայի) շնորհիվ: Մուտագեն գենը կարող է ճնշվել այլ գենի ազդեցությունից, փոխանցվել սերնդից սերունդ և ինքնադրսևորվել, երբ սաղմնային բջջում հանդիպեն 2 նույնանման մուտագեն գեներ: Որոշ Մ. կարող են առաջանալ միայն գոյության որոշակի պայմաններում: Մ. առաջացնելու գեների հատկությունը գտնվում է գենետիկ, հսկողության տակ: Հայտնաբերվել են գեներ, որոնք, ազդելով ֆերմենտային համակարգերի ակտիվության վրա, կարող են փոխել առանձին կամ բոլոր գեների Մ-ի հաճախությունը: Եթե հաճախության բարձրացումը հանգեցնում է օրգանիզմի համար ոչ բարենպաստ փոփոխությունների ավելացման, ապա նվազեցումը բարենպաստ չէ ամբողջ տեսակի համար, քանի որ փոքրացնում է նրա հարմարվող. հնարավորությունները:
Յ
ՅՈԳԵՐ, հին հնդկ. փիլիսոփայության ուղղություններից մեկի հետևորդներ: Յո-ի փիլիսոփայությունն ընդունում է «հոգու և մարմնի մաքրությունը», հրաժարումը ստից և այլ թերություններից ու արատներից: Յո-ի ուսմունքը նախատեսում է ինքնաներշնչման ունակությունների զարգացում, որոշակի սևեռված կեցվածքների՝ ասանաների ընդունում, շնչառության ղեկավարում, զգայությունների ընկճում, ինքնահայեցում, կիսաքաղց սննդակարգ (դիետա): Յո-ի գործն. նպատակն այնպիսի վիճակի հասնելն է, որի դեպքում մարդն իբր ազատագրվում է բացասական գործոնների ազդեցությունից: Դրա համար խորհուրդ է տրվում մարզումների բարդ և երկարատև ուղի, ընդ որում կատարելության է հասնում նա, ով սկսում է շատ վաղ տարիքից և ամբողջ կյանքի ընթացքում խստորեն կատարում է բոլոր պահանջները:
Հնդկաստանում Յո-ի մարզումներն ու բուժ. ֆիզ. վարժություններն անցկացվում են հատուկ մարզիչների հսկողությամբ: Դարերով կուտակված փորձն ու ավանդույթները հնարավորություն են տալիս չափավորել բեռնվածություններն աշակերտի օրգանիզմի վիճակին համապատասխան՝ հաշվի առնելով նրա կաստայական (մասնագիտ.) պատկանելությունը, կենսակերպը, սնման ձևը, ինչպես նաև տարվա և օրվա ժամը, տեղի կլիման:
Ժամանակակից բժշկության տեսակետից այդ նշանակումները ֆիզիոլոգիորեն անբավարար են հիմնավորված, հետևաբար և անվտանգ չեն օրգանիզմի համար: Առանձնապես վտանգավոր է Յո-ի վարժություններով ինքնուրույն զբաղվելը: Շատ կեցվածքներ ուժեղ ազդեցություն են ունենում ներզատիչ, սիրտանոթային, կենտր. նյարդային, ստամոքսաղիքային համակարգերի, ինչպես նաև երիկամների, արյունաստեղծ օրգանների ֆունկցիաների վրա:
Առանց հսկողության Յո-ի ֆիզ. վարժություններով զբաղվելը կարող է հանգեցնել օրգանիզմի կենսագործունեության էական խանգարումների: Շատ վտանգավոր է նաև ձեռնարկների օգնությամբ Յո-ի վարժություններով զբաղվելը: Նշված վարժություններն անուղղելի վնաս կարող են հասցնել սիրտանոթային համակարգի և ողնաշարի հիվանդություններով, հիպերտոնիկ հիվանդությամբ, աթերոսկլերոզով տառապողներին, ինչպես նաև տարեց անձանց, որոնց արյան անոթները, կորցնելով առաձգականությունը, հեշտորեն վնասվում են բավականին ուժեղ լարվածությունից: Յո-ի ամենատարածված վարժություններից գլխի վրա կանգնելը կարող է առաջացնել ցանցաթաղանթի շերտազատում, պարանոցային ողների կոտրվածք, գլխուղեղի արյունազեղում (տես Կաթված): «Կոբրայի դիրքը», որն ընդունում են փորի վրա պառկած, ուղղած և կրծքի տակ դրած ձեռքերով, մարմնի վերին մասը բարձրացրած մինչև ողնաշարի առավելագույն ուղղվելն ու հետ թեքած գլխով, վտանգավոր է, որովհետև գերլարման և շնչառության կասեցման դեպքում կարող է հանգեցնել պարանոցի մկանների կողմից քնային զարկերակների սեղմման և գիտակցության կորստի: «Մորեխի դիրքը», որը նույնպես ընդունում են երեսնիվայր պառկած և շատ վեր բարձրացրած ոտքերով ու շնչառության կասեցմամբ (10 վրկ տևողությամբ), զգալիորեն բարձրացնում է որովայնի և կրծքի խոռոչների, ինչպես նաև զարկերակային ճնշումները: Խոր հարգանք տածելով հնդիկ ժողովրդի բազմադարյան ավանդույթների, հնագույն մշակույթի, Հնդկաստանի արդի գիտ. բժշկության նկատմամբ՝ այնուամենայնիվ, ժամանակակից բժշկագիտությունը խորհուրդ չի տալիս առողջության ամրապնդման համար ինքնուրույն զբաղվել Յո-ի վարժություններով: