Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ն

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔ, 3-ից մինչև 6-7 տարեկան երեխայի զարգացման շրջանը: Այդ տարիներին են տեղի ունենում երեխայի հետագա ֆիզ. զարգացումը և մտավոր կարողությունների կատարելագործումը: Նրա շարժումները դառնում են ազատ, լավ խոսում է, զգայական աշխարհը, ապրումները, պատկերացումները հարուստ են ու բազմազան:

Երեխաների հասակն այդ շրջանում ավելանում է անհամաչափ, սկզբում տարին՝ 4-6 սմ, այնուհետև 6-7 տարեկանում՝ ավելանում է տարին մինչև 7-10 սմ: Այս թվերի միջինից ելնելով՝ մոտավորապես կարելի է նշել, որ 1 տարեկանից հետո երեխան յուրաքանչյուր տարի աճում է 5 սմ:

Քաշի ավելացումը նույնպես անհամաչափ է: 4 տարեկանում երեխայի քաշն ավելանում է մոտ 1,6 կգ, 5-ում՝ 2 կգ, 6-ում՝ 2,5 կգ, այսինքն՝ 1 տարում միջինը՝ 2 կգ: Ն.տ. երեխաների հասակի և քաշի տարիքային փոփոխությունները կարելի է հաշվել նույն բանաձևով, ինչ մսուրային տարիքում:

Այդ տարիքում մաշկը հաստանում է, դառնում ավելի առաձգական, արյունատար անոթների քանակը պակասում է, և այն ավելի դիմացկուն է դառնում մեխ. ազդեցությունների հանդեպ: Մինչև 6-7 տարեկան երեխաների մաշկի մակերեսը 1 կգ քաշի հաշվարկով ավելի մեծ է, քան հասուն մարդունը, որի հետևանքով նրանք հեշտությամբ գերտաքանում կամ գերսառում են:

5-6 տարեկանում ողնաշարը ձևով համապատասխանում է հասուն մարդու ողնաշարին, սակայն կմախքի ոսկրացումն ավարտված չէ, դրանում դեռևս շատ են աճառային հյուսվածքները: Այդ շրջանում երեխաները շատ շարժուն են. արագ զարգանում է նրանց մկանային համակարգը, այստեղից էլ՝ զգալի բեռնվածությունը կմախքի վրա: Ուստի կարևոր է մշտապես հետևել երեխայի կեցվածքին, նրա շարժումներին ու խաղերին: Երեխայի անկողինը պետք է լինի հարթ, բայց ոչ շատ փափուկ:

5-6 տարեկանից երեխաների մոտ սկսում են ընկնել կաթնատամները և ծկթել հիմն. ատամները: Որպեսզի այդ գործընթացը ճիշտ ընթանա, պետք է մշտապես հետևել կաթնատամներին, ժամանակին բուժել դրանք, երեխային սովորեցնել ատամների ճիշտ խնամքի կանոնները:

Ն.տ-ի վերջում ավարտվում է շնչառ. օրգանների ձևավորումը: Կողերն աստիճանաբար այնպիսի դասավորություն են ստանում, ինչպիսին հասուն մարդունն է, զարգանում են շնչառ. մկանները և թոքերի հյուսվածքը: Շնչառությունը դառնում է ավելի խորը և դանդաղ, 7 տարեկանում շնչառության հաճախությունը 1 ր-ում 23-25 է:

Սիրտանոթային համակարգը նոգնպես զարգանում է, դառնում է ավելի աշխատունակ և դիմացկուն: Մեծանում են սրտի զանգվածը, կծկումների ուժը, այն լավ է հարմարվում ֆիզ. բեռնվածությանը: Ձևը և դիրքը համարյա նույնն են, ինչ հասուն մարդունը: Աստիճանաբար պակասում է անոթազարկը՝ 5 տարեկանում 1 ր-ում՝ մինչև 100, 7 տարեկանում՝ մինչև 85-90 զարկ:

Ն.տ-ի երեխաների շնչառ. օրգանների և սիրտանոթային համակարգի հարմարվող. հնարավորություններն ավելի ցածր են, քան հասուն մարդունը: Ուստի երեխաների ֆիզ. վարժությունները խիստ չափավորում են նրանց տարիքին համապատասխան: Անթույլատրելի է, երբ զբոսանքի ժամանակ հասուն մարդը գնում է իր սովոր. քայլքով, իսկ երեխան ստիպված վազում է՝ հազիվ հասնելով նրա հետևից:

Նյարդահոգեկան զարգացումը հասնում է զգալի մակարդակի: Կատարելագործվում է մտավոր վարքագիծը: Բառապաշարն աստիճանաբար ավելանում է և հասնում մինչև 2000 և ավելի բառերի: Խոսակցության ժամանակ երեխաներն օգտագործում են բարդ արտահայտություններ ու նախադասություններ, սիրում են լսել մեծերի ընթերցանությունը, հեշտությամբ հիշում են բանաստեղծություններ, կարող են կազմել ոչ մեծ (օրինակ՝ զբոսանքի մասին) պատմություն, մատիտը վստահ պահում են ձեռքում, նկարում են տարբեր առարկաներ, կենդանիներ: Որոշակի արտահայտում են տարբեր հույզեր: Այդ տարիքում ձևավորվում և զարգանում են բնավորության գծերը, բարոյական հասկացությունները, պատասխանատվության զգացումը:

Սնուցում: Ն.տ-ի երեխաների ստամոքսաղիքային համակարգը հասնում է զգալի զարգացման: Ստամոքսի և աղիքների կողմից արտադրվող մարսող. հյութը պարունակում է բավարար քանակությամբ ֆերմենտներ, որոնք ունակ են յուրացնելու կենդ. ու բուս. ծագման բազմազան սննդամթերք: Ուստի, 3-4 տարեկանից բարձր երեխաների սնուցումը քիչ է տարբերվում հասուն մարդու սնուցումից:

Նախաճաշին ու ընթրիքին երեխան պետք է ստանա օրական սննդի ընդհանուր կալորիականության 25 %-ը, ճաշին՝ 30-35 %-ը, հետճաշիկին՝ 15-20 %-ը: Երեխաներին չի կարելի տալ թունդ թեյ, սուրճ, կծու, թանձր կերակրահյութեր: Որպես համեմունք կարող են ծառայել սոխը, սխտորը, մաղադանոսը և այլ կանաչեղեն: Ցանկալի է սահմանափակել խիտ արգանակները, շոկոլադը, շոկոլադե կոնֆետները, տորթերը և քաղցր խմորեղենը, նարինջը, մանդարինը: Երեխան կարիք ունի նաև բավարար քանակությամբ վիտամինների, սպիտակուցների, ածխաջրերի և այլ սննդանյութերի: Կարևոր է ճիշտ կազմել ճաշացուցակը: Ցանկալի է մսի ու ձկան կերակրատեսակները տալ նախաճաշին և ճաշին: Ընթրիքին խորհուրդ է տրվում կաթնամթերք, ձավարեղենով և կաթնաշոռով կերակրատեսակներ: 2-րդ կերակրատեսակի խավարտի համար ավելի հարմար են կարտոֆիլն ու բանջարեղենը: Եթե 1-ին կերակրատեսակը բանջարեղենի ապուր է, ապա 2-րդի խավարտը կարելի է պատրաստել ձավարեղենից կամ մակարոնեղենից: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ կերակրատեսակներից մեկը պետք է տաք լինի:

3 տարեկանից երեխաները կարող են լրիվ ինքնուրույն ուտել: Ընդ որում՜ անհրաժեշտ է խիստ պահպանել սնուցման ռեժիմը, երեխան պետք է սնվի խաղից կամ զբոսանքից 30 ր հետո, ընթրի քնից 2 ժ առաջ: Նա պետք է ինքնուրույն լվանա ձեռքերը, օգնի սեղանը պատրաստելուն: Դա ոչ միայն նրան տրամադրում է ուտելու, այլև որոշ չափով ինքնուրույնություն և աշխատանքային հմտություններ է դաստիարակում: Ցանկալի է, որ սնվելիս կահույքը համապատասխան լինի երեխայի տարիքին:

Խնամք: Երեխայի ճիշտ խնամքը ոչ միայն օգնում է մշակելու անհրաժեշտ հիգիենային ունակություններ, այլև ունի դաստիարակչ. նշանակություն:

Նրա սենյակը պետք է լինի պայծառ, հաճելի, մշտապես օդափոխվի (ձմռանն օրը 3-4 անգամ, իսկ ամռանը պատուհանը կամ օդանցքը պետք է մշտապես բաց թողնել), օդի ջերմաստիճանը լինի 18-20° C: Անհրաժեշտ է երեխային շրջապատոդ բոլոր իրերն ու առարկաները մաքուր պահել, նա պետք է ակտիվ մասնակցի սենյակը մաքրելուն:

Խաղի ժամանակ, պարապելիս մշտապես պետք է հետևել երեխայի կեցվածքին: Նկարելիս, ծեփելիս, ընթերցելիս աչքից սեղանի հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ: Ցանկալի է կահույքն ընտրել