Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20-րդ դ. 1-ին կեսը, որպես առանձին ճյուղեր, Ն. հ-ից առանձնացան մանկաբուժությունը, նյարդախտաբանությունը, հոգեբուժությունը, մաշկաբանությունը և վեներաբանությունը ևն: Ժամանակակից բժշկագիտության մեջ Ն.հ. (կամ «ներքին հիվանդությունների կլինիկան», «ներքին բժշկությունը», «թերապիան») հիմն. կլինիկ. գիտակարգ են և բժշկ. ուս. հաստատություններում դասավանդվող հիմն. առարկա: Ն. հ-ի բաղադրյալ մասերն են ստամոքսաղիքաբանությունը, արյունաբանությունը, սրտաբանությունը, նեֆրոլոգրան, թոքաբանությունը, ռևմատոլոգիան, ներզատաբանությունը:

Ն. հ-ի բնագավառի զարգացումը Հայաստանում պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկ. ֆակ-ում և բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.), ներքին հիվանդությունների ամբիոնների, Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության, Կուրորտաբանության և ֆիզ. բժշկության ԳՀԻ-ների ու կլինիկ. հիվանդանոցների Ն.հ-ի բաժանմունքների ստեղծմամբ: Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են մալարիայի կլինիկայի, դասակարգման, բուժման (Լ. Հովհաննիսյան, Ա. Մելիք-Ադամյան, Ա. Քաթանյան, Ռ. Գյանջեցյան, Ա. Սիմոնյան), բրուցելոզի կլինիկայի (Ռ. Գյանջեցյան), ախտորոշման (Ս. Երամյան) հարցերը: Նկարագրվել և առանձնացվել է ՀՀ-ում տարածված մի հիվանդություն, որն սկզբում անվանվել է 6 օրյա տենդ, իսկ հետագայում՝ պարբերական հիվանդություն: Ուսումնասիրվել են թոքերի քրոնիկ. ոչ տուբերկուլոզային հիվանդությունների տարածվածության, բարձրլեռնային պայմաններում դրանց բուժման հարցերը (Վ. Ամատունի): Մշակվել է խոցային հիվանդության բուժման մեթոդ՝ բրոմի պատրաստուկներով և քնով, ինչպես նաև Վանաձորում և նրա շրջաններում տարածված տեղաճարակային խպիպի բուժման հարցերը (Ռ. Գյանջեցյան), առաջարկվել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակված մեթոդ, ներդրվել էլեկտրաքնի ինքնատիպ սարք (Ռ. Ստամբոլցյան): Մշակվել են կլինիկ. նեֆրոլոգիայի (Ֆ. Դրամփյան), երիկամների հիվանդությունների կլինիկայի և բուժման, երիկամների ու միզուղիների քարային հիվանդության պահպանող. բուժման (քարերի լուծման եղանակով) հարցերը (Ռ. Մամիկոնյան և աշխատակիցներ): Ուսումնասիրվել են սրտի օրգ. աղմուկների ծագման (Լ. Հովհաննիսյան), սիրտանոթային համակարգի գործիքային հետազոտման (Ա. Սիմոնյան, Ա. Ֆարմանյան, Ա. Քաթանյան), հիպերտոնիկ հիվանդության (Վ. Ավագյան), թոքսրտային անբավարարության ժամանակ էլեկտրասրտագրության շեղումների (Ա. Մելիք-Ադամյան), էլեկտրասրտագրության նոր մեթոդների մշակման (Ռ. Ստամբոլցյան, Զ. Դոլաբջյան, Լ. Միխայելյանց) հարցերը: Զբաղվել են սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ՝ սրտային անբավարարության ժամանակ (Գ. Բադալյան): Պարզվել են սրտի ձախփորոքային անբավարարության ժամանակ բրոնխային անցանելիության խանգարումները, որոնք բարդացնում են արյան փոքր շրջանառությունը, մշակվել են արտաքին շնչառության ուսումնասիրման մեթոդներ (արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ»): Սրտաբանության ինստ-ում ուսումնասիրվել են սրտամկանի անբավարարության և դրա հետզարգացման գործընթացները սրտի իշեմիկ հիվանդության (Կ. Ադամյան), հիպերտոնիկ հիվանդության (Ս. Գուրգենյան), ռևմատիզմի և սրտի ձեռքբերովի արատների (Ս. Յոլյան) ժամանակ: Աշխատանքներ են կատարվել Հայաստանի բնակլիմայական և ջրաբուժ. պաշարների ուսումնասիրման բնագավառում: Հետազոտվել են Արզնիի, Ջերմուկի հանքային ջրերի բուժիչ ազդեցությունը սիրտանոթային, լյարդի, լեղուղիների և շաքարային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև Դիլիջանի, Ստեփանավանի, Վանաձորի, Գյուլագարակի և այլ առողջարանների կլիմայի բուժիչ ազդեցությունը: Ներդրվել են ներզատիչ գեղձերի հիվանդությունների (հատկապես թիրեոտոքսիկոզի, շաքարախտի) հետազոտման և բուժման նոր մեթոդներ (Պ. Վարդապետյան):

ՆԵՖՐԻՏ, տես Երիկամաբորբ:

ՆԵՖՐՈԼՈԳԻԱ, կլինիկ. բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է երիկամների (բուն հյուսվածքի) հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, բուժումը և կանխարգելումը: ՀՀ-ում Ն-ի հարցերն ուսումնասիրվում են հանրապետ. կլինիկ. հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետ. գիտ. կենտրոն), «Շտապ օգնություն» գիտաբժշկ. կենտրոնի Ն-ական բաժիններում: 1969-ին Ռ. Մամիկոնյանի նախաձեռնությամբ ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է Ն-ական լաբորատորիա, իսկ 1986-ին՝ «Էրեբունի» բժշկ. կենտրոնի հիմքի վրա՝ Ն-ական կենտրոն:

Ուսումնասիրվել են երիկամների հիվանդությունների ախտորոշման ու բուժման, ինչպես նաև կլինիկ. Ն-ի հարցերը: Հիմնավորվել է երիկամի էրիթրոպոետինների և արգելակիչների (ինհիբրիտորներ) նշանակությունը երիկամային սակավարյունության ախտածնության մեջ, ուսումնասիրվել են երիկամների ախտահարման առանձնահատկությունները համակարգային կարմիր գայլախտի և կարծրամաշկության ժամանակ: Լուսաբանվել են երիկամների հիվանդությունների ժամանակ արյան անոթների թափանցելիության, լյարդի ֆունկցիոնալ տեղաշարժերի, երիկամների քրոնիկ. անբավարարության կլինիկայի և բուժման, երիկամաավազանաբորբի (իմունաբան. տեսանկյունով), երիկամների և միզուղիների քարային հիվանդության պահպանող. բուժման (քարերի լուծման եղանակով) հարցերը (Ռ. Մամիկոնյան և աշխատակիցներ):

Աշխատանքներ են կատարվում մանկ. ուրոնեֆրոլոգիայի բնագավառում. 1990-ին Ա. Բաբլոյանի նախաձեռնությամբ Երևանում հիմնվել է մանկ. ուրոնեֆրոլոգիայի և վիրաբուժության կենտրոն (այժմ՝ «Արաբկիր» բժշկ. կենտրոն):

ՆԻԿՈՏԻՆ, տես Ծխելը հոդվածում:

ՆՅԱՐԴԱԲՈՐԲ, նեվրիտ, ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն (տես Ծայրամասային նյարդային համակարգ): Պատճառներն են վնասվածքները, թունավորումները, վարակիչ հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, նյարդի արյունամատակարարման անբավարարությունը ևն: Ն. ընթանում է ցավերով, ընդհանուր թուլությամբ, ախտահարված նյարդով նյարդավորվող մկանի ծավալի փոքրացմամբ (ապաճում), զգացողության և շարժողության խանգարմամբ (տես Լուծանքներ):

Կարող են ախտահարվել գանգուղեղային (տեսող., լսող., ակնաշարժ, դիմային ևն) և ողնուղեղային (արմնկային, միջնական, ճաճանչային, ազդրային, նստանյարդի) նյարդերը: Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, միջին ականջի բորբոքման (տես Ականջաբորբ) հետ: Այդպիսի դեպքերում, որպես կանոն, առաջանում է դեմքի կեսի մկանների լուծանք, դեմքի համապատասխան կողմում ճակատի մաշկը ծալքերի չի հավաքվում, աչքը չի փակվում, բերանի անկյունն իջած է, հիվանդը չի կարողանում ատամները ցույց տալ, հոնքերը կիտել, այտերն ուռեցնել: Հեղուկ սնունդը հոսում է բերանի անկյունից (ախտահարված կողմում): Հաճախ առաջանում են հարականջային շրջանի ցավեր: