Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսող. նյարդի բորբոքումը նկատվում է նյութափոխանակության խանգարումների, նյարդի արյունամատակարարման անբավարարության (օրինակ՝ աթերոսկլերոզի) ժամանակ: Բնորոշ ախտանշաններն են՝ ականջներում աղմուկի զգացումը, գլխապտույտը և լսողության հարաճուն թուլացումը: Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, օրգանիզմի թունավորումների (հատկապես՝ ալկոհոլային) ժամանակ: Նման դեպքերում առավել բնորոշ են մատների, դաստակի շարժողության խանգարումները, բազկի, նախաբազկի, դաստակի շրջանում զգացողության իջեցումը և ցավերը, ձեռքի մկանների ապաճումը: Իրանի նյարդերի բորբոքումները լինում են հազվադեպ: Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների, ինչպես նաև մրսածության ժամանակ, ուղեկցվում են ոտքի ցավերով, մաշկի զգացողության նվազմամբ, ազդրի և սրունքի մկանների ապաճումով և մկանային ուժի թուլացմամբ:

Բուժումն իրականացվում է բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Օգտագործվում են ցավերը հանգստացնող և ախտահարված նյարդի ֆունկցիան վերականգնող միջոցներ:

Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ: Լայնորեն կիրառվում են բուժ. մարմնամարզությունը, ֆիզիոթերապևտիկ բուժարարողությունները: Կանխարգելումը պայմանավորված է վնասվածքների, մրսածության բացառումով, վարակիչ հիվանդությունների բուժմամբ:

ՆՅԱՐԴԱԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ, նեվրասթենիա (ասթենիկ նևրոզ), նևրոզի ձև, որն արտահայտվում է բարձր գրգռողականությամբ ու դրդողականությամբ՝ զուգակցված արագ հոգնելիության և հյուծման հետ: Հիվանդն արագ քնում է, ցածր շշուկից անգամ վայրկենապես արթնանում, քաղցի զգացումն ուժեղ է, բայց հենց փորձում է ուտել, ախորժակն անմիջապես ընկնում է: Հիվանդի մոտ հեշտությամբ առաջանում են գրգռման հակազդեցություններ, վիրավորվածություն, ցասում, սակայն դրանք ևս կարճատև են: Մի շարք դեպքերում Ն. առաջանում է մտավոր գերհոգնածության հետևանքով (հյուծման նևրոզ)՝ չնայած հոգեկանը վնասող իրադրությունը նույնպես ունի նշանակություն: Այլ դեպքերում Ն-յան ախտանշանների ի հայտ գալը պայմանավորված է 1-ին հերթին հոգեկան վնասվածքով (ռեակտիվ Ն.), որին սովորաբար նախորդում են նյարդերը թուլացնող, այսինքն՝ հյուծող պահերը (հուզ. լարվածություն, գերհոգնածություն, անքնություն ևն):

Հիվանդության սկիզբը բնորոշվում է սրտխփոցով, բարձր քրտնոտությամբ, քնի և ախորժակի խանգարումներով, որոնք բավականին ուժեղանում են հուզ. և ֆիզ. ոչ մեծ բեռնվածությունից: Հետագայում բարձրանում է զգայնությունը տարբեր արտաքին գործոնների հանդեպ, հիվանդները վատ են տանում ցուրտը, դժվարանում են մանրակրկիտ և ճշգրիտ գործողություններ կատարելիս: Նրանց համար դժվար է մի դիրքում երկար մնալը, նստելը և սպասելը: Դրանց միանում են բարձր գրգռողականությունը, նեղացկոտությունը և լացկանությունը:

Եթե հիվանդը երկար ժամանակ չի բուժվում կամ չի հանգստանում, Ն-յան երևույթներն ուժեղանում են: Կլինիկ. պատկերում 1-ին պլանում հանդես է գալիս մտավոր աշխատանքի դժվարացումը: Հիվանդները չեն կարողանում կենտրոնանալ, կարդացածը յուրացնել, հիշել անուններ, ամսաթվեր, արագ շեղվում են, ուշադրությունն արագ ցրվում է, և նրանք հանկարծ զգում են, որ մտածում են տվյալ պահի հետ չառնչվող հարցերի մասին: Երբ փորձում են իրենց ստիպել աշխատել, առաջանում են գլխացավեր, գրգռվածություն: Նկատվում են ընդհանուր թուլության, ջարդվածության զգացում՝ հատկապես առավոտյան ժամերին: Դրա հետ մեկտեղ, չնչին առիթներից հիվանդները դրսևորում են բուռն հուզ. հակազդեցություններ, հիվանդագին են հակազդում աղմուկին, ուժեղ լույսին, բարձր խոսակցություններին, ծիծաղին ևն: Մշտապես դժգոհ են իրենք իրենցից և շրջապատող անձանցից, զրուցակցի հետ հաղորդակցվելիս զրույցն անհետաքրքիր և գրգռող է թվում:

Ցածր աշխատունակության ժամանակ Ն-ով հիվանդները փորձում են բաց թողածը լրացնել, միանգամից ձեռնարկում են մի քանի աշխատանք, բայց չեն հասցնում ավարտին, իսկ դա ուժեղացնում է տանջալից ինքնազգացողությունը: Շրջապատի հետ հաղորդակցվում են շատ կարճ ժամանակով, որից հետո շատ արագ հոգնում են: Հիվանդը հակված է իր զգացողություններն ու ապրումները վերլուծության ենթարկել, տագնապով է ունկնդրում հիվանդություններին վերաբերող խոսակցությունները, դրանք «գտնում» է իր մոտ, հաճախակի այցելում բժիշկների: Հիվանդը կորցնում է ախորժակը, խանգարվում է քունը (հանգստացնող դեղանյութերը սովորաբար չեն օգնում), ընկնում է տրամադրությունը, սրվում են տագնապի զգացումը, կասկածամտությունը, գրգռականությունը. աշխարհն ընկալում է մռայլ գույներով: Այս ախտանշանները, որպես կանոն, ի հայտ են գալիս Ն-յան երկարատև ընթացքի ժամանակ:

Ն-յանը նման են ասթենիկ վիճակները, որոնք մի շարք հիվանդությունների ախտանշան են: Դրանք ի հայտ են գալիս երկարատև թունավորումների (այդ թվում՝ ալկոհոլային), վարակիչ հիվանդությունների, գանգի վնասվածքների, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, ներքին օրգանների հիվանդությունների և այլ դեպքերում ու բնորոշվում են ֆիզ. և հուզ. չնչին լարումների, երբեմն նույնիսկ հանգստի ժամանակ առաջացած սրտխփոցով, թուլությամբ, տաքի կամ սառի զգացողությամբ, քրտնոտությամբ, գլխապտույտներով: Նշված ախտանշանները, ինչպես նաև գրգռման հակազդեցություններն այս հիվանդների մոտ ավելի երկարատև են և կայուն, քան Ն-յան դեպքում: Օրինակ՝ մարմնական հիվանդություններից կամ ծանր թունավորումներից հետո, շրջապատոդների կարծիքով, հիվանդը դառնում է քմահաճ, ամեն ինչից դժգոհ: Գանգատվում է, որ անկողինը կոշտ է և անհարմար, ճաշը տաք է կամ սառը, լույսը, խոսակցությունները նրան գրգռում են: Տրամադրությունը սովորաբար ընկած է, հիվանդը դառնում է լացկան: Գանգագլխուղեղային վնասվածքների ժամանակ առանձին հիվանդների մոտ տարիների ընթացքում հանդուրժողականության շեմքը նույնպես բարձր չէ: Այդպիսի մարդիկ կարող են հաջողությամբ աշխատել, բայց լրացուցիչ բեռնվածության (օրինակ՝ ուսման և աշխատանքի զուգորդում) ժամանակ Ն-յան ախտանշանները շատ արագ կարող են ի հայտ գալ: Ն-յան սկզբն. ձևերի և ասթենիկ վիճակների ժամանակ աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպումը, զբոսանքները, սպորտով պարապելը, ջրային բուժարարողությունները, լիարժեք, վիտամիններով հարուստ սնունդը, ընտանիքում և աշխատավայրում բարյացակամ և հանգիստ իրադրությունը նպաստում են արագ առողջացմանն ու աշխատունակության վերականգնմանը: Չբուժված դեպքերում դա լինում է անբավարար, հիվանդը երկարատև բուժման և խնայող. ռեժիմի կարիք է զգում, ընդ որում՝ բուժման հաջողությունը հիմնականում կախված է տնային պայմաններից,