Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդի հանդեպ հարազատների և ընկերների բարյացակամ վերաբերմունքից: Պետք է իմանալ, որ գրգռվածությունը, դյուրաբորբոքությունը, աշխատունակության նվազումը, անպարտաճանաչությունը, արտաքին իրադրության չնչին փոփոխությունների (ուժեղ լույս, բարձր խոսակցություն) հանդեպ բուռն հակազդեցությունը քմահաճույք չեն, ոչ էլ անզսպություն, այլ հիվանդության արտահայտություն: Խորհուրդ չի տրվում հիվանդին խրատել, «ինքն իրեն վերագտնելու» կոչեր անել, այլ պետք է ընտանիքում հանգիստ, խաղաղ և բարյացակամ իրադրություն ստեղծել: Կարևոր է օրվա ռեժիմի պահպանումը, հատկապես միևնույն ժամերին քնելը, որպեսզի մշակվի քնի ռեֆլեքս: Քանի որ հիվանդին հոգնեցնում են նոր տպավորությունները, երկարատև շփումները՝ հատկապես նոր մարդկանց հետ, մի ձգտեք նրան զվարճացնել, իր կամքին հակառակ հրավիրել ընկերներին ու ծանոթներին, կինո, թատրոն կամ հյուր տանել ևն: Նույնիսկ մարդաշատ վայրերում զբոսնելը կարող է գրգռել այդպիսի հիվանդներին:

Մինչև բուժումը, առանց բժշկի խորհըրդի, չի կարելի դպրոցում կամ բուհում շարունակել պարապմունքները, պատրաստվել ստուգարքների և քննությունների: Այդպիսի փորձերը, որպես կանոն, ավարտվում են անհաջողությամբ և վատացնում հիվանդի վիճակը: Հիվանդը պետք է խստորեն պահպանի բժշկի հանձնարարականները, ընդունի դեղանյութեր և բուժարարողություններ՝ միայն նրա նշանակմամբ:

Կանխարգելումը պայմանավորված է աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպմամբ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Ն-յան առաջացմանը նպաստում են աշխատանքային երկարատև գերբեռնվածությունը և հատկապես միապաղաղությունն ու սեղմ ժամկետում առաջադրանքը կատարելու անհրաժեշտությունը: Որքան միապաղաղ է աշխատանքը, այնքան հաճախ այն պետք է ընդմիջել՝ ակտիվ հանգստի և մարմնամարզությամբ զբաղվելու համար:

ՆՅԱՐԴԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է նյարդային հիվանդությունների առաջացման մեխանիզմներն ու պատճառները, մշակում ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ:

Ն-յան բնագավառի գիտ. հետազոտությունները ՀՀ-ում պայմանավորված են 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ, իսկ 1958-ին ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակ-ում (1963-ից՝ Բժիշկների կատարելագործման ինստ., 1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) համապատասխան ամբիոնների ստեղծմամբ: Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են նյարդային համակարգի ախտահարումները մալարիայի և բրուցելոզի ժամանակ: Զբաղվել են ցրված սկլերոզի, պոլիոմիելիտի, մկանաթուլության, նյարդային համակարգի գրիպային ախտահարումների, բազմասեզոնային ուղեղաբորբերի ախտորոշման ու բուժման հարցերով: ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին հետազոտվել են նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումները (Ա. Հակոբյան, Գ. Միրզոյան), հետագայում՝ գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների պատճառագիտության, ախտածնության և կլինիկ. դրսևորումների հարցերը: Պարզվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների պատճառագիտության գործում երկրամագնիս., ինչպես նաև ռիսկի գործոնների (ծխելը, ալկոհոլի չարաշահումը) նշանակությունը (Յու. Թունյան): 1976-ից Է. Գևորգյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են վեգետատիվ նյարդային համակարգի, կլինիկ. նյարդաֆիզիոլոգիայի, բժշկ. գենետիկայի, նյարդակենսաբանության, ասեղնաբուժության և ռեֆլեքսաբուժության, նյարդահոգեբուժության և ականջանյարդաբանության, ինչպես նաև կենսաֆիզիկայի հարցերը: Պարզվել է գլխուղեղի խորանիստ գոյացությունների նշանակությունը գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների ախտածնության գործում, բացահայտվել են այդ հիվանդության առաջացման նոր օրինաչափություններ, մշակվել ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունավետ մեթոդներ: Ուսումնասիրվել են ենթատեսաթմբային խանգարումների ժամանակ առաջացած արյունականգի (հեմոստազ) փոփոխությունները: Պարզվել է լիմբիկաենթատեսաթմբա-ռեթիկուլային համակարգի դերը վեգետատիվ-անոթային, հիպերտոնիկ-ուղեղային նոպաների, անգարի (միգրեն) ու պարբերական հիվանդության ախտածնության գործում: Աշխատանքներ են կատարվել «Ծայրամասային նյարդային համակարգի և գլխուղեղի անոթային ախտահարումների կանխարգելման հիմունքները» և «Գլխուղեղի վնասվածքներ» գիտ. ծրագրերի մշակման ուղղությամբ: Հետազոտվում են ՀՀ տարբեր աշխարհագր. գոտիներում նյարդային համակարգի ժառանգ. հիվանդությունների տարածվածությունը, կլինիկա-գենետիկ. բնութագիրը և մշակվում դրանց կանխարգելման միջոցառումներ: Ուսումնասիրվում են էպիլեպսիայի ախտածնության, պատճառագիտության հարցերը (Հ. Մուրադյան և աշխատակիցներ): Աշխատանքներ են կատարվում ՀՀ-ում լայն տարածում գտած պարբերական հիվանդության նյարդաբան. համադրությունների ուսումնասիրման բնագավառում: Հիմնավորվել է պարբերական հիվանդության առաջացման և նոպայի բնույթի վերաբերյալ նոր տեսակետ, համաձայն որի՝ հիվանդությունը դիտվում է որպես արյան անոթների պատերի, գլխուղեղի, կրծքավանդակի և որովայնի թաղանթների թափանցելիության բարձրացման հետևանք: Վերջինիս հիմքում ընկած է գլխուղեղի խորանիստ գոյացությունների, հատկապես ենթատեսաթմբի ֆունկցիայի խանգարումը:

ՆՅԱՐԴԱՄԱՇԿԱԲՈՈԲ, նեյրոդերմիտ, մաշկային հիվանդություն, որը բնորոշվում է ուժեղ քորով և դրան հետևող փոփոխություններով: Պատճառները վերջնականապես պարզված չեն. մեծ նշանակություն են տալիս նյարդային համակարգի խանգարումներին, ալերգիայի հանդեպ ժառանգ. նախատրամադրվածությունը, որոշակի դեր է հատկացվում ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարմանը, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններին:

Ն-ով հիվանդներին բնորոշ են գերգրգռվածությունը, գերհոգնելիությունը, քնի ու ախորժակի վատացումը: Հիվանդության ընթացքը սովորաբար քրոնիկական է՝ սրացման ու մեղմացման շրջաններով: Սրացումները կապված են ծանր ապրումների, գերհոգնածության, որոշ սննդամթերքների (օրինակ՝ նարինջ, ելակ, ձու, մեղր, շոկոլադ, ալկոհոլային խմիչք) օգտագործման հետ: Ն. սրվում և բարդանում է ընդհանուր ծանր հիվանդությունների ֆոնի վրա, ինչպես նաև ձմռանն ու վաղ գարնանը: Հիվանդների վիճակը լավանում է ամռանը՝ չոր, տաք եղանակի պայմաններում երկարատև հանգստանալիս:

Տարբերում են տարածուն (դիֆուզ) և սահմանափակ Ն.: Տարածուն Ն. սկսվում է առավել հաճախ 2-5 տարեկանում: Դրան սովորաբար նախորդում են բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածությունը, մանկ. էկզեման: Հիվանդությունը դրսևորվում է տանջալից քորով, որի ֆոնի վրա առաջանում են մանր, փայլուն, մաշկի գույնից քիչ տարբերվող, իրար կիպ կպած հանգուցիկներ: Դրանք ի հայտ են գալիս վերջույթների՝