հատկապես արմնկային, ճաճանչադաստակային հոդերի, ծնկածալքերի, ձեռքի թիկնային, պարանոցի կողմնային մակերևույթների, հազվադեպ՝ իրանի մաշկի վրա: Մշտ. քորի հետևանքով այդ հատվածների մաշկն աստիճանաբար կոպտանում է, դառնում դարչնավարդագույն, մաշկի գծապատկերը խիստ արտահայտում է: Դեմքի, հատկապես բերանի և աչքերի շուրջ մաշկը կարմրում է և թեփոտվում: Բերանի անկյուններում և շրթունքների վրա գոյանում են ճաքեր, շրթունքները ծածկվում են թեփերով, կեղևիկներով (տես Շրթնաբորբ): Հաճախ, հատկապես երեխաների Ն-ի ժամանակ, միանում է 2-րդային թարախային վարակը (տես Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ), առանձին դեպքերում Ն. զուգակցվում է բրոնխային հեղձուկի, ալերգ. հարբուխի հետ:
Սահմանափակ Ն. հաճախ բնորոշ է հասուն մարդկանց: Քորը և ցանը ի հայտ են գալիս պարանոցի, սրունքների, ազդրերի վրա, ինչպես նաև հետանցքի, սեռ. օրգանների շրջաններում, որը կարող է պայմանավորված լինել նաև սեռ. օրգանների, աղիքների բորբոքումներով, ճիճվային հիվանդություններով: Ախտահարված հատվածների կենտրոնում մաշկը կոշտանում է, մգանում, խիստ արտահայտվում է մաշկի գծապատկերը, ուժեղանում է գունակավորումը, օջախների եզրերին տեսանելի են մանր, ցրված, փայլուն հանգուցիկները: Հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի և մինչև լրիվ առողջանալը գտնվել նրա հսկողության տակ: Խիստ կարևոր է հիվանդներին նյարդահոգեկան վնասվածքներից, գերհոգնածությունից զերծ պահելը: Խորհուրդ է տրվում պահպանել կաթնաբուս. սննդակարգ՝ բացառելով քաղցրեղենը, կծու, աղի կերակրատեսակները, ալկոհոլը, ձուն, ցիտրուսները, շոկոլադը, ինչպես նաև այն սննդամթերքները, որոնց հանդեպ հիվանդն ունի անհանդուրժողականություն: Օգտակար են երկարատև զբոսանքները, բժշկի նշանակմամբ (37°C) լոգանքները (ջրին օսլա կամ կատվալեզվի եփուկ ավելացնելով): Չի կարելի սինթետիկ գործվածքից ներքնաշոր կրել, բրդե հագուստները չպետք է անմիջապես մաշկին կպչեն: Բարդությունների (թարախաբշտիկներ) ժամանակ անհրաժեշտ է նորից անմիջապես դիմել բժշկի: Առողջարանային բուժումը նույնպես պետք է լինի բժշկի համաձայնությամբ:
Կանխարգելումն իրականացվում է կյանքի և սննդի ճիշտ ռեժիմի պահպանմամբ, օրգանիզմի ամրապնդմամբ և տարբեր հիվանդություններից հետո պահպանող. ռեժիմի հաստատմամբ, որևէ սննդամթերքի հանդեպ անհանդուրժողականության բացահայտմամբ:
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, կարգավորում է բոլոր օրգանների գործունեությունը, դրանց ֆունկցիոնալ միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը՝ որպես միասնական ամբողջություն ապահովելու համար: Ն. հ-ի կառուցվածքային միավորը նեյրոնն է՝ նյարդաբջիջն իր ելուստներով: Ն. հ. նեյրոնների միասնություն է, որոնք, հատուկ միացությունների՝ սինապսների օգնությամբ միմյանց հետ շփվելով, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Վերջիններս գործում են արտացոլման սկզբունքով, այսինքն՝ ռեֆլեքսային ձևով: Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան հակազդեցությունն է արտաքին կամ ներքին միջավայրի գրգիռների հանդեպ, որն իրականանում է կենտր. (տես Գլխուղեղ, Ողնուղեղ) և ծայրամասային Ն.հ-ի (գլխուղեղից և ողնուղեղից դուրս եկող գանգուղեղային և ողնուղեղային նյարդերն ու նյարդային հանգույցները) միջոցով: Նյարդային ազդակի ճանապարհը՝ ընկալող նյարդային գոյացությունից (ռեցեպտորից) կենտրոնական նյարդային համակարգով մինչև գործող օրգանի վերջավորությունները (էֆեկտոր), կոչվում է ռեֆլեքսային աղեղ:
Ամբողջական Ն. հ. պայմանականորեն ենթաբաժանվում է մարմնական և վեգետատիվ բաժինների: Մարմնական (սոմատիկ) Ն. հ. առավելապես իրականացնում է օրգանիզմի կապը արտաքին միջավայրի հետ, պայմանավորում մարմնի զգացողությունը (նյարդային վերջույթների և զգայարանների շնորհիվ) և շարժումները՝ ղեկավարվելով կմախքային մկանունքով: Ի տարբերություն բույսերի՝ կենդանիներին բնորոշ են մարմնի տեղաշարժը և զգացողությունը, որի համար էլ Ն. հ-ի մարմնական բաժինը ստացել է նաև կենդ. անվանումը: Վեգետատիվ նյարդային համակարգը այդպես է կոչվում, որովհետև ազդում է բուս. կյանքի գործընթացների (նյութափոխանակություն, արյան շրջանառություն, արտաթորություն, բազմացում) վրա: Ի տարբերություն մարմնականի՝ վեգետատիվ Ն. հ. օժտված է որոշակի ինքնուրույնությամբ, որի պատճառով այն անվանում են նաև ինքնավար (ավտոնոմ) Ն. հ.: Վեգետատիվ Ն. հ. բաժանվում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների: Սիմպաթիկ Ն. հ-ի գրգռման ժամանակ ուժեղանում և արագանում են սրտի կծկումները, բարձրանում զարկերակային ճնշումը, լայնանում բրոնխները, բբերը, ուժեղանում մակերիկամների հորմոնների արտադրությունը, ընկնում ստամոքաղիքային համակարգի լարումը: Պարասիմպաթիկ Ն. հ-ի գրգռումը հակառակ ազդեցություն ունի ներքին օրգանների ֆունկցիայի վրա: Տես նաև Մարդ, անատոմիատեղագրական ակնարկ:
ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին ուսումնասիրում է նյարդային համակարգի հիվանդությունները և վնասվածքները, որոնք բուժվում են գերազանցապես վիրաբուժ. եղանակներով: Տես. հիմքը նյարդաբանությունն է:
ՀՀ-ում Ն-յան զարգացումը պայմանավորված է 1952-ին ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ) Ս. Հովհաննիսյանի, իսկ 1963-ին՝ Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) Ս. Զոհրաբյանի նախաձեռնությամբ նյարդավիրաբուժ. կլինիկաների հիմնադրմամբ:
Ուսումնասիրվել են նյարդային համակարգի վնասվածքները, մշակվել են գլխուղեղի վնասվածքների ժամանակ ներգանգային ճնշման անկման համախտանիշի կլինիկ., ախտաբանաֆիզիոլոգ. առանձնահատկությունները հասուն և մանկ. տարիքում, ինչպես նաև ախտորոշման, բուժման և կանխարգելման հանձնարարականները (Ս. Զոհրաբյան): Զբաղվել են գանգի արատների և գլխուղեղի թաղանթների սպիների, գանգի թափանցող էլեկտրավնասվածքների վերակառուցող. վիրահատությունների, գլխուղեղի ծանր վնասվածքների կլինիկայի, ախտորոշման, վիրաբուժ. և ոչ վիրաբուժ. բուժման առանձնահատկությունները:
ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ի աշխատակիցների հետ համատեղ մշակվել են նյարդային համակարգի վնասվածքների և դրանց բարդությունների բուժման նպատակով պրոտեոլիտիկ պատրաստուկների և կորտիկոստերոիդների կիրառման հարցերը: Ուսումնասիրվել են ծայրամասային նյարդերի ախտահարումների դեպքում ցավային համախտանիշի առաջացման մեխանիզմները: Մշակվել են եռվորյակ նյարդի նյարդացավերի բուժման հարցերը՝ պահպանող. մեթոդներով և նյարդի պաշարման միջոցով: Կիրառվել են գլխուղեղի անոթագրության, էլեկտրաթրթռագրության և այլ մեթոդներ: Ճշտվել են գլխուղեղի արյան շրջանառության, ինչպես նաև գլխուղեղի անոթային (կեղծուռուցքանման) մի շարք հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման հարցերը: Զբաղվել են գլխուղեղի կաթվածի և ներգանգային անոթալայնանքի վիրաբուժ. բուժման հարցերով: