Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆերմենտների սինթեզի և ակտիվության կարգավորման մեխանիզմների վրա եղած որոշակի ներգործությամբ:

Կարևոր նշանակություն ունեն նաև կենսբ. թաղանթները, որոնք հսկում են տարբեր միացությունների բջիջ մտնելու և դուրս գալու ուժգնությունը:

Մարդու և կենդանիների օրգանիզմում փոխանակության կանոնավորման հիմն. ձևը ֆերմենտային ռեակցիաների նյարդահումորալ կարգավորումն է: Օրինակ՝ արյան մեջ շաքարի պարունակության զգալի նվազման դեպքում ավելանում է ադրենալինի արտադրությունը, որն ազդում է գլիկոգենի ճեղքումը և խաղողաշաքարի առաջացումը կատալիզող ֆերմենտային մեխանիզմների վրա: Իսկ արյան մեջ շաքարի բարձր պարունակության դեպքում ավելանում է ինսուլինի արտադրությունը, որն արգելակում է գլիկոգենի ճեղքումը լյարդում: Ինսուլինը խթանում է ծայրամասային հյուսվածքների (մկաններ, կենտր. նյարդային համակարգ ևն) պահանջը խաղողաշաքարի նկատմամբ, որի հետևանքով նվազում է վերջինիս մուտքը արյան մեջ: Կենտր. և վեգետատիվ նյարդային համակարգերն ապահովում են փոխանակության գործընթացների նյարդային կարգավորումը, որն իրականացվում է անմիջապես (սնուցող, ազդեցություն) կամ ներզատիչ գեղձերի կողմից արտադրվող հորմոնների միջոցով: Յուրաքանչյուր հիվանդություն ուղեկցվում է մարդու օրգանիզմում ընթացող փոխանակության գործընթացների խանգարումներով, որոնք առավել լավ են դրսևորվում նյարդային համակարգի և ներզատիչ գեղձերի ֆունկցիաների խախտումների դեպքերում: Ն. և է. փ. խանգարվում է գերսնման, թերսնման կամ որակապես ոչ լիարժեք սնման դեպքերում:

Օքսիդացման գործընթացների ուժգնության փոփոխություններով պայմանավորված փոխանակության ընդհանուր խանգարումը դրսևորվում է հիմնական փոխանակության (որը նյութափոխանակությունն է հանգստի ժամանակ) տեղաշարժերով: Հիմն. փոխանակությունը ջերմության այն քանակն է, որը գոյանում է մարդու օրգանիզմում ընթացող նյութափոխանակության գործընթացների նվազագույն ուժգնության դեպքում՝ լրիվ հանգստի պայմաններում: Հետազոտման համար շատ հաճախ հատուկ սարքերի օգնությամբ որոշվում է հիմն. փոխանակության ուժգնությունը (ֆիզ. և հոգեկան հանգստի պայմաններում, առավոտյան, քաղցած): Բնականոն վիճակում երիտասարդ տղամարդկանց հիմն. փոխանակությունը կազմում է օրական 1300-1600 կկալ, իսկ կանանցը՝ 10-15 %-ով ցածր է: Տարիքի հետ հիմն. փոխանակությունը նվազում է, իսկ ծանր ֆիզ. աշխատանք կատարող անձանցը կարող է աճել մինչև օրական 2000 կկալ:

Հիմն. փոխանակությունը բարձրանում է վահանագեղձի գերֆունկցիայի հետ կապված հիվանդությունների ու նվազում թերֆունկցիայի դեպքերում (տես Խպիպ տարածուն թունավոր), ինչպես նաև ստորին մակուղեղի (հիպոֆիզ), մակերիկամների, սեռ. գեղձերի թերֆունկցիայի և ընդհանուր քաղցածության դեպքերում: Տարբերում են սպիտակուցային, ճարպային, ածխաջրային, հանքային և ջրաաղային փոխանակության խանգարումներ: Սակայն բոլոր նշված ձևերն էլ փոխկապակցված են, և բաժանումը զուտ պայմանական է: Փոխանակության խանգարումները դրսևորվում են տարբեր միացությունների փոփոխություններով, միջանկյալ նյութերի ավելցուկային կուտակմամբ. դրանց ոչ լրիվ կամ չափից ավելի արտազատմամբ ու տարբեր գործընթացների խեղաթյուրմամբ և բնականոն օրգանիզմի համար օտար նյութերի առաջացմամբ:

Փոխանակության խանգարումների ախտորոշումը հիմնվում է գազափոխանակության, օրգանիզմ մտնող և արտազատվող նյութերի փոխհարաբերության հետազոտման, արյան, մեզի քիմ. կազմության որոշման վրա:

Բուժումը. հիմնականում պատճառների վերացում կամ այդ փոփոխություններով ուղեկցվող հիմն. հիվանդության բուժում:

ՆՇԱԳԵՂՁԵՐ, ավշանման հյուսվածքի կուտակումներ ըմպանում, որոնք մասնակցում են օրգանիզմի պաշտպան. հակազդեցություններին: Քմային աղեղների միջև տեղադրված Ն. կոչվում են քմային Ն. (կամ գլանդներ): Դրանք կարելի է տեսնել լայն բացած բերանի խորքում՝ լեզվակի աջ ու ձախ կողմերում: Ն. երկարավուն են, սովորաբար՝ բաց վարդագույն: Մակերևույթն անհարթ է, թմբիկավոր, քանի որ վրան կան շատ բացվածքներ, որոնք տանում են դեպի նեղ ոլորուն ճեղքերը (այսպես կոչված՝ փոսիկներ՝ լակունաներ): Փոսիկներում կարող են կուտակվել շատ մանրէներ, իսկ բորբոքման ժամանակ (տես Անգինա) գոյանում են խցաններ, որոնք կազմված են լորձաթաղանթի թափվող բջիջների կուտակումներից, մահացած լեյկոցիտներից և սննդի մանր մնացորդներից:

Քմայինից բացի, մարդու մոտ կան նաև լեզվային (լեզվի արմատում), ըմպանային և փողային (եվստախյան փողի շուրջը) Ն.: Կոկորդում գտնվող ավշային պատճուկների (ֆոլիկուլներ) հետ միասին նրանք գոյացնում են պաշտպան. պատնեշ՝ ըմպանային ավշային օղ: Քրոնիկ. բորբոքումների ժամանակ, որոնք առավել հաճախ առաջանում են քմային Ն-ում (տես Նշագեղձերի բորբոքում), խանգարվում է Ն-ի պաշտպան. ֆունկցիան, և նրանք վերածվում են օրգանիզմի համար վտանգավոր թարախածին մանրէների օջախի: Նման դեպքերում անհրաժեշտ է արագացված բուժում, վիրահատ. բուժման հարցը որոշում է բժիշկը՝ խիստ անհատականորեն:

Ն-ի չափը մեծ նշանակություն չունի նրանց վիճակի գնահատման համար: Երբեմն ոչ մեծ Ն. պարունակում են շատ մանրէներ և նրանց կենսագործունեության նյութեր, որոնք վնասակար ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Եվ հակառակը՝ մեծ Ն. ոչ միշտ են վկայում նրանց հիվանդագին վիճակի մասին: Սակայն շատ խիստ մեծանալիս նրանք կարող են խանգարել կլումն ու շնչառությունը: Այդպիսի դեպքերում բկանցքի լուսանցքում արտացցված քմային Ն. հարկավոր է հեռացնել:

ՆՇԱԳԵՂՁԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, տարբերում են սուր Ն.բ. (տես Անգինա) և քրոնիկ., որը, որպես կանոն, առաջանում է կրկնվող անգինաներից հետո: Քրոնիկ. Ն.բ-ման առաջացմանը նպաստում են նաև դժվարացած քթային շնչառությունը, քթի հավելյալ ծոցերի բորբոքումները (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ատամների ոսկրափուտը: Քրոնիկ. Ն.բ-ման դեպքում հիմնականում բորբոքվում են նշագեղձերի փոսիկները: Հիվանդն ունենում