Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է օտար մարմնի զգացում կոկորդում, երբեմն՝ ծակող ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ականջը: Քրոնիկ. Ն.բ. կարող է ընթանալ երկարատև, (մի քանի շաբաթից մինչև ամիսներ) ջերմաստիճանի բարձրացմամբ (37,3-37,5°C), որն ուղեկցվում է թորշոմածությամբ, գլխացավով, աշխատունակության նվազմամբ: Բուժումը ցանկացած դեպքում նշանակում է բժիշկը: Քրոնիկ. Ն.բ-ման բուժման նպատակը նշագեղձերի փոսիկներից թարախային խցանների հեռացումն է՝ վարակազերծող լուծույթներով լվանալով: Կիրառում են նաև ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ: Քրոնիկ. Ն.բ. պարբերաբար կարող է սրանալ: Հաճախակի սրացումները կարող են հանգեցնել բարդությունների (սրտի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ, հոդացավեր, նշիկածին արյան վարակում): Բարդությունները կանխարգելելու նպատակով, բժշկի ցուցումների համաձայն, քմային նշագեղձերը հեռացնում են:

ՆՈՐԱԾԻՆ, տես Կրծքի երեխա հոդվածում:

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԱՏԱՐՐԱԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, նորածինների ծանր հիվանդություն, առաջանում է մոր և պտղի արյան խմբային ու ռեզուս-գործոնների անհամատեղելիության պատճառով:

Մարդկանց մեծամասնության էրիթրոցիտներում (արյան կարմիր մարմնիկներ) պարունակվում է հատուկ նյութ, որն 1-ին անգամ հայտնաբերվել է մակակ-ռեզուս ցեղի կապիկների արյան մեջ և անվանվել ռեզուս-գործոն (տես Արյան խմբեր): Կախված արյան մեջ այդ գործոնի առկայությունից կամ բացակայությունից՝ համապատասխանաբար արյունն անվանվում է ռեզուս-դրական կամ ռեզուս-բացասական: Հիվանդությունը զարգանում է մոր և հոր ռեզուս անհամատեղելիության ժամանակ (մայրը՝ ռեզուս-բացասական, հայրը՝ ռեզուս-դրական): Նման դեպքում պտուղը ռեզուս-գործոնը կարող է ժառանգել ռեզուս-դրական հորից: Պտղի ռեզուս- գործոնն ընկերքի միջոցով անցնում է ռեզուս-բացասական մոր արյան մեջ: Մոր օրգանիզմը պտղի ռեզուս-գործոնի հանդեպ մշակում է հակամարմիններ, որոնք, ընկերքի միջոցով ընկնելով ռեզուս-դրական պտղի արյան մեջ, քայքայում են նրա էրիթրոցիտները (տեղի է ունենում արյունատարրալուծում՝ հեմոլիզ): Վերջինիս հետևանքով առաջանում է սակավարյունություն, և արյան մեջ կուտակվում է դեղին գունակ՝ բիլիռուբին: Ն.ա.հ. առավել հաճախ բնորոշ է 2-րդ, 3-րդ և հետագա, ինչպես նաև վիժումներին հաջորդած հղիություններից ծնված երեխաներին (որովհետև մոր օրգանիզմում հակամարմինների քանակը յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ աստիճանաբար ավելանում է): Ն.ա.հ-ով կարող են տառապել նաև 1-ին հղիությունից ծնված երեխաները, եթե մորը նախկինում արյուն են փոխներարկել՝ առանց հաշվի առնելու ռեզուս-գործոնը: Հիվանդությունը կարող է առաջանալ նաև մոր և պտղի արյան խմբային անհամատեղելիության հետևանքով: Հաճախ դա լինում է այնպիսի դեպքերում, երբ մոր արյունը 0 խմբի է, երեխայինը՝ A կամ B:

Պարզվել է, որ ռեզուս-անհամատեղելիության ժամանակ Ն.ա.հ-ով տառապում են 1000 նորածնից 2-3-ը, իսկ արյան խմբային անհամատեղելիության դեպքում՝ 1000-ից՝ 5-6-ը:

Տարբերում են Ն.ա.հ-յան 3 ձև՝ պտղի բնածին ընդհանուր այտուց, նորածնի դեղնախտ, նորածնի բնածին սակավարյունություն: Այսպիսի բաժանումը պայմանական է, լինում են նաև խառը ձևեր:

Առավել հաճախ հանդիպող ձևը նորածնի դեղնախտն է, որն ի հայտ է գալիս ծնվելուց հետո 1-ին - 2-րդ օրերին և արագ խորանում է հետագայում: Երբեմն երեխան ծնվում է մաշկի դեղնությամբ: Դեղնախտը պայմանավորված է էրիթրոցիտների քայքայման ժամանակ արյան մեջ բիլիռուբինի առաջացմամբ և արագ ավելացմամբ: Բիլիռուբինն ունի թունավոր հատկություններ և բավականաչափ կուտակվելիս կարող է ախտահարել գլխուղեղը: Արդյունավետ բուժման բացակայության դեպքում, կյանքի 1-ին շաբաթվա վերջին նորածնի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում է թորշոմած, ծծելու ռեֆլեքսը թույլ է, հաճախ առաջանում են ցնցումներ, ակնաշարժ նյարդի խանգարումներ: Այդպիսի ծանր դեղնախտ կրած երեխաները հետագայում հոգեպես և ֆիզիկապես թերզարգացած են լինում:

Ն.ա.հ-յան առավել ծանր ձևը պտղի բնածին ընդհանուր այտուցն է, երբ երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի 1-ին ժամերին: Բնածին այտուցի ժամանակ երեխայի մաշկը շատ գունատ է, երբեմն՝ դեղնավուն երանգով: Նկատվում են մաշկի և ենթամաշկային բջջանքի բավականաչափ այտուց, խիստ արտահայտված սակավարյունություն: Դրանց հետևանքով առաջանում է սրտային անբավարարություն, որից երեխաները մահանում են:

Հիվանդության բնածին սակավարյունային ձևը բնորոշվում է մաշկի խիստ գունատությամբ («քաթանի սպիտակություն», «մարմարի սպիտակություն», «շուշանի սպիտակություն»), որն առավել արտահայտվում է կյանքի 1-ին շաբաթվա վերջին և 2-րդ շաբաթվա սկզբին:

Ժամանակակից բուժման մեթոդների շնորհիվ բավականին նվազել են Ն.ա.հ-ից մահացության և գլխուղեղի ախտահարման դեպքերը:

Ն.ա.հ-յան կանխարգելման նպտակով կանանց կոնսուլտացիաներում բոլոր հղի կանանց արյունը հետազոտում են՝ ռեզուս-գործոնը և արյան խումբը որոշելու համար: Ռեզուս-բացասական արյուն ունեցող կանանց հաշվառում են, պարզում նախկինում արյան փոխներարկումների կատարման, Ն.ա.հ-ով երեխաների ծննդյան, վիժումների, մեռածածնության փաստերը, այնուհետև ռեզուս-հակամարմինների առումով կանոնավոր հետազոտում արյունը: Հակամարմիններ հայտնաբերելիս (արյան մեջ դրանք ավելանալիս) անցկացնում են կանխարգելիչ բուժում: Ռեզուս-բացասականով կանանց խորհուրդ չի տրվում 1-ին հղիությունն արհեստականորեն ընդհատել:

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, պտղի վնասումը ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև թթվածնային քաղցի հետևանքով, որը պայմանավորված է մոր կրած ծանր հիվանդություններով և արգանդի ու ընկերքի արյան շրջանառության խանգարումներով: Ծննդաբեր. վնասվածքների ենթակա են հիմնականում անհաս և խոշոր պտուղները:

Պտղի վնասումը սովորաբար առաջանում է արագ կամ ձգձգվող ծննդաբերությունների, պտղի անկանոն դիրքերի, հետույքային առաջադրության և այլ դեպքերում: Ն.ծ.վ. կարող են լինել հոդախախտումների, կոտրվածքների, ենթամաշկային ճարպաբջջանքի արյունազեղումների, ողնաշարի վնասվածքների ձևերով, սակայն ավելի հաճախ վնասվում է նորածնի գլուխը: Վնասվածքը լինում է մակերեսային և ներգանգային:

Ամենավտանգավորը ներգանգային վնասվածքն է (գլխուղեղի և ուղեղապատյանների արյունազեղումներ), որն առաջանում է հիմնականում պտղի թթվածնային քաղցի ֆոնի վրա: Ներգանգային վնասվածքն ի հայտ է գալիս անմիջապես կամ ծնվելուց 2-3 օր անց: Կլինիկ. պատկերը բազմազան է և պայմանավորված է արյունազեղման տեղադրությամբ ու տարածվածությամբ: Բնորոշ ախտանշաններն են շարժող. բնույթի գրգռվածությունը, անհանգստությունը, երեխան ճչում է,