Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մ երկարության շղթաներ: Ն-ի շղթաները կազմված են իրար հաջորդող օղակներից՝ նուկլեոտիդներից, որոնց առանձնահատուկ հաջորդականությունը որոշում է ժառանգ. ինֆորմացիայի գրանցումը բջիջներում: Հաջորդական տեղադրված յուրաքանչյուր 3 նուկլեոտիդ կոդավորում է որևէ ամինաթթու, իսկ յուրաքանչյուր օրգանիզմի ԴՆԹ-ի շղթայում նուկլեոտիդների հերթականությունը, ինչպես և ժառանգ. ինֆորմացիան եզակի են:

Նուկլեոտիդները նույնպես ունեն բավականին բարդ կառուցվածք և կազմված են միմյանց միացած 3 մոլեկուլից՝ ազոտային հիմքից, 5 ածխածին պարունակող շաքարից (պենտոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդից:

ԴՆԹ-ում կա 4 ազոտային հիմք՝ ադենին (Ա), գուանին (Գ), ցիտոզին (Ց) և թիմին (Թ): Վերջինիս փոխարեն ՌՆԹ-ում գտնվում է ուրացիլ (Ու): ԴՆԹ-ում պարունակվում է հնգանդամ շաքար՝ դեզօքսիռիբոզ, իսկ ՌՆԹ-ում՝ ռիբոզ:

Բոլոր բարձրակարգ օրգանիզմների բջիջներն ունեն կորիզ, որը բջջապլազմայից առանձնացված է հատուկ թաղանթով: Այդ օրգանիզմները կոչվում են էուկարիոտներ: Կորիզում պարունակվում է բջջի ԴՆԹ-ի գերակշռող մասը: Ընդ որում էուկարիոտների կորիզային ԴՆԹ-ները միացած են կորիզային սպիտակուցների հետ և առաջացնում են նուկլեոպրուոեիդային թելիկներ, որոնք, բազմակիորեն ոլորվելով, ձևավորում են քրոմոսոմները: Բացի այդ, ԴՆԹ հայտնաբերվել է մի շարք ներբջջային գոյացություններում:

ԴՆԹ-ի մոլեկուլը կազմված է 2 բազմանուկլեոտիդային, իրար հետ ոլորված շղթաներից, որոնք միմյանց միացած են խիստ որոշակի կարգով, թիմինը՝ ադենինի, ցիտոզինը՝ գուանինի հետ:

Հիմքերի զուգակցման այդ խիստ որոշակիությունը պարզ դարձավ ԴՆԹ-ի կրկնակի պարույրի չափերն ուսումնասիրելուց հետո: Պարզվեց, որ կրկնակի պարույրի տրամագիծն ամբողջ երկարությամբ հաստատուն է, որն ապահովվում է սոսկ հիմքերի խիստ որոշակի զուգակցմամբ: Միայն այն դեպքում, երբ թիմինը միացած է ադենինի և ցիտոզինը՝ գուանինի հետ, ստացվում են միևնույն երկարության հիմքերի զույգեր:

Մինչև բջիջների բաժանումը տեղի է ունենում ԴՆԹ-ի մոլեկուլի կրկնապատկում (ռեպլիկացիա), որը հաջորդաբար ընթացող ռեակցիաների բարդ շղթա է, և որի արդյունքում ԴՆԹ-ի ելակետային մատրիցային մոլեկուլների վրա սինթեզփսմ են իրենց ճշգրիտ պատճենները:

ՌՆԹ նույնպես պարունակվում են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում, իսկ որոշ վիրուսներում Ն-ից միակն են: ՌՆԹ ապահովում են գենետիկ. ինֆորմացիայի փոխադրումը ԴՆԹ-ից սպիտակուցների վրա:

Ն. սպիտակուցային մոլեկուլի սինթեզի կարևոր տարրերն են: Այն, ինչ անհրաժեշտ է բջջի կենսագործունեության համար, ծրագրավորված է ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածներում՝ գեներում, որոնք հիմնականում գտնվում են կորիզում, բայց գեները սպիտակուց չեն սինթեզում: Դրանցում գրանցված ինֆորմացիան իրականացվում է ՌՆԹ-ի մոլեկուլների միջոցով: Նախքան սպիտակուցի կազմավորումը ԴՆԹ-ի մոլեկուլի վրա սինթեզվում է ինֆորմացիոն ՌՆԹ (ի-ՌՆԹ), որը համապատասխան գենի ճշգրիտ պատճենն է: Այնուհետև ՌՆԹ-ի մոլեկուլներն անցնում են բջջապլազմայի մեջ՝ տանելով գեների «հրամանները»: Այդտեղ ի-ՌՆԹ միանում են ռիբոսոմներին, որոնց մեջ սինթեզվում է սպիտակուցը: Փոխադրական ՌՆԹ (փ-ՌՆԹ), որոնք չափերով և մոլեկուլային զանգվածով ավելի փոքր են, զանազանում են անհրաժեշտ ամինաթթուները, միացնում և տեղափոխում ռիբոսոմի վրա: Յուրաքանչյուր ամինաթթվի համապատասխանում է իր փ-ՌՆԹ, և այդ գործընթացն իրականացվում է հատուկ ֆերմենտների օգնությամբ:

Բջջում կան նաև ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ), որոնք կազմում են ռիբոսոմների հիմն. զանգվածը: Դրանց կենսբ. նշանակությունը լիովին պարզված չէ, սակայն հայտնի է, որ ռ-ՌՆԹ-ի մոլեկուլի ամբողջության խախտումը հանգեցնում է ռիբոսոմների կենսբ. ակտիվության խանգարման:


Շ

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁ. արական սեռ. գեղձամկանային կենտ օրգան, գտնվում է կոնքի հատակում՝ միզապարկի տակ և շրջապատում է տղամարդու միզուկի սկզբն. հատվածը: Կոչվում է նաև առաջադիր գեղձ: Նրա միջով՝ գրեթե կենտրոնով անցնում է միզուկը: Շ-ի գեղձային մասը մշակում է արտազատուկ, որը, խառնվելով սերմի հետ, պահպանում է սերմնաբջիջների ակտիվությունը: Շ-ի մկանային մասը սեղմանի դեր է կատարում միզուկի համար և կարգավորում է սերմնահեղուկի կամ մեզի արտահոսը, որի շնորհիվ վերջիններս իրար չեն խառնվում: Ձևով և մեծությամբ գեղձը նման է շագանակի, ունի հիմ, որը դարձած է դեպի միզապարկը, և գագաթ, որը հպված է միզասեռ. ստոծանուն: Շ-ի հետին տափակ երեսը հպվում է ուղիղ աղիքին, և բժշկ. քննության ժամանակ գեղձը շոշափվում է ուղիղ աղիք ներս տարած մատով. դա հնարավորություն է տալիս որոշել Շ-ի մեծությունն ու կազմությունը և ախտորոշել հիվանդությունները:

Գեղձի հաստության միջով անցնում են նաև սերմնացայտ ծորանները, որոնք բացվում են միզուկի մեջ: Սերմնատար ծորանների միջև ընկած գեղձի սեպաձև մասը կազմում է գեղձի միջին բլիթը, որը Շ-ի գերաճի դեպքում ճնշում է միզուկին և խանգարում միզարձակումը (տես Շագանակագեղձի բորբոքում):

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պրոստատիտ, առավել հաճախ առաջանում է բորբոքված միզուկից վարակը շագանակագեղձ անցնելիս, երբեմն՝ գոնոռեայի կամ միզուկաբորբի, խիստ հազվադեպ՝ ընդհանուր վարակի (անգինա, գրիպ, տուբերկուլոզ) բարդության դեպքերում: Նախատրամադրող գործոններ են տեղային մրսածությունը՝ հատկապես՝ խոնավ գետնի վրա նստելիս, անկանոն սեռ. կյանքը,