է շնչառության օրգաններին: Հակաաերոզոլային Շ-ի գոյություն ունեցող բոլոր մակնիշները, ըստ կառուցվածքային ձևավորման, կարելի է բաժանել 2 տեսակի. 1. զտիչ դիմակներ, որոնց զտող տարրը միաժամանակ ծառայում է որպես դիմային մաս. 2. կոթառային, որն ունի դիմային մաս և զտող տարր:
Հակագազային և համապիտանի Շ-ի հիմն. կառուցվածքային հանգույցը զտող տարրն է, որն օժտված է շնչելիք օդից գոլորշիագազանման նյութերը կլանելու հատկությամբ: Համապիտանի Շ-ում զտող տարրի կազմի մեջ է մտնում նաև հակաաերոզոլային զտիչը, որն ապահովում է օդի մաքրումն աերոզոլերից: Հակագազային և համապիտանի Շ-ի կոթառները պատրաստում են դրանց նշանակությանը համապատասխանող մակնիշներով, մակնիշ «A»՝ օրգ. նյութերի գոլորշիներից, մակնիշ «B»՝ թթվային և հիմնային գազերից, թթուների և ալկալիների գոլորշիներից, մակնիշ «KД»՝ ամոնիակի և ծծմբաջրածնի գոլորշիներից, մակնիշ «Г» սնդիկի գոլորշիներից պաշտպանվելու համար:
ՇՆՉԱՀԵՂՁՈՒԹՅՈՒՆ, ասֆիքսիա, ծանր վիճակ, որն առաջանում է օրգանիզմում թթվածնի կտրուկ անբավարարության և ածխաթթու գազի կուտակման հետևանքով: Պատճառներ կարող են լինել շնչուղիների լուսանցքը փսխման զանգվածով, օտար մարմիններով, շնչափողը և բրոնխները՝ լորձով, կոկորդը դիֆթերիայի թելքավոր փառով փակվելիս, ջրահեղձության ժամանակ, ինչպես նաև արտաքին գործոններով շնչուղիները փակվելիս կամ ճնշվելիս (խեղդամահություն, վթարների ժամանակ պարանոցի և կրծքավանդակի օրգանների վնասվածքներ), շնչառ., մկանունքի լուծանքի կամ երկարատև կծկանքի, հեղձուկի նոպայի ժամանակ, ցնցումներ առաջացնող թույներով թունավորվելիս:
Պատճառից կախված՝ Շ. առաջանում է տարբեր ձևերով, բայց գոյություն ունեն նաև ընդհանուր օրինաչափություններ: Սկզբում օրգանիզմում կատարված փոփոխություններն ուղղված են լինում հյուսվածքները թթվածնով հագեցնելուն և ածխաթթու գազը հեռացնելուն շնչառությունը բավականին հաճախանում է, արյան հոսքը՝ արագանում: Այնուհետև, հյուսվածքներում թթվածնի նշանակալի անբավարարության հետ կապված (տես Թթվածնաքաղց), կտրուկ խանգարվում են գլխուղեղի շնչառ. կենտրոնի և սրտի ֆունկցիաները (տևում է մի քանի վրկ-ից մինչև մի քանի ր) և, այսպես կոչված, սահմանային շնչառությունը (հազվադեպ շնչառ. շարժումներ), որից հետո անհետաձգելի օգնության բացակայության դեպքում վրա է հասնում մահը:
Շ-յան ժամանակ շնչուղիների անցանելիության խանգարման հետևանքով տուժածի դեմքը կապտում է (երբեմն՝ մուգ կապույտ է, գրեթե՝ սև): Սկզբում գիտակցությունը պահպանվում է, և տուժածը ջանում է վերականգնել շնչուղիների անցանելիությունը, հազում է, փորձում է ազատվել ճնշումից: Այնուհետև գիտակցությունը մթագնում է, առաջանում են ցնցումներ, բբերն սկզբում նեղանում են, ապա՝ լայնանում: Սրտխփոցը հաճախանում է, լինում են ակամա միզարձակում և կղում: Շ-յան տևողությունը պայմանավորված է շնչառության խանգարման աստիճանով: Շնչուղիների լրիվ անանցանելիության ժամանակ այդ վիճակը կարող է տևել 3-6 ր, որից հետո վրա է հասնում մահը: Ուստի, Շ-յան 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է տուժածին անհապաղ 1-ին օգնություն ցույց տալ և շտապ բժշկ օգնություն կանչել:
Առաջին օգնությունը շնչուղիներից օտար մարմինների հեռացումն է՝ շնչուղիներում ճնշումն արհեստականորեն բարձրացնող մի շարք միջոցներով: Շնչուղիներն արտաքին ազդակներով ճնշվելուց առաջացած Շ-յան ժամանակ արագ կերպով հեռացնում են ճնշող գործոնը և անմիջապես կատարում արհեստական շնչառություն («բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակով):
Եթե Շ-յան հետևանքով առաջացել է կլինիկ. մահ, ապա դրանից հետո 1-ին 5-8 ր-ներին անհրաժեշտ է տուժածի կյանքը փրկել վերակենդանացման մեթոդներով (տես Վերակենդանացում օրգանիզմի): Նորածինների Շ. կարող է լինել ծննդաբերության ժամանակ պորտալարը սեղմվելիս: Նորածնի նյարդային համակարգը և օրգանիզմը թթվածնային անբավարարության հանդեպ ավելի քիչ զգայուն են, և նրանք մահանում են ավելի ուշ: Սակայն բժշկ. անձնակազմը նորածնին այդ վիճակից դուրս բերելու համար պետք է անհապաղ շտապ միջոցառումներ ձեռնարկի:
ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Շնչառական համակարգ հոդվածում:
ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, օրգանիզմի ու արտաքին միջավայրի միջև գազափոխանակությանը մասնակցող օրգանների համակարգ:
Անատոմիան և ֆիզիոլոգիան: Շ.հ. կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և իսկական շնչառ. մասից (թոքեր) (նկ. 1): Քթի խոռոչում գտնվում է հոտառության օրգանը (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր, Հոտառություն): Քթի միջնապատը, որը կազմված է աճառային և ոսկրային մասերից, քթի խոռոչը բաժանում է 2, հաճախ՝ անհավասար մասերի: Քթի խոռոչի պատերը և քթի միջնապատը ներսից ծածկված են հատուկ թարթիչավոր բջիջներով (թարթիչավոր էպիթել) պատված լորձաթաղանթով:
Թարթիչները տատանվում են շնչած օդի շարժմանը հակառակ և փոշու մասնիկները լորձի հետ դուրս բերելով՝ մաքրում են շնչած օդը: Քթի խոռոչում բացվում են հարևան ոսկրերի օղակիր խոռոչները՝ քթի հավելյալ ծոցերը: Դրանցից ամենամեծը վերինծնոտային կամ հայմորյան ծոցն է, ավելի քիչ են զարգացած (հատկապես երեխաների մոտ) ճակատային, սեպոսկրային ծոցերը և մաղոսկրի խորշիկները: Անցնելով քթի խոռոչով՝ օդը տաքանում է, խոնավանում, մաքրվում և թափանցում