Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարելի է լրիվ կարգավորել տրվող օդախառնուրդի ճնշումը, շնչառման և արտաշնչման տևողությունը՝ օդի համապատասխան խոնավությունն ու ջերմաստիճանն ապահովող հարմարանքներով:

Թոքերի հիվանդություններով հիվանդների հետազոտությունը բժիշկն սկսում է պարզ մեթոդներով, որոնք հնարավորություն են տալիս պարզել հիվանդության բնույթը, ճիշտ գնահատել ընդհանուր վիճակը, շնչուղիներում և թոքերում բորբոքման ծանրության աստիճանը և կիրառել բուժման արդյունավետ մեթոդներ: Շ.հ-ի հետազոտության հատուկ մեթոդների կիրառմամբ հնարավոր է ավելի մանրակրկիտ հետազոտել հիվանդագին փոփոխությունների աստիճանը: Կարևոր և հաճախ պարտադիր մեթոդ է ռենտգենաբանական հետազոտությունը: Այն ընդգրկում է օրգանի լուսադիտումը և ռենտգենանկարահանումը: Լուսադիտման ժամանակ որոշվում են Շ.հ-ում կարևոր ֆունկցիոնալ տեղաշարժերը (շարժապատկերում): Ռենտգենանկարահանումը հնարավորություն է տալիս թոքերի ախտահարման առանձին մանրամասների մասին ավելի առարկայական պատկերացումներ ստանալ: Այսպիսով, այս մեթոդները լրացնում են միմյանց: Սովորաբար, հիվանդագին փոփոխությունների տեղադրության մասին ճիշտ պատկերացում կազմելու համար ստանում են տարբեր ուրվագծերով նկարներ: Այդ նպատակին է ծառայում նաև շերտագիրը (տրոմոգրաֆ): Շնչառ. օրգանների հիվանդությունների որոշակի տարբերակների ժամանակ կիրառում են ռենտգենաբան. հետազոտության հակադր. մեթոդներ, մասնավորապես՝ բրոնխագրություն:

Մասնագիտ. բուժհիմնարկների պրակտիկայում լայնորեն ներդրվել է բրոնխադիտումը՝ օպտիկ. հատուկ սարքի օգնությամբ շնչափողի և բրոնխների անմիջական զննումը:

Խորխի, բրոնխների լվացաջրերի, կոկորդից վերցրած քսուքների բակտերիաբան. քննությամբ հայտնաբերվում են Շ.հ-ի օրգանների բորբոքումների հարուցիչները: Այդ հետազոտությունները երբեմն կիրառվում են հակաբիոտիկներով բուժման ժամանակ՝ դրանց հանդեպ հիվանդության հարուցչի զգայնությունը որոշելու համար:

Հիվանդագին գործընթացի բնույթի մասին կարևոր տեղեկություններ կարելի է ստանալ խորխի, բրոնխների լվացաջրերի, կրծքամզային խոռոչի հեղուկի բջջային կազմը հատուկ մեթոդներով հետազոտելիս: Թոքերի ֆունկցիոնալ վիճակն ուսումնասիրում են արտաքին շնչառության տարբեր ցուցանիշների քանակ ճիշտ գնահատականը տվող սարքերի օգնությամբ: Այդ մեթոդները կիրառվում են թոքերի մի շարք քրոնիկ. հիվանդությունների ընթացքում, վիրահատությանը նախապատրաստելիս, մասնագիտ. ընտրության ժամանակ, սպորտային բժշկության մեջ ևն: Գործիքային և լաբորատոր ախտորոշման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս ախտորոշել Շ.հ-ի հիվանդությունների վաղ շրջանները, մշակել արդյունավետ բուժման մեթոդներ և կանխորոշել ելքը: Այս բոլոր մեթոդները հիմնված են բարձր տեղեկատվության, հիվանդի անվտանգության և անվնասության սկզբունքների վրա:

Շ.հ-ի հիվանդությունների բուժման բնագավառում բժշկագիտությունը մեծ նվաճումներ է ձեռք բերել: Դա պայմանավորված է գործն. բժշկության մեջ բարձրարդյունավետ հակաբիոտիկների, հակաբորբոքային, հակաալերգ. միջոցների, հորմոնների ներդրմամբ, շնչառ. անբավարարության դեմ պայքարի նոր մեթոդների մշակմամբ և վիրաբուժ. մեթոդների կատարելագործմամբ: Սակայն բուժումն ուշացնելիս ոչ միշտ է հաջողվում լրիվ արդյունքի հասնել: Թոքերի և շնչուղիների բորբոքային (հատկապես բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, կրծքավանդակի ցավերով, հազով ուղեկցվող) հիվանդությունների ժամանակ լայնորեն կիրառվում են նաև հիվանդի վիճակը թեթևացնող այլ միջոցներ (բժշկ. բաժակներ, մանանեխի ծեփուկներ, հանքային տաք ըմպելիքներ): Այս բոլոր միջոցները նշանակում է բժիշկը: Այսպես կոչված՝ մեծ պահանջարկ ունեցող դեղանյութերի ինքնուրույն օգտագործումը սովորաբար արդյունք չի տալիս, իսկ հաճախ էլ վնաս է պատճառում: Հայտնի են շատ դեպքեր, երբ հիվանդներն իրենց սեփական նախաձեռնությամբ ընդունում են հակահազային դեղանյութեր այն ժամանակ, երբ ցանկալի է օգտագործել բրոնխների անցանելիությունը վերականգնող խորխաբեր միջոցներ և, հետևաբար, ոչ թե ընկճել, այլ, ընդհակառակը, խթանել հազի ռեֆլեքսը: Ջերմիջեցնող, հակաբորբոքային դեղանյութերը, հակաբիոտիկները և սուլֆանիլամիդային պատրաստուկներն առանց հսկողության ընդունելիս նույնպես կարող են վտանգավոր բարդություններ առաջանալ, հիվանդի վիճակը կամ կտրուկ վատանում է, կամ էլ հիվանդության ծանր երևույթների ժամանակավոր անհետացումը հիվանդների կողմից գնահատվում է որպես առողջացում, որի պատճառով նրանք ընդհատում են բուժումը և շատ շուտով կրկին դիմում բժշկի՝ արդեն հիվանդության բարձիթողի կամ քրոնիկ. ձևով:

Շ.հ-ի՝ որևէ հարուցչից առաջացած հիվանդության բուժման մեջ կարևոր տեղ է հատկացվում սուլֆանիլամիդային պատրաստուկներին և հակաբիոտիկներին: Դրանք նշանակում է միայն բժիշկը: Այդ պատրաստուկների լայնորեն օգտագործումը կարող է վտանգավոր բարդությունների պատճառ դառնալ: Բուժման արդյունավետությունը, կողմնակի հակազդեցությունները, հիվանդության ձգձգվող ընթացքը կարող են ոչ միայն պատրաստուկի, այլև դրա դեղաչափի սխալ ընտրության հետևանք լինել: Վարակիչ հիվանդության տվյալ հարուցչի ընկճման համար, խստորեն հաստատված կենսբ. օրինաչափություններին համապատասխան, պահանջվում է արյան մեջ և հյուսվածքներում դեղանյութի որոշակի կայուն կոնցենտրացիայի առկայություն՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ մանրէների զգայնությունը և հիվանդի օրգանիզմի անհատ. առանձնահատկությունները: Բժշկի հանձնարարականների հանդեպ անփույթ վերաբերմունքը կարող է ծանր բարդությունների պատճառ դառնալ: Հիվանդությունների (այդ թվում նաև Շ.հ-ի) բուժման համար մարդիկ հաճախ ձգտում են ձեռք բերել նոր հակաբիոտիկներ: Բժշկության և առողջապահության նվաճումները հնարավորություն են տալիս գործնականում մշտապես ներդնել նոր արդյունավետ հակաբիոտիկներ՝ ոչ թե որպես նախկինում առաջարկվածներին փոխարինողներ, այլ դրանց ավելի նպատակահարմար ընտրության նպատակով: Շ.հ-ի քրոնիկ. հիվանդություններով տառապողների համալիր բուժման մեջ կարևոր տեղ են գրավում հորմոնային պատրաստուկները, որոնցով ինքնաբուժումը նույնպես վտանգավոր է: Հաջող բուժման պարտադիր պայման է հորմոնների ընդունման և դրանց դադարեցման վրա խիստ բժշկ. հսկողության սահմանումը: Թոքերում գազափոխանակության նշանակալի խանգարումների ժամանակ լայնորեն կիրառվում է թթվածնաբուժությունը՝ թթվածնի շնչումը հատուկ հարմարանքների կամ թթվածնային բարձիկների օգնությամբ: Գործն. բժշկությունը հարստացել է թոքային անբավարարության դեմ պայքարի նոր միջոցներով: Թոքերում թարախային գործընթացների առկայության ժամանակ հիվանդին փոխներարկում են արյան պատրաստուկներ, արյան փոխարինիչներ, փոխանակային հավասարակշռության տեղաշարժերի վրա ազդող սպիտակուց պարունակող հեղուկներ և դեղանյութային խառնուրդներ: