Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, բնապահպանություն, մարդու գործունեության և շրջակա բնական միջավայրի միջև խելամիտ փոխազդեցության պահպանման միջոցառումների համալիր: Շրջակա միջավայրը մարդուն շրջապատող բնական և նրա կողմից ստեղծված նյութ. աշխարհն է, լայն իմաստով այն իր մեջ ներառում է նաև հասարակության գոյության և զարգացման հոգևոր պայմանները: Երբեմն շրջակա միջավայր ասելով հասկանում են միայն շրջապատող բնական միջավայրը:

Շ.մ.պ. ներառում է բնության և մարդու առողջության վրա հասարակության գործունեության ուղղակի և անուղղակի բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բնական պաշարների (այդ թվում բուս. և կենդ. տեսակային բազմազանություններ, ընդերքի հարստություններ, ջրի և մթնոլորտի մաքրություն) պահպանումը, խելամիտ օգտագործումը և վերականգնումը: Արագացված գիտատեխ. առաջընթացի և արդ. արտադրության ծավալման պայմաններում Շ.մ.պ-յան գործընթացները վերածվել են պետ. և միջպետ. խնդիրների, որոնց լուծումն անխզելիորեն կապված է մարդկության առողջության պահպանման հետ: Զարգացած արդ. երկրներում մշակվել են Շ. մ.պ-յան մի շարք կարևոր կազմակերպչ. և գիտատեխ. միջոցառումներ: Դրանք են բնակչության առողջության և աշխատունակության վրա բացասաբար ազդող քիմ., ֆիզ. և կենսբ. հիմն. գործոնների որոշումը և գնահատումը՝ այդ գործոնների բացասական դերի նվազեցման անհրաժեշտ ռազմավարություն մշակելու նպատակով, շրջակա միջավայրն աղտոտող թունավոր նյութերի հնարավոր ազդեցության գնահատումը՝ մարդու առողջության համար ռիսկի անհրաժեշտ չափանիշներ սահմանելու նպատակով, ինչպես նաև հնարավոր արտադր. վթարների կանխման արդյունավետ ծրագրերի և շրջակա միջավայրի «վթարային արտանետումների» թունավոր հետևանքների կրճատման միջոցառումների մշակումը: Գենոֆոնդի համար կարևոր է նաև շրջակա միջավայրի աղտոտվածության վտանգավորության աստիճանի և արդ. արտանետումներում, արտահոսքերում ու թափոններում պարունակվող որոշ թունավոր նյութերի քաղցկեղածին հատկությունների որոշումը:

Չպետք է մոռանալ, որ մարդն իր գոյության ընթացքում (ծնված օրվանից սկսած) ենթարկվում է տարբեր գործոնների (կենցաղում, արտադրությունում, դեղանյութեր ընդունելիս, քիմ. նյութերի հետ շփվելիս, սննդամթերքում պարունակվող քիմ. հավելանյութեր օրգանիզմ թափանցելիս ևն) ազդեցության և շրջակա միջավայր թափանցած վնասակար նյութերի (մասնավորապես՝ արդ. թափոնների) լրացուցիչ ազդեցությունը կարոդ է աղետալի հետևանքներ ունենալ մարդկանց առողջ. վիճակի համար:

Շրջակա միջավայրում պարունակվող հարուցիչներով առաջացած հիվանդությունների ռիսկի աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ են պարբերական համաճարակաբան. հետազոտություններ:

Շրջակա միջավայրի աղտոտիչներից (մեխ., կենսբ., ֆիզ., քիմ. և ռադիոակտիվ) առավել տարածված են քիմ. միացությունները: Հայտնի են ավելի քան 5 մլն քիմ. միացություններ, որոնցից շուրջ 60 հզ. թողարկում է արդ-յունը: Քիմ. միացությունների արտադրության համաշխարհային ծավալը յուրաքանչյուր 10 տարում աճում է 2,5 անգամ: Առավել վտանգավոր է քլորօրգ. միացությունների, թունաքիմիկատների, բազմաքլորացված երկֆենիլների, քլորֆենոլների, ֆենօքսոկարբոնաթթվային եթերների, ֆենոլների, տրիազինների, ֆենիլային միզանյութի, ֆոսֆորական թթվի եթերների և այլ քիմ. աղտոտիչների շրջակա միջավայր թափանցումը:

Այդ միացություններից Շ.մ.պ-յան լավագույն եղանակը անթափոն կամ սակավաթափոն տեխնոլոգ. արտադրությունների մշակումն ու ներդրումն է, ինչպես նաև թափոնների վնասազերծումը կամ 2-րդային օգտագործման համար դրանց վերամշակումը: Մյուս կարևոր ուղղությունը մարդկանց առողջության համար անվտանգ տարբեր արտադրությունների տեղադրումն ու դրանց կառուցվածքի որոշումն է: Տարբեր արդ. և գյուղատնտ. օբյեկտների փոխազդեցությունն առավել արդյունավետ է, սակայն առանձին ձեռնարկությունների հարևանությամբ առաջացած կենսբ., սոցիալ. և տնտ. վնասը կարող է գերազանցել հումքային բազայի մոտիկությամբ և տրանսպորտային հարմարություններով պայմանավորված օգուտները: Օբյեկտների տեղադրման հարցերի առավել ճշգրիտ լուծման համար անհրաժեշտ է տարբեր մասնագետների համագործակցությունը, որոնք ի վիճակի են կանխատեսել բազմաբնույթ (այդ թվում նաև տվյալ արտադրությանը ոչ բնորոշ) գործոնների ազդեցությունը, լայնորեն կիրառել մաթ. մոդելավորման մեթոդները: Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տարածաշրջանում գրանցված աղտոտիչների զգալի մասն ունի իր յուրահատուկ աղբյուրը, սակայն հաճախ օդերևութաբան. պայմանների պատճառով աղտոտվում են նաև թունավոր արտանետումների անմիջական աղբյուրից հեռու գտնվող հսկայական տարածություններ:

Երբ Շ.մ.պ. և շրջակա միջավայրի որակի բարելավման աշխատանքները կատարվում են ոչ այնքան արդյունավետ, գոյություն ունեցող սան. նորմերն ու կանոնները խախտվում են, տարբեր թունավոր նյութերի շրջակա միջավայր թափանցումն արգելակող սարքավորումներ ու կառույցներ ժամանակին չեն շահագործվում, բացառված չեն օդի, ջրի, հողի համազարկային, վթարային աղտոտումները: Շրջակա միջավայրի որակը սերտորեն կապված է կյանքի որակ հասկացության հետ, որը վերջին տարիներին լայն տարածում է ստացել և բնութագրվում է բնակչության կյանքի պայմանները և մակարդակը որոշող մի շարք ցուցանիշներով (օրինակ՝ 1 շնչին ընկնող սննդամթերքի սպառման չափը, բնակչության կրթամակարդակը, մանկ. մահացության գործակիցը, բնակչության երկարակեցության ցուցանիշը, անհատ քաղաքացու տնտ. և քաղ. հնարավորությունների մակարդակը ևն):

Շրջակա բնական միջավայրի որակը պայմանավորված է մարդու առողջության վրա նրա ազդեցությամբ: Առօրյա պատկերացմամբ մարդն առողջ է, եթե գործնականորեն հիվանդություն չունի: Գիտ. սահմանումը շատ ավելի լայն է և ընդգրկուն: Մարդու առողջությունը նրա ընդհանուր վիճակն է, երբ առկա են ֆիզ., հոգեբան. և սոցիալ. լիարժեքությունը կամ հարմարավետության զգացողությունը: Որոշ գիտնականների գնահատմամբ բնակչության առողջ. վիճակը 20-40%-ով ուղղակիորեն պայմանավորված է շրջակա բնական միջավայրի վիճակով, 15-20%-ով՝ գենետիկ գործոններով, 20-30%-ով՝ կենսակերպով և 10%-ով՝ առողջապահ. ծառայության գործունեությամբ: Շրջակա միջավայրի կտրուկ փոփոխություններին օրգանիզմը չի հարմարվում, հաճախ ձեռք է բերում հիվանդություններ (օրինակ՝ բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, որոնք լուրջ հիվանդությունների պատճառ են դառնում): Բնակչության զանգվածային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ նաև տվյալ բնատարածքում՝ հողում կամ ջրում, մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար անհրաժեշտ որևէ միկրոտարրի (պղինձ, ցինկ, կոբալտ ևն) ավելցուկը կամ պակասը, օրինակ՝ խմելու ջրում ֆտորի պակասը (եթե 0,5 մգ/լ-ից քիչ է) առաջացնում է ատամների ոսկրափուտ,