Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս կարող է գրգռվել ելուն թափանցած մանր որդերից (սրատուտ) կամ աղիքի նեխման արգասիքներից: Ստամոքսաղիքային համակարգի մշտ. գերբեռնվածությունը կենդ. ճարպով (միս, ձուկ) մի կողմից հանգեցնում է փորկապության, մյուս կողմից՝ աղիքում նեխման գործընթացների արագացման: Ո.ե.բ-ով կարող են հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ:

Ո.ե.բ. լինում է սուր և քրոնիկ.: Որդանման ելունի սուր բորբոքումն սկսվում է նրա լորձաթաղանթից, այնուհետև գործընթացը կարող է տարածվել՝ առաջացնելով հյուսվածքների թարախային քայքայում (ֆլեգմոնային Ո.ե.բ.) ընդհուպ մինչև ելունի պատերի լրիվ քայքայումը, որի հետևանքով բորբոքումը թափանցում է որովայնի խոռոչ (թափածակումային Ո.ե.բ.): Ելունը սնող անոթների վատ արյունամատակարարման հետևանքով այն կարող է մեռուկանալ (փտախտային Ո.ե.բ.): Ելունի ծակումը և փտախտն անխուսափելիորեն հանգեցնում են տարածուն կամ, լավագույն դեպքում, սահմանափակ որովայնամզի բորբոքման:

Սուր Ո. ե.բ. սկսվում է որովայնի ստորին, հաճախ՝ աջ կողմի հանկարծակի ցավերով, որոնք սկզբում ունենում են տարածուն բնույթ, շոշափվում են սրտագդալի կամ պորտի շրջանում և միայն մի քանի ժ-ից տեղակայվում են որովայնի աջ, ստորին քառորդում, որտեղ կույր աղիքն է: Ցավերն աստիճանաբար ուժեղանում են և սաստկանում հազալիս, հիվանդի դիրքի փոփոխության, հատկապես՝ ձախ կողքի թեքվելիս: Երեխաների և տարեցների Ո.ե.բ., որպես կանոն, թույլ է արտահայտված: Ո.ե.բ-ման նոպան հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, լինում է փորկապություն, հնարավոր է նաև լուծ: Հասուն մարդկանց ջերմաստիճանը սովորաբար քիչ է բարձրանում (37,5-38,5°C), երեխաներինը՝ շատ, իսկ տարեցներինը, նույնիսկ շատ ծանր ձևերի դեպքում, մնում է բնականոնի սահմաններում:

Ո.ե.բ-ման դեպքում բորբոքային գործընթացը երբեմն սահմանափակվում է լորձաթաղանթով, և եթե ելունի պարունակությունը դուրս է գալիս կույր աղիք, նոպան կարող է դադարել: Սակայն նույնիսկ բժիշկը միշտ չէ, որ միանգամից կարող է որոշել ելունի բորբոքային գործընթացի ծանրության աստիճանը և բնույթը, իսկ նրանում կատարվող փոփոխությունները (օրինակ՝ փտախտը), որոնք երբեմն շատ արագ են զարգանում, հղի են ծանր բարդություններով: Ուստի բոլոր դեպքերում անհրաժեշտ է անհապաղ հեռացնել որդանման ելունը, և որքան շուտ, այնքան ժամանակին կկանխվեն վտանգավոր բարդությունները:

Եթե որևէ պատճառով սուր Ո.ե.բ-ման դեպքում հիվանդը չի վիրահատվել, բայց վիճակը լավացել է, միևնույն է, վտանգն առկա է, և նոպան կարող է կրկնվել՝ յուրաքանչյուր անգամ առավել ուժեղ:

Երբեմն որդանման ելունի սուր բորբոքումների դեպքում անցանկալի ելքերը հիմնականում բժշկի ուշ դիմելու հետևանք են: Սովորաբար որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը սխալմամբ որակվում են (հատկապես երեխաներինը) որպես «ստամոքսի խանգարում», և փորձում են աղիքները մաքրել լուծողականի կամ հոգնայի միջոցով, որը միանգամայն անթույլատրելի է, քանի որ, ի վերջո, առաջացնում է որովայնամզի տարածուն բորբոքում: Որովայնի սուր ցավերը հիմնականում կապված են Ո.ե.բ-ման հետ: Ուստի պետք է անհապաղ բժիշկ կանչել, իսկ մինչև նրա գալը հիվանդին պառկեցնել, որովայնին սառույցի կամ սառը ջրի պարկիկ դնել (բայց երբեք՝ ջեռակ): Չի կարելի ցավամոքիչ միջոցներ օգտագործել, որոնք փոխում են հիվանդության պատկերը. ցավի մեղմացումը կարող է հանգեցնել սխալ ախտորոշման և, հետևաբար, սխալ բուժման:

Քրոնիկ. Ո.ե.բ-ման դեպքում կույր աղիքի շրջանում լինում են մշտ. կամ պարբերաբար առաջացող, փորկապությամբ և սրտխառնոցով ուղեկցվող ոչ սաստիկ ցավեր: Քանի որ նման գործընթացը ցանկացած պահի կարող է վերածվել սուր բորբոքման, ուստի խորհուրդ է տրվում ելունը հեռացնել:

ՈՐԴԵՐ, հելմինթներ, ճիճուներ, մակաբույծ են, մարդու, կենդանիների և բույսերի ճիճվային հիվանդությունների (հելմինթոզների) հարուցիչներ: Տարբերում են՝ 1. տափակ որդեր, որոնք ներկայացված են մակաբույծների 2 դասով՝ տրեմատոդ կամ ծծոդ որդեր և ցեստոդ կամ երիզորդեր: Մարդու մակաբույծ տրեմատոդներից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, իսկ ցեստոդներից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի և ալվեոկոկի թրթուրները, 2. կլոր որդեր կամ նեմատոդներ՝ ասկարիդներ, մաղագլուխ, սրատուտ, անկիլոստոմիդներ, տրիխինելներ, ֆիլարիաներ ևն, 3. գլանաճիճուներ կամ փշագլուխներ, 4. օղակավոր Ո. կամ անելիդներ: Վերջին 2 տիպերի Ո. մարդկանց հազվադեպ են մակաբուծում:

Ըստ զարգացման փուլերի՝ Ո. բաժանվում են կենսահելմինթների և երկրահելմինթների: Կենսահելմինթները զարգանում են միջնորդ տիրոջ (մարդու կամ կենդանու), որտեղ ընթանում են ձվի ու թրթուրի փուլերը, և վերջն. տիրոջ (մարդու կամ կենդանու) օրգանիզմներում, որտեղ հելմինթները հասնում են սեռ. հասունացման: Երբեմն կենսահելմինթների թրթուրները հաջորդաբար զարգանում են 2 տարբեր տեսակների տերերի օրգանիզմներում. 1-ինը՝ միջնորդ, 2-րդը՝ լրացուցիչ (օրինակ՝ օպիսթորխոզի, դիֆիլոբոթրիոզների և այլ հարուցիչներ): Երկրահելմինթների թրթուրները (մարդուն) մակաբուծելու ընդունակ են դառնում տիրոջ օրգանիզմից դուրս՝ հիմնականում հողում:

Մարդիկ վարակվում են հիմնականում սննդի հետ Ո-ի հասուն ձվեր կամ թրթուրներ կուլ տալուց: Որոշ տեսակների թրթուրները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի միջոցով (անկիլոստոմիդներ) կամ միջատների խայթոցով (ֆիլարիաներ): Ո. շատ բեղուն են, դրանց մեծ մասը 1 օրում դնում է 1000-10.000 ձու կամ թրթուր: Տարածված են ամբողջ երկրագնդով և մեծ վնաս են հասցնում մարդու առողջությանը, տնտեսությանը, հարուցում են գյուղատնտ. կենդանիների, մուշտակամորթ գազանների, ձկների և բույսերի հիվանդություններ:

ՈՐՈՎԱՅՆԱՄԶԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պերիտոնիտ, որովայնի խոռոչի և դրանում տեղադրված օրգանների (ստամոքս, լյարդ, աղիքներ ևն) պատերը պատող բարակ թաղանթի բորբոքում: Առաջանում է բորբոքային հիվանդությունների (սուր որդանման ելունի բորբոքում, լեղապարկի բորբոքում, արգանդի հավելումների բորբոքում ևն), ներքին օրգանների (օրինակ՝ աղիքների) վնասման, որովայնի խոռոչ թարախածին մանրէների թափանցման, ստամոքսի խոցի կամ 12-մատնյա աղիքի թափածակման, ճողվածքի ճմլման և այլ դեպքերում: Բորբոքումը կարող է սահմանափակվել որովայնամզի փոքր հատվածով՝ կապված աղիքների գալարների, ճարպոնի և այլ օրգանների միջև կպումների առաջացման (սահմանափակ կամ տեղային Ո. բ.) հետ, վատագույն դեպքում կարող է առաջանալ ներորովայնամզային թարախակույտ: Եթե կպումներ առաջացնող գործընթացը որևէ պատճառով խախտվում է, ապա բորբոքումը կարող է տարածվել որովայնամզի ամբողջ մակերևույթով (ընդհանուր տարածուն Ո. բ.), որը հիվանդի համար շատ վտանգավոր է, ընթացքը ծանր է և պահանջում է բարդ բուժ. միջոցառումներ:

Որպես ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների բարդություն՝ Ո. բ. կարող է առաջանալ աստիճանաբար, հետևաբար