օգնություն է կազմակերպում աշխատողներից մեկը, որը Ա. օ. ցուցաբերելու համար պետք է անցած լինի հատուկ պատրաստություն և ունենա բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հանկարծահաս հիվանդությունների, դժբախտ պատահարների հետևանքով ծանր վնասվածքների դեպքում (օրինակ՝ տրանսպորտում, հրդեհների ժամանակ) անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել: Այդպիսի դեպքերում ոչ միայն դեպքի վայրում, այլև բուժհիմնարկ տեղափոխելիս կարող են առաջանալ կյանքին վտանգ սպառնացող խանգարումներ: Դրանք վերացնել կարող է միայն բժիշկը, որի տրամադրության տակ ավտոմեքենայում (կամ ինքնաթիռում) կա շտապ բժշկ. օգնության հատուկ սարքավորում: Երբեմն հիվանդներին և տուժածներին տեղափոխելու համար հարկ է լինում օգտագործել այդ նպատակի համար չնախատեսված փոխադրամիջոցներ: Դրանք հարկավոր է հնարավորին չափ հարմարեցնել տեղափոխման համար (օրինակ՝ բեռնատարի թափքին փռել ջախ կամ խոտ, վրան դնել պատգարակ, ներքնակ ևն):
Տուժածին տեղափոխելու համար օգտագործում են պատգարակներ, դրանց բացակայության դեպքում՝ այլ միջոցներ (նկ. 1-4): Ա.օ. անսխալ կատարելու համար անհրաժեշտ է բժշկ. գիտելիքների և. հմտությունների մշտապես կատարելագործում: Ձեռնարկություններում, ավտոմեքենաներում և տանը անպայման հարկավոր է ունենալ դեղարկղիկներ: Ճիշտ և ժամանակին ցուցաբերած Ա.օ. անհամեմատ նվազեցնում է դժբախտ պատահարների անբարենպաստ ելքի հավանականությունը: Մանկ. մարզադպրոցների մարզիչներին Ա.օ-յան միջոցառումների ուսուցումը նկատելիորեն նվազեցրել է մանկ. մարզ. վնասվածքների վտանգավոր հետևանքների հաճախությունը, իսկ վարորդների և պետ. ավտոտեսչության աշխատողների ուսուցումը բավականաչափ բարելավել է տրանսպորտային վնասվածքների բուժման արդյունքները: Ա.օ-յան ցուցաբերման պարապմունքների անցկացումը և բնակչության շրջանում դրա լայն պրոպագանդումը կազմակերպում են «Կարմիր խաչ» ընկերությունը և քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
Տես նաև Արհեստական շնչառություն, Մերսում սրտի:
ԱՌՆԱՆԴԱՄ, արական արտաքին սեռ. օրգան՝ երկակի ֆիզիոլոգ. ֆունկցիայով (սեռ. հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի հեռացում): Կազմված է խորշիկային մարմիններից: Ա-ի 2 խորշիկային մարմինները և միզուկի խորշիկային (սպունգանման) մարմինը գոյացնում են Ա-ի գլուխը: Խորշիկային մարմինները կազմված են պինդ սպիտակապատյանից, որից դեպի ներս տարածվում են բազմաթիվ ձողիկներ: Դրանց միջնորմներն էլ գոյացնում են «խորշիկներ», որոնք լցված են արյունով: Ա-ի արյան անոթների հատուկ կառուցվածքի շնորհիվ արյունը սեռ. դրդման ժամանակ լցվում է խորշիկային մարմիններ, որի հետևանքով էլ Ա. պնդանում է և լարվում (էրեկցիա): Ա-ի գլխիկի ազատ ծայրին գտնվում է միզուկի արտաքին բացվածքը: Ա. ծածկող մաշկը գլխիկի հիմքի մոտ առաջացնում է ազատ ծալք՝ ծայրային թլիպ, գլխիկի և ծայրային թլիպի միջև մնում է ճեղքային խոռոչ: Ծայրային թլիպի երկարությունը և խոռոչի մեծությունն անհատականորեն փոփոխական են: Մինչև 10 տարեկան տղաների ծայրային թլիպը լրիվ ծածկում է գլխիկը: Ծայրային թլիպի ներքին մակերևույթին տեղադրված են ճարպագեղձեր, որոնց արտազատուկը ծայրային թլիպի և Ա-ի գլխիկի էպիթելային բջիջների հետ գոյացնում է թլիպաճարպ (սմեգմա):
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՏ, կազմակերպվում է արդ. ձեռնարկություններում, հիմնարկներում և այլուր: Ա.կ. ինքնուրույն բուժհիմնարկ չէ և սովորաբար գտնվում է մոտակա պոլիկլինիկայի կամ բժշկասանիտարական մասի կազմում: Ա կ. նախաբժշկ. կամ 1-ին բուժօգնություն է ցույց տալիս վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների և մասնագիտ. թունավորումների ժամանակ, իսկ հետագա բուժումը կատարվում է պոլիկլինիկայում, հիվանդանոցում կամ հատուկ բուժհիմնարկում: Ա.կ-ում կատարում են անհրաժեշտ բուժարարողություններ, վիրակապում ևն: Բուժ. անձնակազմն անցկացնում է պլանային բուժառողջարար. և հակահամաճարակային միջոցառումներ (ապահովում է բանվորների և ծառայողների պարբերական զննումն ու դիսպանսերացումը, կազմակերպում է զանգվածային կանխարգելիչ պատվաստումներ, հիվանդությունների նվազեցման և վնասվածքների կանխարգելման նպատակով ձեռնարկության վարչության և արհմիության հետ միասին իրականացնում բուժկանխարգելիչ միջոցառումներ): Ա.կ-ի կարևոր խնդիրներից են սանկանխարգելիչ աշխատանքները՝ արտադրամասերի, արտադր. և կենցաղային շինությունների սան. վիճակի հսկում, սանլուս. աշխատանքներ, սան. ակտիվի նախապատրաստում ևն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության համակարգում գործող միջազգային բժշկ. կազմակերպություն, որի գործունեության գլխ. նպատակն աշխարհի բոլոր ժողովուրդների համար առողջության հնարավոր բարձր մակարդակի ապահովումն է: