միշտ չէ, որ հնարավոր է որոշել որովայնամզի բորբոքային գործընթացի սկիզբը: Ցավերն աստիճանաբար ուժեղանում են և տարածվում ամբողջ որովայնով, վատանում է հիվանդի ընդհանուր վիճակը, դեմքը գունատ է, տանջված հայացքով, դիմագծերը սրվում են, անոթազարկը հաճախանում է (ր-ում մինչև 140 և ավելի զարկ), որովայնը՝ փքվում, լինում են քիչ բաժիններով անընդհատ փսխումներ: Արյան հոսքով մանրէները որովայնամիզ թափանցելու դեպքում (օրինակ՝ թոքերից) նույնպես առաջանում է Ո. բ. (հաճախ երեխաների մոտ է լինում): Ստամոքսի կամ աղիքի խոցի թափածակվելուց Ո. բ-ման երևույթները (հիմնականում սաստիկ ցավերը) հանկարծակի են սկսվում:
Որովայնի սուր ցավերի դեպքում պետք է շտապ բժիշկ կանչել, իսկ մինչև նրա գալը՝ հիվանդին պառկեցնել: Արգելվում է սնվել, հեղուկներ, դեղանյութ տալ, ինչպես նաև ջեռակ դնել ու հոգնա կատարել, որովհետև դրանք կարող են նպաստել բորբոքային գործընթացի տարածմանը (տես Ցավ, որովայնի ցավեր): Սուր Ո. բ-ման դեպքում սովորաբար պետք է շտապ վիրահատել, իսկ քրոնիկ., հիմնականում տուբերկուլոզային ախտահարման դեպքում նշանակվում է հատուկ բուժում (տես Տուբերկուլոզ):
Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել որովայնի խոռոչի հիվանդությունները (բորբոքային գործընթացները, խոցային հիվանդությունները և), ինչպես նաև որովայնի ճողվածքները:
ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ, ՊԱՐԱՏԻՖԵՐ, սուր վարակիչ հիվանդություններ, ուղեկցվում են ընդհանուր թունավորման երևույթներով (թուլություն, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց, երբեմն՝ փսխում) և բարակ աղիքի ավշային համակարգի ախտահարումով: Նույն խմբում են ընդգրկված Ո. տ. և A, B, C պարատիֆերը:
Հարուցիչները բակտերիաներն են, որոնք համեմատաբար կայուն են շրջակա միջավայրի և վարակազերծող միջոցների նկատմամբ: Օրինակ՝ կեղտաջրերում և ոռոգման դաշտերի հողում կենսունակությունը պահպանում են մինչև 2 շաբաթ, մրգերում և բանջարեղենում՝ 5-10 օր, կարագում ու մսում՝ 1-3 ամիս: Ոչնչանում են եռացնելիս: Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կամ հարուցչակիր՝ բակտերիակիր (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն) մարդու միջոցով:
Հարուցիչը շրջակա միջավայր է ընկնում հիվանդի կամ բակտերիակրի կղանքի, մեզի հետ և առողջ մարդու օրգանիզմ թափանցում աղտոտված խմելու ջրից կամ լողանալիս պատահաբար ջուր կուլ տալուց: Հարուցիչներով աղտոտված կաթը, բանջարեղենը, միրգը, հացը և այլ մթերքներ նույնպես կարող են վարակի պատճառ դառնալ: Կարող են վարակվել նաև հիվանդի կամ բակտերիակրի կղանքով աղտոտված ձեռքերի միջոցով: Կոյուղու բացակայության դեպքում հիվանդությունը տարածվում է նաև ճանճերի միջոցով, որոնք հարուցիչներ պարունակող կղանքի մասնիկները տեղափոխում են մթերքի վրա: Հարուցիչները, թափանցելով օրգանիզմ, տեղակայվում և բազմանում են բարակ աղիքի ավշային հանգույցներում (տես Մարսողական համակարգ), այնուհետև անցնում են արյան մեջ, որտեղ որոշ մասը ոչնչանում է՝ արտազատելով թունավոր նյութ՝ էնդոտոքսին (տես Տոքսիններ), որը օրգանիզմի, հատկապես սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա ունենում է թունավոր ազդեցություն:
Ո. տ-ի հարուցիչը, 3-25 (հաճախ՝ 10-14) օր գտնվելով օրգանիզմում, հիվանդագին երևույթներ չի առաջացնում (գաղտնի շրջան): Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար, ընդհանուր թուլությամբ, մարմնի ջարդվածության զգացողությամբ, քնի խանգարմամբ, ախորժակի վատացումով, աշխատունակության նվազումով: Հիվանդության 4-6-րդ օրը ջերմաստիճանը, աստիճանաբար բարձրանալով, հասնում է 39-40°C, հիվանդն ավելի է թուլանում, շրջապատի նկատմամբ դառնում անտարբեր, պառկում է անշարժ: Որոշ հիվանդներ ունենում են գիտակցության կորուստ, տեսող. և լսող. զգայախաբություններ, զառանցանք: Բնորոշ են սառած հայացքը, տեսանելի լորձաթաղանթների, մաշկի խիստ գունատությունը, չոր, շոշափելիս՝ տաք մաշկը: Փորը փքվում է, նկատվում է փորկապություն, երբեմն՝ հակառակը: Հիվանդության 8-9-րդ օրը կրծքի և որովայնի մաշկի վրա նկատվում են գնդասեղի գլխիկի մեծության բաց վարդագույն ցաներ, որոնք սեղմելիս անհետանում են:
Պարատիֆերի կլինիկ. դրսևորումները տարբերվում են Ո. տ-ի ախտանշաններից: Դրանց առավել բնորոշ է հիվանդության սուր (հանկարծակի) սկիզբը: A պարատիֆին հաճախ բնորոշ են լորձենաբորբային (կատառային) երևույթները (հազ, հարբուխ, կոկորդի ցավ), իսկ B և C պարատիֆերին՝ սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավերը, հեղուկ կղանքը:
Բուժումը հիվանդանոցային է: Հիվանդանոցից հետո հիվանդը պետք է գտնվի պոլիկլինիկայի վարակիչ հիվանդությունների կաբինետի բժշկի հսկողության տակ, կատարվեն բակտերիաբան. հետազոտություններ: Առողջացածներին 2-3 ամիս նշանակվում է սննդակարգ, չի թույլատրվում ճարպոտ, տապակած, կծու կերակրատեսակներ: Խորհուրդ է տրվում անճարպ միս, ձուկ, կաթնաշոռ, մածուն, վիտամիններ (մասուրի, սև հաղարջի, կիտրոնի եփուկներ, բանջարեղենային հյութեր, բանջարեղեն, միրգ): Ցանկալի է խուսափել գերհոգնածությունից, գերսառեցումից, գերտաքացումից:
Կանխարգելումը. ժամանակին հայտնաբերել, մեկուսացնել և բուժել հիվանդին ու բակտերիակրին, շինությունը ախտահանել: Հիվանդի հետ շփվող մարդիկ 21 օր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կանխարգելիչ միջոցառումներից է անձն. հիգիենայի պահպանումը (ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, լավ լվանալ բանջարեղենը և միրգը, իսկ խմելու ջուրը և կաթը եռացնել): Ո. տ-ի դեպքում կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ:
ՈՐՈՎԱՅՆԻ ԽՈՌՈՉ, տես Մարդ հոդվածում:
ՈՐՔԻՆ ԳՈՏԵՎՈՐՈՂ, տես Տենդաբշտիկ:
ՈՐՔԻՆ ԹԵՓԱՏՈՒ, պսորիազ, մաշկի հաճախ հանդիպող քրոնիկ. ոչ վարակիչ հիվանդություն: Պատճառը վերջնականապես բացահայտված չէ, սակայն հայտնի է, որ Ո.թ-ի առաջացմանը նպաստում են նյարդային և ներզատիչ համակարգերի, նյութափոխանակության (հատկապես՝ ճարպային ու ածխաջրային) խանգարումները, քրոնիկ. վարակների օջախները՝ նշագեղձերի բորբոքումը, հայմորիտը (տես Քիթ, քթի հավեցալ ծոցեր), լեղապարկի բորբոքումը, արգանդի հավելումների բորբոքումը ևն: Հայտնի է նաև, որ Ո.թ-ի հանդեպ նախատրամադրվածությունը փոխանցվում է ժառանգաբար:
Հիվանդության սկզբում (հիվանդանում են ցանկացած տարիքում) հաճախ ձեռքերի և ոտքերի տարածիչ մակերևույթների, իրանի, գլխի մազածածկ մասի մաշկի վրա ի հայտ են գալիս առանձին մանր վարդագույն կամ կարմիր հանգուցիկներ՝ պատված արծաթասպիտակ փուխր թեփուկներով: Վերջիններս հեռացնելիս բացվում է կարմրավուն, արյան կաթիլներով ծածկված փայլուն մակերես: Աստիճանաբար հանգուցիկները մեծանում են, միաձուլվում՝ առաջացնելով տարբեր մեծության