Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուծված, սիրտանոթային անբավարարությամբ տառապող հիվանդների մարմնի վրա Պ. կարող է շատ արագ (1 օրում) առաջանալ: Պ-երը երբեմն բարդացնում են ծանր վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ որովայնային և բծավոր տիֆերի) ընթացքը:

Պ-ի առաջացմանը նպաստում են վատ խնամքը, հիվանդի անկողնու և ներքնաշորի ոչ մաքուր վիճակը (հատկապես եթե աղտոտված են արտաթորանքով, սննդի մնացորդներով), կոպիտ կարերն ու ծալքերը, ողնաշարի վնասվածքով հիվանդի մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը, ոսկրերի արտացցվածքների հատվածում երկարատև ճնշումը (տես Հիվանդի խնամք):

Տարբերում են Պ-ի զարգացման 3 փուլ. 1. գերարյունության (մաշկի կարմրության), 2. չոր մեռուկացման, 3. խոնավ մեռուկացման:

1-ին փուլը կարող է առաջանալ 10-12 ժ ընթացքում և վերածվել չոր մեռուկացման: Վերջինս, առանց համապատասխան բուժման, անցնում է խոնավ մեռուկացման, որը Պ-ի ամենածանր փուլն է, երբ հյուսվածքների քայքայումն ավելի է խորանում՝ առաջացնելով թարախահոսություն, և կարող է բարդանալ կարմիր քամի, ֆլեգմոն, արյան վարակում, գազային փտախտ հիվանդություններով:

Հիմն. կանխարգելումը ճիշտ խնամքն է: Անհրաժեշտ է հիվանդի դիրքը մշտապես փոխել (եթե հակացուցված չէ), պառկեցնել հատուկ ներքնակի վրա (հարթ, առանց կարերի սավանով): Սրբոսկրի և պոչուկի տակ դնել ռետինե օղակ կամ գիշերանոթ, կրունկների տակ՝ բամբակե-թանզիֆե բարձիկ: Թաց, աղտոտված սպիտակեղենն անմիջապես փոխել: Առավել հարվող հատվածներն օրական 3-4 անգամ շփել քափուրի սպիրտով, անուշադրի սպիրտի 0,5%-անոց, տանինի 1-2%-անոց, սալիցիլաթթվի 1%-անոց սպիրտային լուծույթներով և նոսրացված քացախով: Կատարել թեթև մերսում: Ծանր հիվանդին տնային պայմաններում խնամելիս կարմրություն նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի և բուժումը կատարել միայն նրա խորհուրդներով:

ՊԱՍՏԵՐԱՑՈՒՄ, սննդամթերքի և այլ նյութերի վարակազերծման մեթոդ, կատարվում է տաքացման (60-70° C) միջոցով և որոշակի ժամանակահատվածում (15-30 ր)՝ սննդամթերքի ֆիզքիմ. հատկությունների աննշան փոփոխության և սննդային ու համային հատկանիշների պահպանման պայմաններում: Պ. առաջարկել է (1865) ֆրանս. մանրէաբան Լ. Պաստյորը (գինին և գարեջուրը փչանալուց պահպանելու համար):

Պ-ման են ենթարկում առավելապես բարձր ջերմաստիճանին չդիմացող կամ սննդային ու համային հատկությունները փոխող մթերքները (կաթ, սերուցք, մրգա-հատապտղային հյութեր, մուրաբա, գինի, գարեջուր ևն):

Պ-ման դեպքում հեղուկ սննդամթերքը տաքացնում են մինչև 100°C-ից ցածր ջերմաստիճանը: Օրինակ՝ կաթի համար օգտագործվում է Պ-ման 3 եղանակ՝ ակնթարթային («բարձր» Պ.)՝ տաքացնում են մինչև 85-90°C, առանց պահաժամի, կարճատև՝ 72-75° C, և այդ ջերմաստիճանում թողնում 15-20 վրկ., և երկարատև («ցածր» Պ.)՝ մինչև 65°C, 30 ր-ի ընթացքում: Մանկ. հիմնարկների համար կաթը և կաթնամթերքը Պ-ման են ենթարկում ապակե տարաներում, 93-98°C ջերմաստիճանում, 1-3 ր տևողությամբ:

Մրգահատապտղային հյութերը մշակում են 65-70° C-ում (20-30 ր): Գարեջրի կայունության բարձրացման համար Պ. սովորաբար կատարվում է 60-62° C-ում (30 ր):

Պ-ման շնորհիվ սննդամթերքը մանրէազերծվում է 99-99,5%-ով: Պաստերացված կաթը խորհուրդ չի տրվում երկար պահել: Տես նաև Պահածոյում տնային: ՊԱՏՆԵՇԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ, պաշտպան. ֆունկցիաներ, որոնք իրականանում են հատուկ ֆիզիոլոգ. մեխանիզմներով (պատնեշներով): Պատնեշները պաշտպանում են օրգանիզմը շրջապատող միջավայրի վնասակար ազդեցություններից, խոչընդոտում նրա մեջ մանրէների, վիրուսների և վնասակար նյութերի թափանցումը, ինչպես նաև նպաստում արյան, ավշի, հյուսվածքային հեղուկի կայուն բաղադրության պահպանմանը: Օրգանիզմի ինչպես մյուս հարմարվող. ու պաշտպան. ֆունկցիաները (օրինակ՝ իմունիտետը), այնպես էլ պատնեշայինները մշակվել են էվոլյուցիայի ընթացքում՝ ըստ միաբջիջ օրգանիզմների կատարելագործման աստիճանի (տես Էվոլյուցիոն ուսմունք):

Պայմանականորեն տարբերում են արտաքին և ներքին պատնեշներ: Արտաքին պատնեշների թվին են պատկանում մաշկը, շնչառ., մարսող. համակարգերը, այդ թվում՝ լյարդը, երիկամները (տես Միզարտադրության համակարգ): Մաշկն օրգանիզմը պաշտպանում է շրջապատող միջավայրի ֆիզ. և քիմ. փոփոխությունների ազդեցությունից, մասնակցում օրգանիզմի ջերմակարգավորմանը: Մաշկային պատնեշը խոչընդոտում է մանրէների, տոքսինների և թույների ներթափանցումն օրգանիզմ, նպաստում նրա միջոցով փոխանակության նյութերի հեռացմանն օրգանիզմից, օրինակ՝ քրտինքի միջոցով (տես Քրտնարտադրություն): Շնչառ. համակարգում, գազերի փոխանակության հետ մեկտեղ (տես Շնչառություն), շնչած օդը մաքրվում է մթնոլորտում գտնվող փոշուց և վնասակար նյութերից՝ քթի խոռոչի և բրոնխների լորձաթաղանթը ծածկող էպիթելի շնորհիվ, որոնք ունեն առանձնահատուկ կառուցվածք: Մարսող. համակարգ ներմուծված սննդանյութերը ստամոքսում և աղիքներում փոխակերպվում են, դառնում պիտանի՝ օրգանիզմի կողմից յուրացվելու համար: Մարսողության ժամանակ չօգտագործված նյութերը, ինչպես նաև աղիքներում առաջացած գազերն օրգանիզմից հեռանում են: Կարևոր պատնեշային նշանակություն ունի լյարդը. այն վնասազերծում է արյան մեջ ընկած օտարածին, օրգանիզմի համար վնասակար նյութերը, որոնք սննդի հետ անցնում են աղիքներ կամ գոյանում են աղիքների խոռոչում: Երիկամները կարգավորում են արյան բաղադրության կայունությունը, նրանից հեռացնում նյութափոխանակության վերջնային նյութերը: Արտաքին պատնեշներից են նաև բերանի խոռոչի, աչքի, սեռ. օրգանների լորձաթաղանթները:

Ներքին պատնեշներ, գտնվում են արյան և հուսվածքների միջև և կոչվում են հյուսվածքաարյունային: Հիմն. պատնեշային ֆունկցիան իրականացնում են արյունատար մազանոթների պատերը: Պատնեշային ֆունկցիա են կատարում նաև շարակցական հյուսվածքը, ավշային գոյացությունները (տես Ավշային համակարգ), օրգանների և հյուսվածքների որոշ հատուկ բջիջներ: Մասնագիտացված պատնեշային գոյացություններ կան արյան և կենտր. նյարդային համակարգի (արյունաուղեղային պատնեշ), արյան և աչքի