Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուսվածքների (արյունաակնային պատնեշ), արյան և սեռ. գեղձերի միջև: Արտակարգ կարևոր ֆունկցիան՝ պտղի զարգացման պաշտպանությունը, իրականացնում է մոր և պտղի օրգանիզմների միջև ընկած ընկերքային պատնեշը (տես Հղիություն): Պատնեշային ֆունկցիաներ են կատարում նաև բջջաթաղանթները և բարդ եռաշերտ ներբջջային գոյացությունները, որոնք նշանակված են բջջի հատուկ կարևոր տարրերը պաշտպանելու համար:

Օրգանի ներքին հյոավածքաարյունային պատնեշները որոշում են նրա ֆունկցիոնալ վիճակը, վնասակար ազդակներին դիմադրելու ունակությունը: Դրանք կասեցնում են օտարածին նյութերի անցումն արյունից դեպի հյուսվածքներ (պաշտպան. ֆունկցիա), կարգավորում անմիջապես օրգանի սննդարար միջավայրի բաղադրությունն ու հատկությունները: Այդպիսով՝ արյան մեջ այս կամ այն նյութի կոնցենտրացիայի նշանակալի բարձրացման ժամանակ նրա քանակությունն օրգանի հյուսվածքներում կարող է փոխվել կամ աճել աննշան: Եվ հակառակը, օրգանի հյուսվածքների համար նյութերի անհրաժեշտ քանակությունն ավելանում է՝ չնայած արյան մեջ նրա կոնցենտրացիան կայուն է կամ ցածր: Պատնեշներն արյունից ակտիվորեն ընտրում են օրգանների և հյուսվածքների կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը և դրանցից հեռացնում փոխանակության նյութերը:

Ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ օրգանիզմներում ընթացող ֆիզիոլոգ. գործընթացները, ֆունկցիաների կարգավորումը և օրգանի սնումը, ամբողջական օրգանիզմում առանձին օրգանների միջև փոխազդեցությունը կապված են հյուսվածքաարյունային պատնեշների վիճակի հետ: Պատնեշների դիմադրողականության նվազումը (թափանցելիության ավելացում) օրգանը դարձնում է ավելի ընկալունակ, իսկ նրա բարձրացումը՝ պակաս զգայուն՝ օրգանիզմում նյութերի փոխանակության ընթացքում առաջացած կամ բուժիչ նպատակով ներարկված քիմ. միացությունների հանդեպ:

Հատկապես հսկայական է պատնեշների նշանակությունը տարբեր հիվանդությունների հարուցիչներից և նրանց արտադրած տոքսիններից օրգանիզմը պաշտպանելու հարցում: Շրջանառելով արյան մեջ՝ բակտերիաները, վիրուսները, թունավոր նյութերը մի շարք դեպքերում կարող են ախտաբան. գործընթացի պատճառ դառնալ, որը հաճախ կապված է պատնեշների դիմադրողականության անկման հետ: Միևնույն ժամանակ կազմավորված ախտաբան. օջախի բուժումը մի շարք դեպքերում դժվարացած է՝ այս կամ այն պատրաստուկի հանդեպ հիվանդ օրգանի պատնեշի բարձր դիմադրողականության պատճառով:

Հյուսվածքաարյունային պատնեշները տարբերվում են օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրության և հատկությունների հանդեպ բարձր հարմարվողականությամբ: Դա կարևոր նշանակություն ունի նրա կայունության, առողջության պահպանման, հիվանդություններից պաշտպանելու համար:

Հյուսվածքաարյունային պատնեշի վիճակը փոխվում է տարիքից, նյարդային և հորմոնային ազդեցություններից, անքնության, քաղցի, նարկոզի, առանձին հիվանդությունների, ալկոհոլի, ինչպես նաև կենտր. նյարդային գոյացությունների գրգռման ու արգելակման ժամանակ:

Երբեմն բուժիչ նպատակով արհեստականորեն բարձրացնում կամ նվազեցնում են պատնեշների դիմադրողականությունը՝ արյան մեջ որոշ քիմ. պատրաստուկներ ներարկելով, ռենտգենյան, անդրամանուշակագույն, ենթակարմիր ճառագայթներով ազդելով: Գլխուղեղի առանձին հիվանդությունների բուժման ժամանակ դեղանյութերը, արյունաուղեղային պատնեշը շրջանցելով, ներարկում են անմիջապես ուղեղողնուղեղային հեղուկի մեջ:

ՊԱՏՐՈՆԱԺ, վաղ մանկ. տարիքի երեխաների (մինչև 3 տարեկան), հղի կանանց և հիվանդների որոշ կարգերի բժշկ. սպասարկման ձև: Անցկացվում է բուժկանխարգելիչ հիմնարկի նախաձեռնությամբ (տես Մանկական պոլիկլինիկա, Դիսպանսեր, Կանանց կոնսուլտացիա)՝ հիվանդությունների բուժման, կենցաղում սանհիգիենային պայմանների բարելավման և անձն. հիգիենայի կանոնների ուսուցման նպատակով:

Հղիության ժամանակ կնոջ Պ. իրականացնում է կանանց կոնսուլտացիայի կամ մանկ. պոլիկլինիկայի բուժքույրը: Նա ծանոթանում է ապագա մոր կյանքի պայմաններին, նրան բացատրում պտղի զարգացման համար ճիշտ ռեժիմի և սնուցման նշանակությունը (տես Ծննդօգնություն), տալիս հանձնարարականներ՝ կերակրման եղանակների, նորածնի խնամքի անհրաժեշտ առարկաներ ձեռք բերելու և այլ նպատակով, ծանոթացնում է կնոջ իրավունքների և առողջության պահպանման օրենսդրությանը: Եթե հղի կինը չի կարող հաճախել կոնսուլտացիա կամ այնտեղ լինում է ոչ կանոնավոր, անհրաժեշտ բժշկ. օգնությունը նրան ցուցաբերվում է Պ-ի կարգով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն կանանց, որոնց հղիությունն ընթանում է շեղումներով: Կոնսուլտացիա չհաճախող ծննդկանները ծննդաբերությունից 2-3 շաբաթ անց նույնպես ենթակա են Պ-ի:

Նորածնի Պ. իրականացվում է ծննդկանին տուն տանելուց հետո՝ 1-ին 3 օրը, որպես կանոն, մանկաբույժի և բուժքրոջ մասնակցությամբ: Երեխային մանրակրկիտ զննում են, ծնողներին խորհուրդ են տալիս երեխայի կերակրման, քնի, զբոսանքի ռեժիմի, նրա հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: Հետագայում, կյանքի 1-ին ամսում, բժիշկն այցելում է երեխային միայն անհրաժեշտության դեպքում, բուժքույրը՝ 2 անգամից ոչ պակաս: 1 ամսականից բարձր տարիքի երեխաների Պ. իրականացնում են պոլիկլինիկայում՝ տեղամասային մանկաբույժի ամենամսյա կանխարգելիչ զննումներով, կամ տանը՝ բուժքրոջ այցելությամբ: 1 տարեկանից բարձր երեխայի Պ. իրականացնում են ըստ բժշկ. ցուցումների: Երեխայի հիվանդության ժամանակ, եթե նրան բուժում են տանը, բժիշկը և բուժքույրը մորը սովորեցնում են նրան խնամել:

Պ. հոգեբուժ. օգնության կազմակերպման ձևերից է, երբ հանգիստ վարքագծով հիվանդները գտնվում են ընտանիքում՝ մշտապես լինելով դիսպանսերի կամ հիվանդանոցի հսկողության տակ: Հոգեկան հիվանդների Պ. կարևոր տարր է նրանց սոցիալ. վերականգնման համար: Հիվանդների Պ-ի ընտրությունը և դրանից դուրս գալը որոշում են հատուկ հանձնաժողովները: Պ. հատկապես արդյունավետ է այնպիսի դեպքերում, երբ ճշտորեն կատարում են բուժանձնակազմի խորհուրդներն ու հանձնարարականները:

Այլ դիսպանսերներում (ուռուցքաբան., հակատուբերկուլոզային ևն) Պ-ի նպատակը հիվանդների կողմից ռեժիմի պահպանման վրա հսկողության սահմանումն է և նրանց կյանքի պայմանների առողջացումը: Պ-ի հատուկ ձև է միայնակ և ծեր հիվանդների խնամքը, որն իրականացվում է«Կարմիր խաչի» բուժքույրերի միջոցով:

ՊԱՐԱՄԵՏՐԻՏ, տես Հարարգանդաբորբ:

ՊԱՐԱՆՈՑ, տես Մարդ հոդվածում:

ՊԱՐԱՊՐՈԿՏԻՏ. տես Հարոլղիղաղիքաբորբ:

ՊԱՐԱՍԻՄՊԱԹԻԿ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, տես Վեգետատիվ նյարդային համակարգ հոդվածում:

ՊԱՐԱՏԻՖԵՐ, տես Որովայնային տիֆ, պարատիֆեր հոդվածում: