Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՐԱՖԻՄՈԶ, տես Թլիպանեղացում հոդվածում:

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, պերիոդիկ հիվանդություն, հայկական հիվանդություն, պարոքսիզմային (նոպայական) բարորակ որովայնամզաբորբ, ընտանեկան միջերկրածովային տենդ, շճաթաղանթների (որովայնամիզ, կրծքամիզ) մակերեսային ասեպտիկ բորբոքում՝ բորբոքահեղուկային (էքսուդատիվ) ռեակցիայի գերակշռությամբ: Առավել հաճախ հանդիպում է Միջերկրածովյան ավազանի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում: Հիվանդանում են հատկապես հայերը, արաբները և հույները: Հիվանդությունն սկսվում է վաղ տարիքից: Ենթադրվում է, որ Պ. հ-յան հիմքում ընկած է ժառանգականությամբ պայմանավորված իմունաբան. գործընթացների (T- և B-լիմֆոցիտների համակարգի) խանգարումը, որը հանգեցնում է օրգանիզմի ինքնաալերգացման, նյութափոխանակության, ենթատեսաթմբի և ստորին մակուղեղ-երիկամային համակարգերի ֆունկցիաների ախտաբան. փոփոխությունների: Դրանք էլ պայմանավորում են շճաթաղանթների պարբերական բորբոքումը և ջերմաստիճանի բարձրացումը: Պ. հ. ընթանում է կլինիկ. 3 ձևով՝ որովայնային, կրծքային և խառը: Որովայնային ձևը բնորոշվում է սուր որովայնի կլինիկ. պատկերով, որի պատճառով հիվանդների գրեթե 50-60 %-ը վիրահատվում է: Կրծքային ձևն արտահայտվում է չոր կամ թաց կրծքամզաբորբի կլինիկ. և ռենտգենաբան. պատկերով: Խառը ձևի դեպքում որովայնային կամ կրծքային ձևերը նոպայի ընթացքում հաջորդում են միմյանց, երբեմն էլ առաջանում են միաժամանակ: Պ. հ-յան բոլոր ձևերին բնորոշ են քրոնիկ. կրկնվող ընթացքը, նոպայի ժամանակ ծանր վիճակը, տարբեր տևողության միջնոպային (ռեմիսիա) շրջանում՝ բավարար ինքնազգացումը, նոպաների նույնատիպությունը, անատոմ. արտահայտված փոփոխությունների բացակայությունը, ոչ առանձնահատուկ տեղաշարժերի միասնությունը, ամիլոիդոզի առաջացման հնարավորությունը, որը հանգեցնում է երիկամային անբավարարության: Որոշ գիտնականներ առանձնացնում են Պ. հ-յան հոդային և ջերմային ձևերը, սակայն դրանք վերջն. հիմնավորում չունեն: Հոդային երևույթները (հոդաբորբ, հոդացավ) ուղեկցում են Պ. հ-յան բոլոր ձևերին, երբեմն էլ նախորդում են Պ. հ-յան յուրահատուկ ախտանշաններին, սովորաբար չեն ուղեկցվում բարձր ջերմաստիճանային նոպայով (պարոքսիզմով), կարճատև են (2-3 շաբաթից մինչև 5-6 ամիս), չունեն նոպայաձև ընթացք: Ջերմային ձևի ժամանակ բացակայում է Պ. հ-յան առաջատար համախտանիշը՝ շճաթաղանթների բորբոքումը և ցավերը:

Բուժումը. հաճախակի նոպաների և բարդությունների (ամիլոիդոզ) կանխում, ընդմիջումների երկարացում: Կոլխիցին, նեյրոպլեգիկ, ցավամոքիչ, ապագերզգայնացնող դեղանյութեր, վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ, բուժ. ֆիզկուլտուրա:

ՀՀ-ում Պ. հ-յան կլինիկայի հարցերով զբաղվել են Լ. Հովհաննիսյանը, Վ. Ավագյանը, Ա. Այվազյանը, Վ. Աստվածատրյանը և ուրիշներ: 1964-ին Երևանի 1-ին կլինիկ. հիվանդանոցում հոսպիտալային թերապիայի կլինիկայում հիմնվել է Պ. հ. և ամիլոիդոզների ԳՀ պրոբլեմային լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվել են Պ. հ-յան պատճառագիտության և ախտածնության հարցերը՝ իմունաբան., կենսաքիմ., նյարդաբան., ներզատաբան, և գենետիկ. տեսանկյուններով: Վերջին 20 տարիներին Վ. Աստվածատրյանը և աշխատակիցները հիմնականում զբաղվում են երեխաների Պ. հ-յան հիմնահարցերով:

ՊԱՐԿԻՆՍՈՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, դողացող լուծանք, կենտր. նյարդային համակարգի քրոնիկ. առաջադիմող հիվանդություն: Բնորոշվում է շարժող. ֆունկցիաների խանգարմամբ: 1-ինը նկարագրել է (1817) անգլ. բժիշկ Ջ. Պարկինսոնը: Հիվանդանում են հիմնականում տարեց տղամարդիկ: Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է: Պ. հ. սովորաբար առաջանում է գլխուղեղի ենթակեղևային հանգույցների ախտահարումից՝ վերջիններիս բջիջների դանդաղ քայքայման հետևանքով: Պատճառներն են գլխուղեղի բորբոքումը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, շմոլ գազով կամ մանգանով թունավորումը, ռեզերպինի և այլ դեղանյութերի երկարատև (առանց հսկողության) օգտագործումը:

Հիվանդության պատճառը երբեմն հնարավոր չէ պարզել: Պ. հ. պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության արգասիք) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի միջնորդանյութերի հիմն. համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման:

Հիվանդության ընթացքում շարժումները դանդաղում են, մկանները լարված են, դեմքը դառնում է դիմականման, քայլվածքը՝ մանրաքայլ: Նկատվում է թքահոսություն, ընդհանուր կաշկանդվածություն: Հիվանդը դժվարությամբ է հագնվում, կոճակները կոճկում: Բնորոշ է սկզբում ձեռքերի, ապա՝ գլխի և ոտքերի դողը, որը սովորաբար սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, և պակասում է շարժվելիս, իսկ քնած ժամանակ՝ անհետանում: Հեշտ է քայլում, եթե հատակի վրա կան կողմնորոշիչ նշաններ (օրինակ՝ գունավոր կամ գծավոր հատակ ևն): Բժշկի խորհրդով՝ տնային պայմաններում հիվանդներին կարելի է սովորեցնել մկանների լարվածությունը վերացնել տարբեր վարժությունների օգնությամբ, որոնք ավելի լավ է սկսել տաք ջրում (թուլացնում է մկանները): Օգտակար են ձեռքերի, ոտքերի և մարմնի թեթև մարմնամարզ. վարժությունները, ճշգրիտ շարժումները, մարզումը (կարելի է մանկ. խորանարդիկներ դասավորել ևն): Անհրաժեշտ է հիվանդներին սովորեցնել, որ իրենց սպասարկեն, նույնիսկ եթե դա շատ դժվար է, և որոշ տնային գործեր կատարեն: Դեղանյութերն ընդունեն միայն բժշկի խորհրդով և նրա հսկողությամբ:

Նախընտրելի են կաթնեղենը, բուս. սնունդը, պետք է սահմանափակել միսը, ձվի դեղնուցը, խուսափել տապակած կերակրատեսակներից:

Պ. հ-յան դրսևորումները բավականին երկար ժամանակ չեն խանգարում մասնագիտ. գործունեությանը, առանձնապես մտավոր աշխատանքով զբաղվողներին: Երբ մկանների դողը և կաշկանդվածությունն այնքան են ուժեղանում, որ հիվանդն անկարող է աշխատել, ապա կարելի է փոխադրվել ավելի թեթև աշխատանքի: Շատ կարևոր է շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը, ընթերցանությունը ևն:

ՊԱՐՕԴՈՆՏԻՏ, տես Հարատամնաբորբ:

ՊԱՐՕՏԻՏ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ, տես Խոզուկ:

ՊԵԴԻԿՅՈՒՐ, տես Եղունգներ հոդվածում:

ՊԵՊԵՆՆԵՐ, մանր, դեղնադարչնագույն, կլորավուն բծեր. առաջանում են հիմնականում մարմնի բաց հատվածների, ավելի հաճախ՝ դեմքի, ձեռքերի վրա: Սովորաբար ի հայտ են գալիս 5-6 տարեկանում: Պ. խիստ շատանում են գարնանը և ամռանը՝ արևի ճառագայթների ազդեցությունից: Հիմնականում գոյանում են մաշկի մակերեսային շերտերում մելանինի օջախային ավելացումից՝ վեգետատիվ