Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդյունավետությունը, տուժում են մարդիկ և նրանց հոգեկանը: Այդպիսի իրադրությունների կանխման բանալին հաղորդակցության կուլտուրայի բարձրացումն է, փոխօգնությունը և փոխմբռնողությունը, ընկերների նկատմամբ հարգանքը, բարյացակամությունը: Դա հավասարապես վերաբերում է ինչպես հավասար դիրք զբաղեցնող աշխատակիցներին, այնպես էլ ղեկավարներին և ենթականերին: Հաղորդակցության կուլտուրայում կարևոր նշանակություն ունի ինքնատիրապետումը, իր վատ տրամադրությունն ուրիշներին ցույց չտալու ունակությունը, ապրումները հարևանի ապրումների հետ համեմատելու, նրբանկատորեն համադրելու ունակությունը, չանել և չասել այն, ինչը տհաճ է մյուսների համար: Բարեկիրթ մարդիկ, որոնք կարողանում են վերահսկել իրենց վարքը, հաղորդակցվելիս մեղմաբարո են և հաճելի, աշխատանքում ստեղծում են անհրաժեշտ միկրոկլիմա, որը նպաստում է լավ տրամադրությանը և խնայում շրջապատողների հոգեկանը: Հետևաբար, մի շարք դեպքերում, երբ հաստատված է լարվածության աղբյուրը (և եթե դա կապված է 1 մարդու հետ), և դաստիարակչ. միջոցառումներն արդյունք չեն տալիս, հարկավոր է կոլեկտիվն ազատել այդպիսի աշխատակցից:

Մարդկանց հարաբերություններում մեծ նշանակություն ունեն նրանց բարոյական սկզբունքները: Դրանք սերտորեն միահյուսված են հույզերի, կամքի, բանականության ևնի հետ: Համաչափ զարգացած անձի ձևավորումը սկսվում է վաղ մանկ. տարիքից: Երեխայի մոտ բարության, կարեկցանքի, հոգատարության, հիվանդին և թույլին օգնելու ձգտման, երախտագիտության, համեստության զարգացումը արդյունք է հոգեկան և բարոյական դաստիարակության (տես Երեխայի հոգեկան զարգացումը): Համբերության, կայունության, կարգ ու կանոն ստեղծելու, իր գործողությունները հաջորդաբար կազմակերպելու ունակության, ստեղծագործելու ձգտման, ավերելու հանդեպ վախի զգացման, նպատակաուղղված գործելու ունակության զարգացումը արդյունք է կամային և բարոյական դաստիարակության: Մտավոր կարողությունների զարգացումը, դրանց մարզումը բանական և կամային դաստիարակության արդյունք են: Երեխայի աճմանը զուգընթաց նվազում է նրա վրա շրջապատող միջավայրի ազդեցությունը. մարդն իր որոշումներում և արարքներում դառնում է ավելի անկախ ստիպողական հրահանգներից: Այդ շրջանում աճում է ինքնադաստիարակման նշանակությունը, որը պայմանավորված է մանկ. տարիքում դրված բարոյական հիմքերով: Ինքնադաստիարակումը հասարակության պարտադիր պահանջն է յուրաքանչյուր մարդու հանդեպ, որովհետև ոչ մի հաս. դաստիարակություն սպասված արդյունքը չի տալիս առանց անհատի՝ իր արարքներն ընդունված նորմերի հետ համադրելու ձգտման:

Անձնային որակների կատարելագործումը նաև հոգեպես առողջ մարդու դաստիարակության արդյունք է: Այդպիսի մարդը կարող է զսպել բացասական հույզերը, խնայել շրջապատողներին, նրան բնորոշ չեն եսասիրությունը, ագահությունը, ընչաքաղցությունը, նա ընդունակ է կարեկցելու և հոգատարության: Այդ որակները ապահովում են նրա հանդեպ շրջապատողների հարգանքն ու սերը: Իրեն և իր հնարավորությունները ճիշտ գնահատելու կարողությունը պահպանում է անօգուտ հավակնություններից, ապրումներից և հիասթափություններից: Աշխատանքի հանդեպ սերը, բարեխղճությունը, ջերմեռանդությունը ապահովում են անձն. բավարարվածությունը: Հաստատակամությունը, համբերությունը և ինքնահսկումն օգնում են հաղթահարել կյանքի անխուսափելի դժվարությունները: Հոգեկան երջանկության համար խիստ կարևոր նշանակություն ունի ինքնակարգապահությունը: Ինքնատիրապետման ընդունակ մարդն ընդհարումներ չի ստեղծում, իսկ առաջացման դեպքում նպաստում է դրանց վերացմանը:

Պ. անբաժանելիորեն կապված է ամուսնության հիգիենայի (տես Սեռական կյանք) և սեռական դաստիարակության հետ: Հաջող ամուսնություն չի լինում առանց հոգեկան մաքրության, նրբազգացության, բարության, սիրո և հոգատարության:

Պ-ի նորմերի պահպանումն անհրավեշտ պայման է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզ. առողջության համար: Դա կանխում է հոգեկանի ֆունկցիոնալ խանգարումները, հոգեկան հյուծվածությունը, վաղաժամ ծերացումը: Հետևաբար, չի կարելի խոսել Պ-ի մասին այն ժամանակ, երբ հոգեկանի նյութ. հիմքը՝ մարդու գլխուղեղը, ենթարկվում է ուժեղ ներգործող և թունավոր նյութերի ազդեցությանը: Ալկոհոլի չարաշահումը, առանց անհրաժեշտության կամ համապատասխան բժշկ. հսկողության հոգեկանի վրա ազդող դեղանյութերի (հանգստացնող, գրգռող) օգտագործումը խանգարում են քնի, հանգստի, աշխատանքի ռեժիմը: Հոգեկանը վնասող այդ գործոնների բացառումը Պ-ի պարտադիր պահանջն է:

Էական նշանակություն ունեն մտավոր աշխատանքի Պ. (տես Հիգիենա մտավոր աշխատանքի) և ուսուցման Պ.: Վերջինս պայմանների և կանոնների ժողովածու է, որը հնարավորություն է տալիս սովորել առավելագույն հաջողությամբ և նվազագույն կորուստներով: Ուսանելիս ամենամեծ բեռնվածությունն ընկնում է հոգեկան ոլորտի, բանական, կամային, հուզ. ֆունկցիաների, ինչպես նաև տեսողության և լսողության օրգանների վրա: Երկարատև նստած դիրքը հանգեցնում է մկանային համակարգի միայն մի մասի բեռնվածության: Այս բոլորը խորանում են փակ շինություններում թթվածնի բացակայությունից, շնչառության ծավալի նվազումից, թոքերի վատ օդափոխությունից: Ուստի հաջող ուսուցման հիմն. պայմաններն են հոգեկան բեռնվածության համաչափությունը, աստիճանականությունը, բազմազանությունը և ուժերին համապատասխանությունը՝ ֆիզիկականի հետ խելամիտ զուգակցմամբ: Այդ պայմանները հարկավոր է պահպանել միշտ, հատկապես ուսուցման սկզբում, երբ ստեղծվում է պարապմունքների կանոնավոր ստերեոտիպ: Որքան երիտասարդ է տարիքը, այնքան քիչ է կենտրոնացման և միատեսակ աշխատանք կատարելու ունակությունը: Երեխան շարժուն է, հեշտությամբ շեղում է ուշադրությունը: Ծնողներն ու ուսուցիչները պետք է հաշվի առնեն երեխայի այդ առանձնահատկությունները և պարապմունքները դարձնեն բազմազան: Օրինակ՝ չի կարելի ուժով երեխայի շարժունությունը սահմանափակել. որոշակի ընդմիջումներում երեխան պետք է թռչկոտի, աղմկի, որից հետո վերադառնա դասերին: Խորհուրդ չի տրվում նրան ստիպել նույն առարկայով երկար զբաղվել, հոգնելիս ավելի լավ է երեխայի ուշադրությունը շեղել ուրիշ բաների վրա՝ առաջարկել մարզանք կատարել, բանաստեղծություններ կարդալ, երգել ևն: Օգտակար է նաև ուս. պարապմունքներն ընդմիջել ֆիզ. վարժություններով: Տարեցտարի ուսուցման ընթացքում աճում է միատեսակ և անհավասարաչափ ուժգնությամբ պարապմունքների հանդեպ ունակությունը: Բայց հավասարաչափության, բազմազանության և ուժերին համեմատ բեռնվածության պահանջը պետք է պահպանվի անպայմանորեն: Անհավասարաչափությունը պարապմունքներում բացասաբար է ազդում մտավոր կարողությունների զարգացման վրա: Նյութի ավելցուկը, որի յուրացման համար պահանջվում է միայն հիշողություն և ոչ թե ըմբռնողություն, զարգացնում է հիշողությունը, բայց նվազեցնում է մտավոր մյուս կարողությունները: