Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթամաշկային ճարպաշերտի ավելացում մաշկը վարդագույն է, մարմնի վրա աղվամազերը քիչ են: Այդ ժամկետում ծնված Պ. կենսունակ է: Մանկաբարձ. 10-րդ ամսվա վերջին (համապատասխանում է օրացուցային 9 ամսի) Պ-ի երկար. հասնում է 50 սմ, քաշը՝ 3200-3500 գ: Այդպիսի Պ. համարվում է հասուն և պատրաստ է զարգանալ մոր օրգանիզմից դուրս:

Ներարգանդային գոյությունը պայմանավորում է Պ-ի կենսագործունեության որոշ առանձնահատկությունները: Նրա գլխուղեղի կեղևը լրիվ զարգացած չէ, Պ-ի օրգանիզմի կարևոր ֆունկցիաները (սնուցում, շնչառություն, արտազատ. ֆունկցիա) կարգավորվում են ողնուղեղի կողմից և սերտորեն կապված են ընկերքի հետ: Ընկերքը Պ-ին միացած է պորտալարի միջոցով, որի արյունատար անոթներով մոր օրգանիզմից ներմուծվում են նրա աճման ու զարգացման համար անհրաժեշտ սննդանյութեր (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), թթվածին, և արտազատվում Պ-ի փոխանակության նյութերը: Բնական է, որ ընկերքի ֆունկցիայի խանգարումը հղի կնոջ որոշ հիվանդությունների ժամանակ (սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ, վարակիչ հիվանդություններ, տոքսիկոզներ), ինչպես նաև ոչ ճիշտ սնուցումը, ռեժիմի խանգարումները, շրջապատող միջավայրի վնասակար գործոնները (քիմ. արդ-յան թունավոր նյութերը, թրթռումը, ճառագայթումը), ալկոհոլի օգտագործումը, ծխելը ևն բացասաբար են անդրադառնում սաղմի և Պ-ի զարգացման վրա, հատկապես հղիության վաղ շրջաններում (1-ին 3 ամսում): Այդ շրջանում առավել հաճախ են առաջանում Պ-ի զարգացման տարբեր խանգարումներ, որոնք արտահայտվում են Պ-ի թերզարգացմամբ՝ ընդհուպ մինչև այլանդակությունները (տես Բնածին արատներ): Դրանք երբեմն