Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճանի ընդգրկույթում: Մարմնի ջերմաստիճանի նվազումը՝ 36°C-ից, կամ բարձրացումը՝ 40-41°C-ից, վտանգավոր է և կարող է ծանր հետևանքներ ունենալ օրգանիզմի համար (տես Սառեցում, Ջերմահարություն): Եթե որևէ ձևով լրիվ դադարեցվի ջերմատվությունը, ապա մարդը 4-5 ժ հետո կմահանա գերտաքացումից:

Ջերմագոյացման և ջերմատվության միջև անհրաժեշտ հաշվեկշիռը պահպանվում է կենտրոնական նյարդային համակարգի միջոցով: Մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկություն է հաղորդվում ծայրամասային և կենտր. ջերմաընկալիչներից, որոնցից մի քանիսն ընկալում են ջերմաստիճանի բարձրացումը, մյուսները՝ նվազումը: Արտաքին (ծայրամասային) ընկալիչները տեղադրված են մաշկում և արձագանքում են հիմնականում շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությանը: Կենտր. ընկալիչները գտնվում են գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հատվածներում և արձագանքում են օրգանիզմի ներքին միջավայրի, մասնավորապես՝ նյարդային կենտրոնները ողողող արյան ջերմաստիճանի փոփոխությանը:

Ջ-ման գործընթացում կարևոր նշանակություն ունի ներզատիչ համակարգը, որը գտնվում է կենտր. նյարդային համակարգի հսկողության տակ: Վահանագեղձի հորմոնները բարձրացնում են փոխանակության գործընթացների ուժգնությունը, հետևաբար և ջերմագոյացումը, իսկ մակերիկամների հորմոնները խթանում են օքսիդացման գործընթացները, նեղացնում մաշկային անոթները և փոքրացնում ջերմատվությունը:

Մարդը կարող է գիտակցաբար նպաստել ջերմակարգավորիչ մեխանիզմներին, որի համար անհրաժեշտ է եղանակին համապատասխանող հագուստ հագնել: Դա հատկապես կարևոր է փոքր երեխաների համար, որոնց Ջ-ման մեխանիզմները դեռևս կատարելագործված չեն: Նրանց օրգանիզմի չափից ավելի սառեցում կամ գերտաքացում կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի այնպիսի ջերմաստիճանում, որը չի ազդում հասուն մարդու օրգանիզմի վրա: Տես նաև Ջերմաստիճան մարմնի:

ՋԵՐՄԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ջերմային տենդ, հիվանդագին վիճակ, առաջանում է օրգանիզմի ընդհանուր գերտաքացման հետևանքով և պայմանավորված է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ: Տաք արտադրամասերում աշխատելը, երկարատև արշավներն ու երթերը, շոգ եղանակին հաստ, անօդաթափանց հագուստ հագնելը նպաստում են Ջ-յանը: Առողջ մարդը սովորաբար լավ է հարմարվում օդի ջերմաստիճանի փոփոխությանը, քանի որ օրգանիզմն օժտված է ջերմակարգավորման ունակությամբ՝ հատկապես քրտնարտադրության հաշվին: Ջ. առաջանում է, որովհետև գերտաքացման և ուժեղ քրտնարտադրության ժամանակ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, արյունը խտանում է, խանգարվում է աղային հավասարակշռությունը: Դա հանգեցնում է հյուսվածքների, մասնավորապես գլխուղեղի, թթվածնաքաղցի: Երեխաների (հատկապես կրծքի տարիքի), տարեց մարդկանց և անկայուն վեգետատիվ նյարդային համակարգ ունեցող անձանց ջերմակարգավորումը կատարյալ չէ: Այն դժվարանում է օդի բարձր խոնավությունից, որի ժամանակ քրտնարտադրությունը խանգարվում է: Ջ-յան 1-ին ախտանշաններն են թուլությունը, ջարդվածությունը, սրտխառնոցը, գլխացավը, գլխապտույտը: Հետագա գերտաքացման դեպքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40°C, նկատվում է փսխում, երբեմն՝ ուշագնացություն, ջղաձգություններ: Մինչև բժշկի գալը տուժածին պետք է պառկեցնել ստվերում կամ լավ օդափոխվող սենյակում: Գլխի և խոշոր անոթների շրջանում (պարանոցի կողմնային մակերևույթին, անութային, աճուկային) հատվածներում դնել սառույց (կամ սառը ջուր): Օգտակար է հիվանդին թաց սավանով փաթաթելը, օդափոխիչ միացնելը:

Արևահարությունն առաջանում է բաց գլխի վրա արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Ախտանշանները և 1-ին օգնությունը նույնն են, ինչ Ջ-յան դեպքում: Ջ-ից և արևահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել տաք արտադրամասերում և այլ շոգ շինություններում աշխատելու կանոնները: Շատ կարևոր է ճիշտ խմելու ռեժիմը: Ոչ մուգ թեյի և այլ հեղուկների օգտագործումը պահպանում է ջրաաղային հավասարակշռությունը և կասեցնում հեղուկի հեռացումն օրգանիզմից: Տաք եղանակին ալկոհոլի ընդունումը հանգեցնում է ջերմակարգավորման կտրուկ խանգարումների և նպաստում Ջ-յան առաջացմանը: Երկարատև արշավների և երթերի ժամանակ հագուստը պետք է լինի թեթև, օդաթափանց, գլուխը՝ ծածկած: Անհրաժեշտ է շոգ եղանակին զգույշ լինել նաև լողափին: Տես Օդային և արևային լոգանքներ:

ՋԵՐՄԱՉԱՓ բժշկական, մարդու մարմնի ջերմաստիճանը չափելու սարք: Բաղկացած է սնդիկով լցված ապակե խողովակից և նրա շարունակությունը կազմող սանդղակին ամրացված մազախողովակից: Վերջինս հնարավորություն է տալիս չափել մարմնի ջերմաստիճանը 35-42°C տիրույթում (0,1°-ի ճշգրտությամբ): Չափելիս սնդիկը տաքանում է և դուրս մղվում մազախողովակի մեջ՝ մինչև ջերմաստիճանին համապատասխանող նշագիծը: Մազախողովակի և լայնացած մասի միջև կա արգելք, որը խոչընդոտում է սնդիկի հետշարժումը, և Ջ. ցույց է տալիս առավելագույն ջերմաստիճանը: Չափելուց հետո Ջ. պետք է զգուշորեն թափահարել (որպեսզի սնդիկը ներքև իջնի), կոտրվելիս անհրաժեշտ է սնդիկը հավաքել և բնակարանից դուրս տանել, քանի որ գոլորշիները վնասակար են:

Մարմնի ջերմաստիճանը չափելու համար Ջ. դնում են անութափոսում (նախապես լավ չորացրած), երբեմն՝ աճուկային ծալքում, բերանում կամ ուղիղ աղիքի մեջ (այս դեպքում բժիշկը կամ բուժքույրը բացատրում են օգտագործման կանոնները): Անհրաժեշտ է հետևել, որ Ջ. ճիշտ դրվի (հատկապես երեխաների, տարեց մարդկանց, անհանգիստ հիվանդների մոտ) և թեթևակի բռնել (ոչ ճիշտ դիրքի դեպքում ավելի ցածր ցույց կտա):

Ջերմաստիճանը չափում են 7-10 ր տևողությամբ, սովորաբար՝ առավոտյան (ժ 7-9-ին) և երեկոյան (17-19-ին), իսկ որոշ դեպքերում՝ ավելի հաճախ: Ցուցմունքը նշվում է թղթի վրա, որը կարևոր է ջերմաստիճանի տատանումները պարզելու համար (տես Տենդ):

Ջ. տանը պետք է պահել հատուկ տուփի մեջ, օգտագործելուց առաջ մաքրել սպիրտով կամ օդեկոլոնով թրջած բամբակով, անհրաժեշտության դեպքում՝ լվանալ:

Զանգվածային հետազոտությունների ժամանակ պոլիկլինիկաներում օգտագործվում է բժշկ. էլեկտր. Ջ.՝ մաշկածածկույթների, փափուկ հյուսվածքների և մարմնի խոռոչների ջերմաստիճանը չափելու համար:

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ՄԱՐՄՆԻ, մարդու և կենդանիների օրգանիզմների ջերմային վիճակի ցուցանիշ, որը տարբեր օրգանների և հյուսվածքների ջերմարտադրության, ներքին ու արտաքին միջավայրերի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է: Տարբերում են օրգանիզմի ներքին միջավայրի և մաշկածածկույթների ջերմաստիճաններ: 1-ինը խիստ տարբեր է և կախված է կոնկրետ որևէ օրգանում ընթացող կենսաքիմ. գործընթացների ուժգնությունից: Ամենաբարձր ջերմաստիճանն ունի սարդը (մոտ 38°C): Ներքին օրգանների ջերմաստիճանը զգալիորեն